Սփյուռքի ձայնը

Ընդունվում են բիզնես գաղափարներ․ «Սփյուռքի ձայնը»

Հունիսի 1-30-ը սփյուռքահայերը և հայաստանցիները բիզնես հիմնելու գաղափարներով կարող են դիմել ԵՄ Իրիս բիզնես ինկուբատորին:

Ինչպե՞ս պետք է դիմել` նոր բիզնես սկսելու կամ ունեցած բիզնես գործունեությունն ընդլայնելու համար։
ԵՄ Իրիս բիզնես ինկուբատորի գործադիր տնօրեն Նարինե Թերզյանը թվարկում է քայլերը.
• պետք է ունենալ լավ գաղափարներ,
• լրացնել հայտը բիզնես ինկուբատորի պաշտոնական կայքում,
• մասնակցել քայլերի հաջորդականությամբ։

«Գաղափարները, բիզնես սկսելու կամ ունեցած գործն ընդլայնելու նպատակով առաջին ծրագրի մեկնարկի ժամանանակ մեզ դիմել էին 600 և ավել մասնակիցներ:
Դիմողները սփյուռքահայերը և Հայաստանի տարբեր մարզերի բնակիչներն էին: Աշխատանքները տարվում են բիզնես մտածողություն, տնտեսության ծանոթություն, արտահանում և մի շարք այլ ուղղություններով»,- ասում է Նարինե Թերզյանը:

Այտա Սանդուրյանը և Հակոբ Մակդիսը ԵՄ Իրիս բիզնես ինկուբատորի ռեզիդենտներ են: Նրանք Հայաստան են տեղափոխվել Սիրիայից: Այտան զբաղվում է Մարաշի ասեղնագործությամբ, Հակոբը՝ մեդիա ոլորտում է ուժերը փորձում:

«Հայաստանում գործ սկսելն ու այն շարունակելն այնքան էլ բարդ չէր, մանավանդ, երբ նման կազմակերպությունների աջակցությունն ենք ստանում»,- ասում է Այտան, որը ԵՄ Իրիսի շնորհիվ ընդլայնել է բիզնեսն, ունի մեծ թվով աշխատակիցներ, նաև փորձում է արտահանմամբ զբաղվել:

Հակոբը, ում ստարտափը 2020 թվականին է հաստատվել, Հայաստան- Արաբական երկրներ մեդիափոխանակմամբ է զբաղվում: Նպատակը՝ հայկական արտադրանքը 300 միլիոն բնակչություն ունեցող արաբական աշխարհին ծանոթացնելն է, նոր ներդրողներ մեր երկիր բերելն ու երկու երկրների միջև մշակութային ու տնտեսական կապեր ստեղծելը:

«Մենք ունենք հետաքրքիր երկիր, ունենք հայկական շուկա, որին պետք է ծանոթ լինեն արաբական աշխարհում: Այս մտահղացումն ունեցանք՝ արցախյան վերջին պատերազմից հետո»,- ավելացնում է Հակոբը:

Հունիսի 1-ից 30-ը ԵՄ Իրիս բիզնես ինկուբատորի հայտերի ընդունման 3-րդ փուլն է: Նարինե Թերզյանը նշում է, որ ծրագրի պաշտոնական կայքում հայտերի ընդունման բաժնում առանձնացված երեք ուղղություններով կարող են դիմել՝ շահառու դառնալու համար: Ինչպե՞ս դիմել և ի՞նչ առանձնահատկություն կունենան դիմողները. մանրամասները լսեք հաղորդման մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button