ԿարևորՀասարակություն

Ինչպիսի՞ն կլինի բանակն ընտրություններից հետո․ քաղաքական ուժերի խոստումների «գունապնակը»

Ուժային անվտանգային կենտրոնի հետ համագործակցության վերանայումից մինչև թշնամական տարածքներում պատերազմական գործողություններ վարելու ունակ մոբիլ խմբերի ստեղծում: Զինված ուժերին և անվտանգային խնդիրներին վերաբերող մոտեցումները հետպատերազմական շրջանում նախընտրական ծրագրերի սկզբունքային դրույթներից են:

Մինչ կուսակցություն դառնալը՝ «Վերելք»-ի անդամները երկար տարիներ զբաղված էին ռազմահայրենասիրական կրթությամբ, դասընթացներ էին կազմակերպում: Պահեստազորի սպաներին միավորած կուսակցությունն այժմ իր նախընտրական ծրագրով առաջարկում է ԶՈՒ-ի արմատական փոփոխություն: Հայաստանին անհրաժեշտ կառուցվածքային փոփոխությունները թելադրել է վերջին պատերազմը՝  ասում է «Վերելք» կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Գրիգորյանը:

«Ցանկացած պատերազմական իրավիճակում մենք պետք է հաշվի առնենք մի բան, որպեսզի քո տարածքում չլինի պատերազմ՝ պատերազմը տեղափոխի թշնամու տարածք: Դա մեր հիմնական թիրախային ռազմական քաղաքականությունը պետք է լինի: Այսինքն՝ ձևավորել նման զորակազմ, այնպիսի զինատեսակներով զինել, որը կարողանա իր առջև դրված հստակ խնդիրները լուծել: Հիմնական շարժառիթն էր, որ մտնենք քաղաքականություն և ձևավորենք ակտիվ ռազմական ռեզերվ»: 

Պատերազմից քաղած դասերով է նախընտրական իր ծրագրի ռազմական բաղադիչը մշակել նաև «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը: Այդ քաղաքական ուժից պատգամավորի թեկնածու Հովսեփ Ղազարյանն իրենց ծրագրերից առանձնացնում է խորհրդային հին մոդելի բանակից նոր սերնդի բանակին անցումը:

«Բանակի հարցում մեր կուսակցությունն ունի հստակ ծրագրեր ու կոնցեպտներ: Պետք է փոխել բանակի կազմակերպման մեթոդները: Սովետական հին մոդելի բանակից պետք է անցնել ավելի ժամանակակից, ավելի մոբիլ բանակի: Պետք է շատացնել բանակային խոցման հնարավորությունները: Մեր բանակը, պատրաստվելով պաշտպանական մարտեր վարելուն, որոշ առումներով իրեն սահմանափակել է հարցակողական զինատեսակների առումով: Այս պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանը կարող է հայտնվել շրջափակման մեջ և նույնիսկ իր դաշնակցից չկարողանա զենք ստանալ: Հայաստանը պետք է զուգահեռաբար ստեղծի ռազմարդյունաբերական համալիր, որը շրջափակման պայմաններում պետք է ապահովի մեր բանակի պահանջները»: 

Քաղաքական ուժերից շատերը հասկանում են, որ պետք է պետք է պատրաստ լինել նոր պատերազմի։ Ըստ այդմ՝ խոսում են արհեստական ինտելեկտով զենք ստեղծելու անհրաժեշտության և 6-րդ սերնդի պատերազմի մասին: «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքից պատգամավորի թեկնածու Հայկ Սուքիասյանը հստակեցնում է, թե որ դեպքում են ռազմարդյունաբերական համալիրի մասին խոսակցությունները սովորական պոպուլիզմ.

«Ռազմարդյունաբերությունն առանց արդյունաբերության լինել չի կարող: Հետևապես, դրանք հավաքական պոտենցիալի մեջ են: Մենք մեր ծրագրերում նաև գրել ենք, որ Հայաստանը պետք է պատրաստվի 6-րդ սերնդի պատերազմին: 5-րդ սերնդի պատերազմն արդեն կա, արդեն գոյություն ունի»:

Այս քաղաքական միավորի կողմնակիցները նույնպես պնդում են, որ խորհրդային միության մոդելի բանակը պետք է փոխել։ «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցությունից Վահագն Ավագյանը պնդում է, որ «Ազգ-բանակ» կոնցեպտը ժամանակին յուրացվել է այլ քաղաքական ուժի կողմից: Ասում է՝ իրենք հավատարիմ են մնում հենց այդ գաղափարին:

« Ժիրայր Սեֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը մոտ 10 տարի առաջ արդեն հրապարակել են պաշտպանական համակարգի մասին իրենց թեզը, որը կոչվում է «Ազգ-բանակ»։  Սա մի համակարգ է, որը ենթադրում է պետական կառավարման համակարգի այնպիսի արդյունավետ իրագործում, որի պարագայում ամբողջ ժողովուրդը շատ կարճ ժամանակում հնարավորություն է ունենում մոբիլիզացվել, ողջ ժողովուրդը զինված է լինում։ Հատկապես սահմանային շրջաններն այսօր պետք է զինված լինեն: Նման մոդելներ կան այսօր Իսրայելում և Շվեյցարիայում»:

Ազգային օրակարգ կուսակցության խորհրդի անդամ Վարազդատ Հարությունյանը թվարկում է, թե իշխանության գալու դեպքում ի՞նչ առաջնային քայլեր են րականացնելու բանակաշինության ուղղությամբ:

 «Մենք գտնում ենք, որ անվտանգային համակարգի հիմնական բաղադրիչը մեր ներսում է: Մենք ունենք այն ռեսուրսները, որոնք հնարավորություն կտան այս փոքր երկիրը դարձնել անառիկ ամրոց: Ունենք այս պահին անհրաժեշտ, առաջնային ու հրատապ միջոցառումներ: Օրինակ՝ առաջնագծի կահավորումը, որ այս 7 ամիս է՝ չի իրականացվում անհասկանալի պատճառներով: Երկրորդ՝ պետք է իրականացվի Հայաստանի և Արցախի ամբողջ տարածքի օպերատիվ կահավորում՝ պետք են ամրաշինական կառույցներ, ռմբապաստարաններ, անհրաժեշտ հանգույցներ, մատակարարման ալտերնատիվ և հուսալի ուղիներ: Հայաստանը բառի բուն իմաստով պետք է դառնա անառիկ ամրոց: Երրորդ՝ անպայման և շատ արագ պետք է վնասազերծվեն օտարերկրյա գործակալները: Չորրորդ կարևորագույն բաղադրիչը պահեստազորն է: Բոլոր զինապարտ քաղաքացիներն անպայման տարեկան գոնե մեկ անգամ պետք է մասնակցեն լուրջ մարտական պատրաստության՝ մարտական իրավիճակին մոտ սցենարներով»:

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունից Նարինե Դիլբարյանի համոզմամբ՝ բանակաշինության լրջագույն խնդրի մասին խոսելուց առաջ նախ պետք է շեշտը դնել ճիշտ կրթության վրա:

«Մեր ծրագրում նշված է, որ ավագ դպրոցներում, միջին մասնագիտական հաստատություններում և հատկապես ԲՈՒՀ-երում պետք է վերականգնել ռազմական ամբիոնները, որտեղ թե տղաները, թե աղջիկները կստանան համապատասխան ռազմական կրթություն: Հինգերորդ, թե վեցերորդ սերնդի պատերազմներին պատրաստվելու համար մեզ ինտելեկտուալ ներուժ է պետք ամենից առաջ, որովհետև այդ պատերազմները ոչ թե ֆիզիկական ուժի, այլ ուղեղի պատերազմներ են»:

«Ազատական» կուսակցությունում կարծում են, որ որևէ այլ երկրի և կառույցի վրա հույս դնել, առավել ևս մեղքը բարդել պետք չէ: Ամեն ինչը պետք է արվի սեփական ներուժի հաշվին՝ ասում է կուսակցությունից Արամ Ղլեչյանը՝ հավելելով, որ պետք է ստեղծել այնպիսի Զինված ուժեր, որոնք կարող են ցանկացած մարտավարական խնդիր լուծել:

«Մեր անվտանգային խնդիրը լուծելու պարտականությունը բացառապես մերն է: Մենք 20 և ավելի տարի շարունակ ոչնչացրել ենք մեր ԶՈՒ, այն դարձրել ենք այլևս անպիտան իր բնական գործառույթին՝ պետության անվտանգությունն ապահովելուն:

Բանակի կառուցվածքը և էությունը փոխելու համար կա գլխավոր նախադրյալ, որը փոխելուց հետո միայն հնարավոր կլինի անցնել բանակաշինության նոր փուլի՝  պնդում է Հայաստանի Եվրոպական կուսակցությունից Ներսես Զեյնալվանդյանը: Խոսքն այս ոլորտում Ռուսաստանից կախվածությունից ազատվելու մասին է:

«Մենք ասում ենք՝ հզորանանք, ստեղծենք և այլն: Ցանկացած խելացի պետություն, եթե ունի ինքնիշխան կառավարություն, փորձում է դաշնակցել այն պետությունների հետ, որոնց հետ շահերը համընկնում են: Այդպիսի պետություններ կան՝ Իրանը, Վրաստանը, Եվրոպան, ԱՄն-ն: Եթե իսկապես մտածում եք՝ «գաղութարարը» թույլ կտա ձեզ ստեղծել պետություն, հզորացնել բանակ և իր ազդեցությունից դուրս գալ, ապա չարաչար սխալվում եք»:

Այս մտածողությամբ քաղաքական ուժերը պնդում են, որ առաջնային քայլերից մեկն էլ ՀԱՊԿ-ի հետ փոխհարաբերությունների վերանայումն է: Ասում են՝ հետպատերազմական և այսօրվա իրողությունները թելադրում են նաև այդ քայլը:

Back to top button