Ժամանակի վկան

Թումանյանը մեզ հետ վերադարձավ Հայաստան․ «Ժամանակի վկան»

Հաղորդումը Կրասնոդարի Հայկական ազգային-մշակութային ինքնավարության Հովհաննես Թումանյանի անվան կրթամշակութային կենտրոնի և համանուն դպրոցի գործունեության, ուսուցիչների, աշակերտության ու աջակիցների հետ հանդիպումների մասին է։ Մայիսի 23-ին, տեղեկանալով, որ ես և դուստրս՝ Ասպրամ Կրպեյանը, Կրասնոդարում ենք, հրավեր ստացանք Հովհաննես Թումանյանի անվան հայկական դպրոցից՝ մասնակցելու գրական ցերեկույթին։

Կրասնոդարի ծայրամասում՝ Պաշկովկա թաղամասում,  «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» եկեղեցուն կից գործում է քաղաքի երկրորդ հայկական դպրոցը, որը կրում է ամենայն հայոց բանաստեղծ, մեծն Հովհաննես Թումանյանի անունը։ Ամբողջովին հայկական զարդաքանդակներով ու հայերեն գրություններով  պատված եկեղեցին տպավորիչ ներկայություն է ստեղծում թաղամասում՝ ճարտարապետական հորինվածքի յուրօրինակությամբ անմիջապես ուշադրություն գրավելով։

Երազիկ Հարությունյանը 1998 թվականից ընտանիքով բնակվում է Կրասնոդարում։ Նա մասնակցել է Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ եկեղեցուն կից առաջին հայկական դպրոցի հիմնադրման աշխատանքներին։ Արդեն երկու տարի է, որ նա ղեկավարում և համակարգում է Հայկական ազգային-մշակութային ինքնավարության Հովհաննես Թումանյանի անվան դպրոցի ուսումնական ծրագրերը։

Հայրենիքից հեռու՝ Կրասնոդարում, Երազիկ Հարությունյանի հեղինակած ծրագրերով ու դասագրքերով բազմաթիվ հայ մանուկներ ու մեծահասակներ սովորել կամ կատարելագործել  են մաշտոցյան հայերենը։ Կրթամշակութային այս կենտրոնում ամենամսյա են գրական հանդիպումներն ու քննարկումները, որոնցից մեկն էլ համընկավ մեր այցելությանը։ Գրական ցերեկույթը, որին մասնակցեցինք, նվիրված էր  հայ մեծանուն բանաստեղծներ Պետրոս Դուրյանի՝ 170 և Հովհաննես Շիրազի՝ 105, ամյակներին։ 

Արցախյան վերջին՝ սեպտեմբեր-նոյեմբերյան պատերազմին մասնակցեցին նաև Կրասնոդարի երկրամասից հայրենասեր հայորդիներ, որոնցից Սպարտակ Արևջանյանը դպրոցի սաներից էր։ Գրական ցերեկույթին ներկա, Կրասնոդարի Հայկական ազգային-մշակութային ինքնավարության ղեկավար, ծագումով շահումյանցի Վլադիմիր Ալեքսանդրովիչ Մարիանյանը մտերիմների հետ խոսում է իր գյուղի բարբառով։

«Մեզ համար մեծ պատիվ է, կարծես Աստված ուղարկեց ձեզ նման հյուրեր, որովհետև հերոսները հիմնականում դաստիարակված են պոետներով, հիմնականում՝ հայ բանաստեղծներով»։ Վլադիմիր Մարիանյանը երկու դրվագ պատմեց 1992 թվականին Արցախի Շահումյանի շրջանի բռնագաղթի օրերից, որոնք հայ մարդու նվիրումի և հավատարմության ուսանելի օրինակներ են։

«Եթե թույլ կտաք ես կպատմեմ ոչ մեծ հերոսություններից միայն երկու դեպք իմ Շահումյանի շրջանից։ Առաջինը, պատմում էին, որ երբ տանկերը հարձակվեցին պետք էր փախչել։ Մեր ուսուցիչն էր Արտյոմ Սարգիսի Հարությունյանը, նրա կինը հիվանդ պառկած էր, քայլել չէր կարողանում։ Երբ նրան ասացին՝ տանկերը եկան, գնա՛նք, կսպանեն, նա պատասխանեց․«Ես կնոջս հետ ապրել եմ այսքան տարի, ես նրան մենակ չեմ թողնի, ինչ կլինի կնոջս հետ, թող ինձ հետ էլ լինի։ Հետո պատմում են, որ և՛ նրան և՛ կնոջը գազանաբար սպանել են ․․․Սա կարելի անվանել հերոսություն կամ կարգին տղամարդկային արարք։ Ես կարծում եմ, որ նա այն աշխարհ գնաց արժանապատիվ տղամարդու նման։

Մյուս դեպքը իմ զարմիկի պատմությունն է, որի հայրը նույնպես հիվանդ պառկած էր անկողնում, չէր կարողանում քայլել։ Եվ, երբ տանկերը հարձակվեցին, նա ասաց․ «Ես հորս չեմ թողնի այդ գազաններին», և հորը ուսերի վրա, անձրևին, ցեխին, լեռներով տարավ այնքան, մինչև որ հասկացավ, որ հայրն արդեն չի շնչում ու մահացել է։ Չգիտեմ, թե ինչ գործիքով է նա ճանապարհին փոս փորել, թաղել հորն ու շարժվել առաջ․․․»։

Վլադիմիր Ալեքսանդրովիչը կարևորեց մայրենի լեզվով կրթությունը, որի հնարավորությունը ինքն ու իր սերնդակիցները չեն ունեցել Ադրբեջանում բնակվելու տարիներին։ «Ես շատ ուրախ եմ, որ այսպիսի միջոցառում է արվում երիտասարդների համար, որպեսզի, նրանք ճանաչեն հայ բանաստեղծներին՝ ի տարբերություն մեզ՝ ինձ և իմ սերնդակիցների, որ ծնվել և սովորել էին Ադրբեջանում՝ շատերը Բաքվում, մյուսները՝ Կիրովաբադում, որոնք չէին տիրապետում ո՛չ հայոց լեզվին, ո՛չ գրականությանը, և չգիտեն մեր հայ բանաստեղծներին։

Երկրամասային ազգային-մշակութային ինքնավարությունը շարունակությունն է այն մշակութային գործունեության, որը մենք իրականացնում ենք 12 տարի, իսկ Մշակութային ինքնավարությունը գործում է տարիուկես։ Մենք ունեինք Պաշկովյան Հայկական մշակութային կենտրոն, անցկացնում էինք գրական երեկոներ, տարբեր ուղղություններով մշակութային միջոցառումներ և ձգտում էինք, որ մեր երեխաները մեծանան կրթված, իմանան իրենց պատմությունը, և ամենակարևորը, որ այս ամենն արվում է այն նպատակով, որ մեր երեխաները չկորցնեն ինքնությունը, պահպանեն ինքնությունը, որը շատ կարևոր է»։

Պատկառելի տարիքով Ռուբեն Սիսակիչ Եղիազարյանին Կրասնոդարում ճանաչում են որպես հայ գրականության գիտակի։ Նա Պաշկովյան գրական ցերեկույթների մշտական ու սիրված հյուրն է։ Ռուբեն Սիսակիչը ցերեկույթի հյուրերի պահանջով ամբողջությամբ անգիր արտասանեց Շիրազի «Ղարաբաղի ողբը» բանաստեղծությունը։ Կրասնոդարի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցին հրաժեշտ տվեցինք հուզաշատ տպավորություններով։

Հաջորդ օրն ինքնաթիռը մեզ Հայաստան էր բերում՝ մեզ հետ նաև հայրենիք բերելով Թումանյանի անունը կրող դպրոցում մեզ նվիրած երկու հուշանվեր՝ ամենայն հայոց բանաստեղծի ճերմակ կավից, փոքրիկ զույգ կիսանդրիները։

Back to top button