ԿարևորՏնտեսական

Արևային էլեկտրակայան՝ ջրի վրա․ առաջինը՝ Հայաստանում և տարածաշրջանում

Հայաստանում կկառուցվի տարածաշրջանի առաջին լողացող ֆոտովոլտային կայանը։ Ծրագիրն իրականացնելու համար Վերականգնվող էներգետիկայի ու էներգախնայողության հիմնադրամը դիմել է Ֆրանսիայի կառավարությանն ու  800 հազար եվրո դրամաշնորհ ստացել։  Լողացող արևային կայանները՝ լճերի կամ ջրամբարների մակերևույթին, տարածված են Չինաստանում և Եվրոպայում։ Այս էլեկտրակայանի համար հողատարածք չի պահանջվում․գտնվելով ջրում՝այն ավելի լավ է հովացվում և ավելի արդյունավետ է աշխատում։

 Արևային էլեկտրակայան  ոչ թե հողի, այլ՝ ջրի վրա․ մոտ մեկ տարի անց Հայաստանն էլ, աշխարհի շատ երկրների նման, կունենա ջրի վրա լողացող առաջին կայանը։ Այն առաջինն է լինեու նաև տարածաշրջանում։ Նոր տիպի լողացող արևային կայանը կկառուցի Ֆրանսիական Transenergie ընկերությունը։  Վերականգնվող էներգետիկայի ու էներգախնայողության  հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում  հստակեցնում է՝ 151 կիլովատտ հզորությամբ լողացող կայանը տարածաշրջանում առաջինը կլինի իր տեսակով, դրա արտադրողականությունը կարող է կազմել տարեկան մոտ 250 հազար կվտ/ժ։ Ծրագրի արժեքը 800 հազար եվրո է, գումարը՝ դրամաշնորհային։ Այս պահին մի քանի ջրամբարներում ուսումնասիրություններ են կատարում՝ հասկանալու համար, թե բնապահպանական ինչ ռիսկեր կարող են առաջանալ․

 «Ընտրել ենք Ազատանի, Ապարանի ջրամբարները, նաև՝ Երևանյան լիճը։ Երեքը գտնվում են  տարբեր գոտիներում, բնակլիմայական պայմաններում։ Կարևոր է նաև նրանց ռազմավարական նշանակությունը։ Տարաների վրա հավաքվելու է ֆոտովոլտային կայանը, որը ջրի հետ բարձրանում և իջնում է։ Աշխատելու է արևով։ Դրանք նույն արևային պանելներն են, որոնք տեղադրվելու են ջրի վրա։ Դրական ազդեցություն կարող է  ունենալ ջրամբարի վրա՝ կանխելով ջրի գոլորշիացումն ու ջրիմուռների աճը»։

Լողացող արևային կայանները տարածված են Չինաստանում և եվրոպական երկրներում՝ մի շարք առավելությունների շնորհիվ։ Այս էլեկտրակայանը հողատարածք չի զբաղեցնում, գտնվելով ջրում՝ կայանն ավելի լավ է հովացվում ու ավելի արդյունավետ է աշխատում։ Արևային պանելները նվազեցնում են ջրի գոլորշիացումը, քանի որ փակում են ջուրը` ինչպես կաթսայի կափարիչը։ Մոտ մեկ տարի անց արդեն լողացող արևային կայանը կսկսի աշխատել․

 «Մեկ տարի կաշխատի, կհասկանանք, թե  ինչպես է աշխատում նաև ձմռանը։ Կարծում եմ՝ խնդիր չի լինի։ Գիտենք, որ  Ալպերում, Շվեյցարիայում  նման կայաններ կառուցվում են։ Բնապահպանական խնդրներ նույնպես չեն առաջանա, քանի որ  Անգլիայում անգամ դեպքեր կան, երբ կայանը տեղադրել են խմելու ջրի ջրավազանում։ Այսինքն՝ կայանը էկոլոգիապես մաքուր է, կարելի է անվնաս նյութերից պատրաստել»։

Մասնագետներն ասում են, որ    ջրի վրա կառուցվող կայանը, արդյունավետ սառեցման արդյունքում, 10-15 տոկոսով ավելի շատ էլեկտրականություն կարտադրի։ Կայանի կառուցման համար միջոցներ կհատկացնի Ֆրանսիայի կառավարությունը՝ դրամաշնորհային ծրագրի շրջանակում։ Սարքավորումները կլինեն ավստրիական, գերմանական և ֆրանսիական։ Շինարարությունը, հայ մասնագետների մասնակցությամբ, կիրականացնի եվրոպական ընկերությունը, որը դեռ ընտրված չէ։ Ըստ այս նախագծի արդյունքների՝ կորոշվի, թե ինչպես կարելի է նման կայաններ զետեղել Հայաստանի մյուս ջրամբարների վրա ևս։ Հիմա Հայաստանում արևային էլեկտրակայանների ընդհանուր հզորությունը կազմում է 21 մեգավատտ, կամ երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալի 0,3 տոկոսը:

Հայաստանում այս պահին տրվել է  210 մգվ հզորության արևային ֆոտովոլտային կայանների կառուցման  լիցենզիաներ, որոնք  կկառուցվեն, ՀԷՑ-ին կմիացվեն ու կանաչ էներգիա կառաքեն։ Հայաստանի էենրգետիկ բնագավառի զարգացման  անվտանգության ռազմավարությունում նշված է, որ  մինչև  2030 թվականը Հայաստանում արևային կայանները կարտադրեն ամբողջ էլեկտրաէներգիայի  մինչև 15 տոկոսը։ Հոսանք արտադրում են նաև փոքր ՀԷԿ-երը՝ ասում է Կարեն Ասատրյանն ու նկատում՝  այսօր փոքր ՀԷԿ-երն արտադրում են էլեկտրաէներգիայի մինչև 40 տոկոսը։ Սա մասնագետը նույնպես լավ ցուցանիշ է համարում։

Ցուցադրել ավելի
Back to top button