Ժամանակի վկան

Եթե նորից մասնագիտություն ընտրելու լինեմ, ապա կընտրեմ մանկավարժությունը․ Կարինե Եսայան․ «Ժամանակի վկան»

Կրասնոդար կատարածս կարճատև այցի ընթացքում՝ սույն թվականի մայիսի 20-24-ին, ծանոթացա նաև Կրասնոդարի երկրամասի Ռուսաստանի հայերի միության կրթության բաժնի վարիչ Կարինե Եսայանի հետ։ Ձայնագրությունը կատարվել է Կրասնոդարի «Վարդանյան» կրթամշակութային կենտրոնի շենքում։

Կրասնոդարում ճանաչված մանկավարժ, հայերենի ուսուցչուհի Կարինե Ալբերտովնան արդեն երեք տասնամյակ ուրույն ջանքեր է գործադրում հայ համայնքում մաշտոցյան ոսկեղենիկ լեզուն տարածելու, ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ։ Տարիների ընթացքում դասավանդման մեծ փորձ ձեռք բերելուն զուգընթաց հմուտ ուսուցչուհին հետզհետե տիրապետել է նաև հայրենիքից դուրս, այլ երկրում բնակվող հայերին մայրենի լեզուն դասավանադելու առանձնահատկություններին։

Ինքնություն մշակել է նոր ծրագրեր, կիրառել ուսուցման այնպիսի եղանակներ ու մեթոդներ, որոնք հարմարեցրել է բնակության վայրի առանձնահատկությունների հետ, որոնք բնականաբար ենթադրում են աշխատանքային յուրատեսակ մոտեցումներ։Ձեռք բերած հաջողություններով չբավարարվող, շարունակ ստեղծագործական ու աշխատանքային նորանոր գործիքակազմի փնտրտուքով մտահոգ ուսուցչուհին երկու տարի առաջ նոր ծրագիր կազմեց, որը ներառում է Հայաստանի պատմությունը, մշակույթը և սովորությունները։

Կարինե Ալբերտովնան իր մշակած ծրագրերով ուսուցանում է ռուսական պետական ծրագրերով աշխատող դպրոցում, որտեղ ձևավորված խմբերում գործում է տարիքային հստակ բաժանման սկզբունքը։ Փորձառու մանկավարժը ոչ միայն կրթական ծրագրերի, այլև մի քանի դասագրքերի և աշխատանքային տետրի հեղինակ է։ Տարիների համագործակցությունը ՀՀ պետական գերատեսչությունների՝ Սփյուռքի, Կրթության, գիտության ու սպորտի նախարարությունների հետ, նպաստավոր է եղել ռուսական միջավայրում հայեցի կրթության ամրապնդման համար։

Վերջին մի քանի տարիներին ՀՀ-ում կատարված գերատեսչական փոփոխությունները, հայոց լեզվի, պատմության և մշակույթի նկատմամբ անտարբեր, եթե չասենք՝ կործանարար քաղաքականությունը, բացասաբար են ազդել նաև համայնքային կրթության վիճակի վրա։7․ Հայոց լեզվի ուսուցման ոչ ուղղակի սահմանափակումներ նաև Ռուսաստանի Դաշնության պետական քաղաքականության մեջ։

Կրասնոդարի երկրամասի Ռուսաստանի հայերի միության կրթության բաժինը ժամանակավոր դադարից հետո նոր ծրագրերով ու հետաքրքրիր նախաձեռնություններով կրկին լծվել է աշխատանքի փորձառու և բանիմաց մանկավարժ Կարինե Եսայանի ղեկավարությամբ։ Հավելեմ, որ Կարինե Ալբերտովնան այս բաժինը ղեկավարում է 2012 թվականից։ Բացի պետական դպրոցներում եղած այս ծրագրերից, քաղաքում գործում են նաև հայոց լեզվի մասնավոր դասընթացներ։ Հետաքրքրվեցի նաև, թե ինչպե՞ս են լուծում մասնագետ-ուսուցիչների պատրաստման, սերնդափոխության հարցերը։

Կարինե Եսայանը 46 տարվա մանկավարժական փորձ ունի և, երբևէ, չի մտածել այլ մասնագիտություն ընտրելու մասին։ Հայ երեխաներին դասավանդել հայոց լեզու, պատմություն, մշակույթ ու քննարկման առարկա չդարձնել հայրենիքում կատարվող մերօրյա իրադարձությունները, անհնար է։ Մանավանդ, որ օտարության մեջ յուրաքանչյուր հայ ուսուցիչ ունի հայ փոքրիկներին ուծացումից փրկելու առաքելություն։ Կարինե Ալբերտովնան մեր զրույցն ամփոփեց իր մեծ հավատով միահյուսված թումանյանական պատգամով։

Ցուցադրել ավելի
Back to top button