ԿարևորՀասարակություն

Հարմար, բայց վտանգավոր. բացօթյա առևտուրը չի վերահսկվում

Ամռան ամիսներին մեծանում է սննդային թունավորումերի առաջացման և տարածման վտանգը։ Ռիսկային է հատկապես  սննդամթերքի բացօթյա վաճառքը, որի դեպքում չի բացառվում սննդամթերքի մանրէային երկրորդային աղտոտումը, որն էլ կարող է աղիքային վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների պատճառ դառնալ։

«Սիգաները սառեցված չենք վաճառում, վաճառում ենք թարմ վիճակում։ Մաքրում, լվանում ենք, առևտուր է, մի օր լավ կլինի, մի օր վատ»։

Բակերում, փողոցներում, մեքենաների բեռնախցիկներից մթերքի վաճառքը,  թվում է , հարմար է մշտապես զբաղված տնային տնտեսուհիներին։ Մինչդեռ դրա վտանգները, հաճախ նաև անդառնալի հետևանքները ոչ բոլորն են գիտակցում։  Երևանյան բակերում գրեթե ամեն քայլափոխի կարելի է հանդիպել, այսպես կոչված, շրջիկ շուկաների։  Իսկ ավանդական շուկաների տարածքում իրենց մշտական անկյունն ունեն որևէ ծառի տակ ձկնեղեն վաճառող միջին տարիքի կանայք, որոնք ամեն անցնող-դարձողի համոզում են  գնել ձկները՝ երաշխավորելով  դրանց անզուգական համն ու բարձր որակը։

«Մաքուր վիճակում են ձկները, սառույցը դնում ենք ձկների տակ, ընդամենը 30-40 հատ են, շուտ վաճառվում են։ 200 դրամ է, էժան է, դրա համար էլ ժողովուրդն առնում է»։

Մինչ առևտրականները գովում են իրենց թարմ ու էժան մթերքը, մասնագետները հորդորում են հեռու մնալ անհայտ ծագման կամ պարզապես դրսում՝  բաց երկնքի տակ  վաճառվող մթերքից, հատկապես արագ փչացող տեսակներից։ Սննդագետ Դավիթ Պիպոյանը անգամ հնարավոր հետևանքների մասին է զգուշացնում։

«Փողոցային առևտուրը վտանգավոր է տարին 12 ամիս։  Պարզապես քանի որ ձմռանը Հայաստանում ցածր ջերմաստիճանային պայմաններ են, իսկ ամռանը շատ բարձր, այդ ռիսկերը մի քանի անգամ բազմապատկվում են։ Բայց այնպես չէ, որ սառը եղանակին կարելի է առանց համապատասխան հսկողության իրականացնել սննդամթերքի իրացում՝ մասնավորապես կենդանական ծագման։  Փողոցում հաճախ նաև կենդանական ծագման մթերք է իրացվում,  որից շատերը արագ փչացող են, դրան գումարած արևի ուղիղ ճառագայթները։ Նաև բարձր է խաչաձև աղտոտման վտանգը, մանրէները անարգել բազմանում են, և բնականաբար մարդկանց թունավորման և տարբեր վարակների պատճառ դառնում»։

Բոլոր վտանգներից լավատեղյակ են նաև հենց իրենք՝ վաճառողները, ու թերևս հենց դա է պատճառը, որ շատերը խուսափում են մեր տեսախցիկից ու շտապում թաքցնել արկղերի մեջ դասավորված ձկնեղենը։ 

Բացօթյա շուկաներում մսամթերքը նաև սառնարանային պայմաններում է վաճառվում, սակայն ինչպես նկատում է զրուցակիցս, միայն սառնարանի առկայությունը անվտանգության երաշխիք չէ։

«Բազմակի դեպքեր են եղել, երբ գնացել, տեսել ենք սառնարանում միսը դրված է, բայց միացված չի եղել։ Այսինքն՝ շատ կարևոր է , որ մենք համոզված լինենք, որ այդ սառնարանը միացված է, ներսում ջերմաստիճանը պահպանվում է»։

Ոչ պակաս վտանգավոր են նաև կաթնամթերքն ու ձուն, դարձյալ բացօթյա շուկաներում։ Առհասարակ կենդանական ծագման ցանկացած մթերք դրսում այս ջերմաստիճանին անգամ մեկ ժամ մնալուց հետո կարող է անդառնալի հետևանքներ ունենալ օրգանիզմի համար, ահազանգում է համաճարակաբան  Գրիգոր Գրիգորյանը։

«Բացարձակապես արգելված է ձուկը, ձկնամթերքը վաճառել ջերմային ռեժիմի խախտումով։ Ձուկը և ծովամերքը համարվում են ամենաարգ փչացողը։ Դրանց վտանգը կայանում է նրանում, որ նույնիսկ ջերմային ռեժիմի խախտումից հետո եթե այն սառեցնենք, այդ տոքսինները դրանց մեջ պահպանվում են»։

Քանի որ շուկան չի վերահսկվում, մասնագետները պարզապես խորհուրդ են տալիս՝ զերծ մնալ բացօթյա գնումներից՝   դրանով իսկ հեռու պահելով ընտանիքի անդամներին թունավորվելու մեծ ռիսկից։

Back to top button