ԿարևորՀասարակություն

Քարոզարշավ՝ առանց ընտրողի ու քաղաքականության․ օր 8-րդ

Քարոզարշավի մեկնարկից  առաջ կանխատեսվում էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական պայքարը  թեժ է լինելու:  Հնչում էին համերաշխության և կոռեկտության հորդորներ, որոնք կրկնվում են նախընտրական քարոզարշավի առաջին կեսից հետո էլ:

Քարոզարշավի մեկ շաբաթվա ընթացքում քաղաքական ուժերը, ըստ էության, անտեսել են շարքային ընտրողին՝ իրենց հանրային խոսքը ծառայեցնելով ոչ թե ծրագրերի ներկայացմանը, այլ՝ մրցակից ուժերին թիրախավորելուն:

Վիրավորանքներ, սպառնալիքներ, գաղտնալսումներ և ստվերային պայմանավորվածություններ. սա «քարոզարշավային» այն օրակարգն է, որով խորհրդարանական պետությունը գնում է նոր խորհրդարանի ձևավորմանը: Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի գնահատմամբ՝ քարոզարշավի առաջին մեկ շաբաթվա ընթացքում ոտնահարվել է շարքային ընտրողի իրավունքը․քաղաքացին, ըստ էության,  դուրս է մղվել քարոզարշավից:

 «Այս կարգի ցածր մակարդակ, որ ապահովում է այս քարոզարշավը, չի եղել մեզանում: Քաղաքացին որպես այդպիսին չկա, դիտարկվում է որպես խմոր, պլաստիլին, որից իրենք պետք է իրենց այդ զգացմունքների, էմոցիաների, իրենց այդ թշնամության քարոզի արդյունքում կերտեն իրենց հավատարիմ ընտրող: Քարոզարշավից շատ դեպքերում դուրս է քաղաքականությունը, ավելի շատ՝ անձնական ամբիցիաներն են և անձնական ծրագրերը: Այս կարգի քարոզարշավի արդյունքում բնական է, որ չի կարող լինել լավ, նորմալ, ճիշտ ընտրություն: Քաղաքացիները գնալու են ընտրության ոչ թե սառը դատողությամբ, այլ զգացմունքային ընտրություն են կատարելու: Իսկ զգացմունքային ընտրությունը  երբեք չի լինում ճիշտ ընտրություն»:

Այս մթնոլորտում ընտրության ցանկացած արդյունքից քաղաքացիները դժգոհ են մնալու՝ կանխատեսում է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը: Ընտրություններին մասնակցող 25 քաղաքական միավորից նա չի կարողանում առանձնացնել մշակված ու հասկանալի  գոնե մեկ նախընտրական ծրագիր:

 «Այսպիսի ծանր իրավիճակում ակնկալվում էր, որ ամբողջ քաղաքական դաշտը պետք է ավելի լրջանա, փորձի ավելի պրագմատիկ, ավելի արդյունավետ ելքեր գտնել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, բայց այդպիսի քարոզարշավ, այդպիսի բանավեճեր մենք շատ քիչ տեսանք, եղածն էլ ավելի շուտ բաժակաճառերի մակարդակով էր: Ենթադրվում էր, որ ամեն քաղաքական ուժ իր ելքը, իր ծրագիրը կառաջարկի, որ Հայաստանը այս իրավիճակից դուրս գալու 26 տարբեր ճանապարհ կունենա: Իրականում այդ բազմազանությունը բոլորովին այլ պատճառներ ունի, այդ կուսակցությունների մեծ մասը այլ նպատակներ է հետապնդում: Ընդ որում՝ այդ բազմազանությունը ապակողմնորոշում է ընտրողներին, որովհետև եթե լինեին 3-4 լուրջ ուժային բևեռներ, հասարակությունը ավելի ճիշտ կկարողանար կողմնորոշվել»:

Քարոզարշավի երկրորդ շաբաթվա առաջին օրը պատկերը չի փոխվել: Կուսակցությունները  ոչ թե ծրագրային դրույթներ են ներկայացնում,  այլ շարունակում են  աղմկահարույց սկանդալներն ու բացահայտումները: Երեկ շրջանառության մեջ դրվեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գրիգորյանի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։ Իշխող թիմի ներկայացուցիչների զրույցում խոսվում էր վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի հրաժարականի անհրաժեշտության մասին: Սուրեն Պապիկյանն այսօր մարզային քարոզարշավներում ուղեկցում էր Փաշինյանին: Ձայնագրությանն անդրադառնալով ՝ ասաց, որ սկանդալային ոչինչ դրանում չկար:

«Որևէ մեկնաբանություն չունեմ»:

Գաղտնազերծմանը չանդրադառնալով ՝ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ  այս ընտրությունների արդյունքով պատասխան են ստանալու նաև «Հոկտեմբերի 27»-ին վերաբերող հարցերը։  

 «Հայաստանի քաղաքացիները հնարավորություն ունեն  Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների պատասխանը տալու այս ընտրություններով»:

Գործի նախաքննությունը վերաբացվել է  Ազգային անվտանգության ծառայությունում նախորդ փետրվարին: Քննչական գործողությունները դադարել էին կորոնավիրուսի և պատերազմի պատճառով։

Կատաղի, բայց ոչ ծրագրային պայքարը ծավալվել է նախկին և ներկա իշխանությունները ներկայացնող ուժերի միջև: Ընտրապայքարի մյուս մասնակիցները շարունակում են դժգոհել ստեղծված մթնոլորտից:

Գևորգ Գորգիսյան. «Բոլորն անխտիր հոգնել են այդ գզվռտոցից: Երևի շատ քիչ, մի 5 տոկոսանոց ակտիվ, ագրեսիվ փոքրամասնություն կա, որը դեռ շարունակում է ատելության օրակարգով ապրել․ քաղաքացիների մասին է խոսքը, ոչ քաղաքական ուժերի»:

«Լարվածության հիմնական պատճառն այն է, որ որոշ մասնակիցներ շատ ագրեսիվ հայտարարություններ են անում և օգտագործում են նաև իրենց իշխանությունը, որը չի տրված նման բաների համար: Եթե ուզում եք, որ ինչ–որ մի բան փոխվի, ուրեմն պետք է նորերին ընտրեք, որովհետև ընտրելով հինը՝ կստանաք հինը»,- ասաց ԱԺԴ-ից Արա Պապյանը:

Ծրագրային բանավեճերի բացակայության պայմաններում որոշ քաղաքական միավորներ էլ  փորձում են արթնացնել ընտրողների նյութական շահագրգռվածությունը: Թեև ընտրակաշառքի համար պատիժը խստացվել է և քրեականացվել, բայց այս ընտրությունները ևս անմասն չեն  ընտրակաշառքի դեպքերից: Հատուկ Քննչական ծառայությունը ընտրակաշառքի հերթական գործն է բացահայտել․ 147 ընտրողի առաջարկվել է 9 մլն դրամ ընտրակաշառք: Դեպքի առթիվ հարուցված և հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործերի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 3 անձի, բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Եվս 8 անձ ունի կասկածյալի կարգավիճակ: Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում նոր ձերբակալությունների մասին ընտրողները ծանուցվեցին այսօրվա նախընտրական հավաքի ժամանակ:

Back to top button