Էվոլյուցիա

Հայաստանն աշխարհից արագ է տաքանում․ ի՞նչ կփոխի ապագայի եղանակը․ «Էվոլյուցիա»

Միլիարդավոր տարիներ առաջ եղանակի գլոբալ տաքացումը լավագույնն էր, որ պատահեց մեր մոլորակի կենսաբազմազանության հետ։ Դա այն ժամանակն էր, երբ երկիրը սառցե դարաշրջան էր ապրում։ Երկիր մոլորակը սկսեց ինքնուրույն և հավասարաչափ տաքանալ և սառել այնքան ժամանակ, մինչև չհայտվեց մարդն ու որոշեց միջամտել։

Սառցե դարաշրջանի ավարտից հետո երկիր մոլորակն ու Արեգակը կարծես ձեռք էին բերել պայմանավորվածություն․ Արեգակը ջերմություն էր տալիս մոլորակին, այն պայմանով, որ մոլորակը նույնչափ ջերմություն պիտի հետ վերադարձներ նրան։ Այս օրինաչափությունը եկավ խախտելու մարդը, մասնավորապես 18-րդ դարից սկսած, երբ արդյունաբերությունն սկսեց զարգանալ։

Արդյունաբերական հեղափոխության արդյունքում նավթը և գազը լայն կիրառություն ստացան, մթնոլորտ սկսեց արտանետվել նորմայից շատ ածխաթթու գազ, կուտակվել և վերածվել ջերմոցային գազերի։ Արդյունքում՝ երկիրը սկսեց նորմայից շատ տաքանալ և սկսվեց, այսպես ասած, գլոբալ տաքացման ժամանակաշրջանը։

«Գլոբալ տաքացումը գլոբալ խնդիր է և գլոբալ լուծումներ է պահանջում, այստեղ միայն Հայաստանի քայլերը շատ քիչ են, գրեթե անօգուտ, համաշխարհային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի, սա արդեն շատ նեղ մասնագիտական է, բացատրել այսպես հնարավոր չէ, բայց արդյունաբերական ձեռնարկությունները որոշակի կարգավորումներ պետք է անեն, որպեսզի հնարավորինս քիչ ջերմոցային գազ հավաքվի մթնոլորտում»․ Զառա Պետրոսյան

Կլիմայի փոփոխությանը զուգահեռ փոխվում է աշխարհագրական տիրույթը։ Աշխարհագրագետ Աշոտ Խոեցյանի խոսքով, թվում է առաջին հայացքից  բազմամյա սառույցների հալքը կարող է բերել նրան, որ աշխարհի շատ վայրերում գյուղատնտեսական նշանակության հողերը կավելանան, բայց այս ամենին զուգահեռ գյուղատնտեսական տարածքները «սթրեսի» են ենթարկվում, որովհետև յուրաքանչյուր մեկ աստիճան տաքացմանը զուգահեռ լանդշաֆտների գոտիականությունը բարձրանում է 1 մետրով։ Այլ կերպ ասած՝ բարձրանում են լեռները, կորում է բնօգտագործման տարածքների արդյունավետությունը։

«Սրտանոթային հիվանդությունների աճ է կանխատեսվում, նաև մեծ է վտանգը մալարիայի, խոլերայի, ժանտախտի տարածում, որովհետև հողում և ջրում հարուցիչների բազմացման համար նպաստավոր ջերմաստիճանը մեծանում է, սկսում է տևել ավելի երկար, քան հիմա է, հիմա զարգանալու համար 3-4 ամիս ունեն, ապագայում շատ ավելի երկար։ Եվ Հայաստանում սա առավել ևս տարածվելու է, որովհետև մենք տիպիկ չոր ցամաքային կլիմա ունենք»․ Աշոտ Խոեցյան

Կլիման առհասարակ նպաստել է, որ պետությունները հաղթեն կամ պարտվեն պատերազմում։ Պատմաբան Գուրգեն Մուրադյանն ասում է, դեռևս հին աշխարհում կլիմայական փոփոխությունները հանգեցրել են պետությունների կործանման, օրինակ է բերում Մերձավոր Արևելքի բրոնզեդարյան ճգնաժամը, որի արդյունքում անհետացավ Խեթական կայսրությունը։

Պետական ռազմավարական ծրագրեր մշակող կառույցները մեծ ուշադրություն են դարձնում առհասարակ կլիմայական գործոնին, մանավանդ, երբ պատմությունը ցույց տվեց, թե եղանակը ինչ չար կատակներ կարող է խաղալ հարձակվող պետության հետ, մասնավորապես պատմաբանը օրինակ է բերում Նապոլեոնի արշավանքը Ռուսաստան, որը չհաջողվեց ցրտաշունչ ձմռան և սխալ հաշվարկների արդյունքում։

«Աշխարհի նշանավոր զորավարներից մեկը հայոց արքա Արտավազդին չլսելու համար թանկ գին վճարեց, պարթևական հեծելազորը  շատ լավ էր կռվում տափաստաններում և հռոմեական կայսր Մարկոս Կրասոսին Արտվազադը խորհուրդ տվեց հայկական լեռներում կռվել, սակայն Կրասոսը չլսեց նրան և Խառանի ճակատամարտում 20 հազ․ զոհ տվեց, այդ թվում ինքն էլ մահացավ»․ Գուրգեն Մուրադյան
Ցուցադրել ավելի
Back to top button