ԿարևորՀասարակություն

Մեկօրյա կրթարան՝ Քոբլենցում․ ինչու Գերմանիայում չկան հայկական դպրոցներ

Գերմանիայի Քոբլենց քաղաքում հուլիսի սկզբին կբացվի մեկօրյա հայկական դպրոց։ Հիմնադիրը՝ Արգինե Բադալյանն է, դպրոց հաճախելու համար գրանցվել է արդեն 30 երեխա։ Հայ ակադեմիականների միության նախագահ Ազատ Օրդուխանյանն ասում է, որ նմանատիպ  դպրոցներ Գերմանիայում շատ կան, սակայն  ընդհանուր դպրոցական համակարգ Գերմանիայում հայերին ստեղծել չի հաջողվել:

«Գերմանիայում հարյուրավոր քաղաքներ և գյուղեր կան, որտեղ  ապրում են փոքրաթիվ հայեր, չկան համայնքային կառույցներ, ուստի և զրկված են գոնե հայերենի մեկօրյա դասաժամերի հնարավորությունից»,-ասում է Ազատ Օրդուխանյանը։

Գերմանիայի Հայ ակադեմիականների միության նախագահ Ազատ Օրդուխանյանի խոսքով՝ հայերն այս երկրում  ամենաշատը հայոց լեզու, հայ գրականությունուն ու հայոց պատմություն սովորելու կարիք ունեն։  Դրա հնարավորությունը մեծ չէ, բայց կա։  Օրդուխանյանն օրինակ է բերում Հալլեի համալսարանը, որտեղ Դրոստ-Աբգարյանը ղեկավարում է «քրիստոնյա արևելք» բաժինը և հայագիտության դասեր տալիս։ Խոշոր քաղաքներում համայնքային կառույցներին կից հայկական մեկօրյա կամ երկօրյա դասաժամեր էլ կան, հայերենի դասաժամեր՝ արևելահայերեն և արևմտահայերեն։ Ազատ Օրդուխանյանի խոսքով կան նաև նվիրյալներ, որոնք կամավորության սկզբունքով դասավանդում են այն քաղաքներում, որտեղ չկան հայերենի դասաժամեր։ Արգինե Բադալյանը հուլիսին Քոբլենց քաղաքում կբացի «Մոնթե» մեկօրյա դպրոցի դռները։ Արգինեն գերմաներենի մասնագետ է, սովորում է Քոբլենցի համալսարանում, ասում է՝ դպրոց հաճախելու համար արդեն 30 աշակերտ գրանցվել է։ Բացատրում է ՝ ինչու՞ է դպրոցի անունը «Մոնթե».

«Ինչպես Մոնթե է ապրել Հայաստանից դուրս, բայց նվիրված եղել հայրենիքին, այնպես էլ ուզում եմ, որ սաներս մոտիվացվեն ու ավելի լավ սովորեն, ավելի մեծ ոգևորությամբ»,-ասում է Արգինե Բադալյանը։

Մեկօրյա՝ Արգինեի խոսքով հավանաբար շաբաթօրյա դպրոցը նախատեսված է 6-15 տարեկան երեխաների համար, որոնք կսովորեն հայոց լեզու, հայոց պատմություն, արվեստ։ Դպրոցը լինելու է անվճար, ուսուցիչները, այդ թվում Արգինեն, դասավանդելու են կամավորության սկզբունքով։ Արգինեի փոխանցմամբ՝ Գերմանիայում ՀՀ դեսպանությունն ասել է՝ որքան կարող է, կօգնի դպրոցի գործունեույթունը իրավական հիմքերի վրա դնելու հարցում։

«Առաջինը օգնել է Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը, ի դեմս Հայկլ Ենգիբարյանի։ Իմացա, որ ծրագիր ունեն, որով մեզ անվճար դասագրքեր են տրամադրելու։ Դպրոցը նաև լիցենզիա է ունենալու»,-ասում է Արգինե Բադալյանը։

Հայ ակադեմիականների միության նախագահ Ազատ Օրդուխանյանն ասում է, որ ընդհանուր դպրոցական համակարգ Գերմանիայում հայերը չեն կարողացել ստեղծել, բացառություն է 1945-1951 թթ․ գործած 7-ամյա հայկական դպրոցը։ 20-ական թվականներից մինչև 2010-11 թթ․ Բեռլինի Բաց համալսարանում էլ եղել է հայագիտության բաժին, որը փակվել է ֆինանսների սղության պատճառով։ Ասում է՝ համայնքով փորձել են ձեռք բերել պահանջվող 50 հզ եվրոն, մինչև Բեռլինի բաց համալսարանը ֆինանս կգտներ, սակայն չի հաջողվել․

«Ցավոք սրտի մենք դպրոցական սիստեմ չենք կարողացել դեռ ստեղծել, որովհետև ըստ գերմանական կրթական օրենքի մեկ դպրոցում պետք է հավաքվեն 15 երեխա, որոնք ունեն 2-3 տարվա տարբերություն, և այդ դեպքում կտրամադրվեն հայոց լեզվի ուսուցիչներ և դպրոցական դասագքրեր, բայց 15 երեխա մեկ դպորցում մինչև հիմա մեզ չի հաջողվել հավաքել»,-ասում է Ազատ Օրդուխանյանը։

Ազատ Օրդուխանյանը կարծում է, որ հայերեն սովորելու հարցում կարևոր դեր են կատարում նաև այն հայ ընտանիքները, որոնք չեն կտրվում հայկական արմատներից, երեխաներին ծանոթացնում են հայոց պատմությանն ու մշակույթին։

Back to top button