ԿարևորՀասարակություն

Երբ է խոսքը դառնում «ատելության»

Որքան պետք է փոխհատուցել վիրավորանքի և զրպարտանքի համար, հայտնի է, կան նաև հստակ չափանիշներ, որոնք սահմանում  են՝ տվյալ խոսքը զրպարտանք է, թե վիրավորանք, սակայն վերջին շրջանում՝ թեժ ընտրապայքարի պայմաններում, հաճախ լսում ենք արտահայտություններ, որոնք որակվում են որպես ատելության խոսք։ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն ասում է, որ ատելության խոսքը հասարակության շերտերը տարբեր կերպ են ընկալում, բայց իրավական տեսանկյունից շատ նեղ ձևակերպում ունի։

ՄԱԿ-ի կառուցակարգում մարդու իրավունքների հանձնակատարը մի քանի չափանիշներ է ընդունել, որոնք սահմանում են ատելության խոսքը, օրինակ, կարևոր է, թե  ի՞նչ համատեսքտում է ասվել խոսքը,  ի՞նչ դիրք ունի տվյալ խոսքն արտաբերողը, արդյո՞ք նախկինում ասել է նման բան կամ ի՞նչ լսարան ունի տվյալ անձը։

«Կարևոր է նաև խոսքի բովանդակությունը և ձևը, եթե խոսքը ասվել է օրինակ քաղաքական երգիծանքի ոճով, դա ատելության խոսք չէ, մանավանդ այսօր, որ այդ ձևը արտհայատվելու խիստ պաշտպանության տակ է, հետո հասկանալու համար, արդյոք բռնություն է հրահրել տվյալ անձը, ուսումանսիրվում է նրա ֆեյսբուքյան էջը, հասկանալու համար՝ նախկինում անդրադարձել է, դիտավորություն կա, թե ոչ»,-ասում է Արա Ղազարյանը։

Արա Ղազարյան խոսքով, եթե անգամ անձը հնչեցնում է հայհոյանք, կամ նրա ասած խոսքը դուր չի գալիս դիմացինին, սակայն այս չափանիշների մեջ չի մտնում, դա չի համարվում ատելության խոսք, ընդհակառակը՝ համարվում է օրինական և չի պատժվում իրավական, կիսաիրավական կամ արտաիրավական ճանապարհներով․

«Եթե ասում ես դու դավաճան եզդի ես, սա ատելության խոսք է, որովհետև դու ընդգծում ես էթնիկ պատկանելիությունը, անգամ եթե վիրավորնք չկա, բայց սուր էթնիկ ընդգծում կա, սա համարվում է ատելության խոսք»,- նշում է Արա Ղազարյանը։

Այս համատեքստում Արա Ղազարյանն օրինակ է բերում անգամ Սողոմոն Թեհլեյանին, որը դատարանում ասաց՝ սպանել եմ Թալեաթին, որովհետև նա ցեղապսանություն է գործել, ոչ թե որ նա թուրք է։ Հակիրճ՝ ատելության խոսքը պարունակում է նախապաշարմունք։ Ցանկացած այն բովանդակությամբ խոսք, որտեղ չկա նախապաշարմունք, ատելության խոսք չէ․

«Օրինակ, Ռազմական դրության ժամանակ շատ վատ բառապաշարով ստատուս գրեց մեկը, որ Շուշին հանձնվում է, սակայն այտեղ որևէ անձի ուղված խոսք չկար, չկար նախապաշարմունք, ընդհակառակը, հանրային կարևորության ինֆորմացիա է, և պատասխանատվությոան չի ենթարկվում»,-ասում է Արա Ղազարյանը։

Ատելության խոսքի դեմ պայքարը, ըստ Արա Ղազարյանի, Հայաստանում ընթանում է նորմավորման ճանապարհով, և սա ճիշտ ճանապարհն է։ Օրինակ է բերում ամիսներ առաջ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ընդունած էթիկայի պարտադիր նորմերը, որոնք պետք է կիրառվեն եթերում, այսպիսի նորմեր, ըստ Արա Ղազարյանի, պետք է լինեն նաև ԱԺ-ում։ Կարգավորման մյուս ճանապարհը ինքնակարգավորումն է, կուսակցությունները պետք է զսպեն իրենց անդամներին, որ չհնչեցնեն բնռության և ատելության խոսք։ Այս ճանապարհները սահմանել է Եվրոպայի խորհդրի ռասիզմի և անհանդուրժողականության դեմ հանձնաժողովը։

Արա Ղազարյանն ասում է, որ միայն օրենքը փոփոխելով պայքարը արդյուանվետ չի դառնա, ամենաարդյունավետ և երկարաժամկետ միջոցը ատելության խոսքի դեմ՝  կրթությունն է, հաջորդը՝ ինքնակարգավորումը։ Մասնագետը դրական է համարում, որ ընտրություններին ընդառաջ ընդլայնվել է այն լրատվամիջոցների թիվը, որոնք ընդունել են բարեվարքության վարքականոները․ 26-ը դարձել է 63, ինչը կարող է դրականորեն ազդել քարոզարշավի լուսաբանման վրա։

Back to top button