Արմատներ

Մշո առավոտը երգերի մեջ․ «Արմատներ»

Մշո մի անուշ առավոտի մասին երգ է հորինել աշուղ Գևորգ Գրիգորյանը, բայց մինչև այս հարսանեկան երգի տարածվելը Մշո դուրան դաշտի ու մշուշ սարերի, Մշո հարս ու աղջիկների մասին բազմաթիվ երգեր կային, որ արժե իմանալ, արժե հատ-հատ վերհիշել:

Ովքեր երբևէ տեսել են Մշո դաշտի առավոտը, երբեք չեն մոռանա, թե ինչպես է քաղաքի թիկունքը պահող սարերի ետևից արևը բարձրանում ու քաղաքն ասես ընկղմվում է թեթև մշուշի մեջ, ու հենց որ կիսավեր սուրբ Մարինեի մոտից նայում ես դեպի Գևորգ Չաուշի ենթադրյալ գերեզմանատեղին ու մտովի Մշո մշուշ սարերից անցնում ես դեպի Սասնա ապառաժները, սկսում ես հիշել Մուշի հետ կապված բոլոր երգերը։

Իսկ վերջում գլխիդ մեջ խառնվում են Չաուշի ու էս տեղանքի կռիվների մասին պատմող բոլոր երգերը, ու ոչ թե տխրում ես, այլ սարսռում ես, որ էդ զմրուխտ կանաչի տեղը, էդ դաշտի ու գույնզգույն արևելյան սրճարանների տեղում գյուղեր էին, Սուլուխը, Ցրոնքը, որոնց անունները երգերից գիտենք։

Այս երգերն ինչ-որ ժամանակ առօրյա պահանջմունք էին, որ բացվող առավոտի, օրվա բան ու գործի նման իրենց հերթականությունն ու նշանակությունն ունեին: Առաջ սրանք հասարակ մարդկանց, սովորական երգ ասողների սեփականությունն էին, ու ոչ ոք չէր կարևորում, թե ով հորինեց, ով առաջինը, երգեց, որտեղ, ինչու, ինչ առիթով, իսկ հիմա սրանք հիմնականում հատուկ միջոցառումների ժամանակ կարող ենք լսել, այն էլ տարատեսակ մշակումներով ու մեկնաբանություններով՝ Մշո կամ Տարոնի օրորը։

Ցուցադրել ավելի
Back to top button