ԿարևորՀասարակություն

Ականապատման քարտեզների պահանջը՝ սակարկման թեմա Ադրբեջանի համար

Ականապատ տարածքների քարտեզների հարցով Ադրբեջանի նոր հայցն ընդդեմ Հայաստանի ՄԻԵԴ-ը չի ընդունել որպես նոր, ինքնուրույն գանգատ․ հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը։ Այս թեման պաշտոնական Բաքուն շահարկում է  հնարավոր բոլոր առիթներով բոլոր հարթակներում։

Ադրբեջանն այս հարցով արդեն դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, թեման բարձրացրել է  ԵԽԽՎ-ում ու կոշտ արձագանք ստացել, փորձել է նաև հարցը կապել հայ ռազմագերիների վերադարձի խնդրի հետ։ Դեռ մայիսի 11-ին Բաքվում իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ գերիների փոխանակման, ականազերծման խնդիրները պետք է լուծվեն առանց նախապայմանների։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 3-ին ՀՀ կառավարությանը ծանուցել էր, որ Ադրբեջանը ՄԻԵԴ է ներկայացրել նոր միջպետական գանգատ և միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջ, որոնք վերաբերում են ականապատված տարածքների քարտեզները՝ Հայաստանի  կողմից Ադրբեջանին տրամադրելուն:

«Եվրոպական դատարանը Ադրբեջանի կողմից ներկայացված այս միջպետական գանգատը դիտարկել է որպես սույն թվականի հունվարին ՄԻԵԴ ներկայացված միջպետական գանգատի բաղկացուցիչ մաս՝ կցելով դրան: Այսպիսով, Եվրոպական դատարանը քննարկվող միջպետական գանգատը չի ընդունել որպես նոր, ինքնուրույն գանգատ»:  

Հայաստանի կառավարությունը մայիսի սկզբին Եվրոպական դատարան է ներկայացրել «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով դեռևս 2021 թվականի փետրվարի 1-ին ՄԻԵԴ ներկայացված միջպետական գանգատի լրացումներ՝ հավելելով նախկինում ներկայացված պահանջները և կցել նոր ապացույցներ:

Անդրադառնալով միջանկյալ միջոց կիրառելու մասին ադրբեջանական կողմի պահանջին՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը տեղեկացնում է, որ այդ մասով Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությանը հիշեցրել է.

«Դեռևս սույն թվականի մարտի 5-ին Եվրոպական դատարանի կողմից նույն հարցի առնչությամբ կայացվել է պահանջը մերժելու մասին որոշում՝ Դատարանի 39-րդ կանոնի, այսինքն՝ միջանկյալ միջոցի շրջանակից դուրս լինելու պատճառաբանությամբ»:

Եվրոպական դատարանը շեշտել է, որ 2021 թվականի մարտի 5-ի որոշումը դեռ ուժի մեջ է, և անհրաժեշտություն չկա նույն հարցի առնչությամբ նոր որոշում կայացնել։

Այսպիսով, Եվրոպական դատարանը քննարկվող միջպետական գանգատը չի ընդունել որպես նոր, ինքնուրույն գանգատ՝ շեշտում են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը:  

Ի դեպ, ականապատման քարտեզները տրամադրելու հարցով Ադրբեջանը ոչ միայն ՄԻԵԴ-ին է, այլև միջազգային այլ կառույցների է դիմել։ Փետրվարի 22-ին Բաքուն ՄԱԿ-ին էր պաշտոնապես դիմել՝ Հայաստանից պահանջելով  ականապատված տարածքների քարտեզները։

Կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին հասցեագրված դիմումում Բաքուն բողոք էր հայտնել, թե Հայաստանը պատերազմի ավարտից հետո Ադրբեջանին չի փոխանցել ականապատված տարածքների քարտեզները: Այդ դիմումում մասնավորապես ասված էր.

«Հայաստանը հրաժարվում է ճշգրիտ  տեղեկություններ հայտնել ականապատված տարածքների մասին, ինչը հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին»։   

Հարցն Ադրբեջանը հասցրել է  նաեւ ԵԽԽՎ-ի գարնանային լիագումար նստաշրջան։ Ստրասբուրգում ադրբեջանցի պատգամավորը խոսել էր ականապատ դաշտերի քարտեզների փոխանցման անհրաժեշտության մասին, ինչին արձագանքել էր ԵԽ-ի նախարարների կոմիտեում Գերմանիայի Դաշնային կառավարության հատուկ ներկայացուցիչ Միխայել Ռոթը՝ կոչ անելով Ադրբեջանին վերադարձնել հայ գերիներին, ապա հիշեցրել  ՄԻԵԴ-ի վճիռների կատարման անհրաժեշտության մասին։ Այս փուլում Բաքուն փորձում  է գերիների վերադարձի հարցը կապել ականապատված տարածքների քարտեզների տրամադրման հետ։ Ադրբեջանական կողմի այդ փորձերին արձագանքել է վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը։ Մեջբերում ենք.

«Ադրբեջանը փորձում է անհիմն մեկնաբանություններով արդարացնել այն, որ չի կատարում գերիների վերադարձի պայմանը»։    

Ադրբեջանական կողմից պարբերաբար են լուրեր տարածվում, թե Ադրբեջանը կհամաձայնի հայ գերիներին փոխանցել, երբ ականապատ տարածքների քարտեզները տրամադրման պահանջը բավարարվի։ Արձագանքելով դրանց՝ Հայաստանի արտգործնախարարությունը դեռ ամիսներ առաջ արձանագրել էր, որ առաջ է քաշվում կեղծ օրակարգ՝ միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներն ու 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներով ստանձնած հանձնառությունների չկատարումը քողարկելու համար ։

«Ըստ էության, ի պատասխան այս հարցում նաև միջազգային հանրության ճնշումներին, ադրբեջանական կողմը փորձում է իր համար արդարացման հիմքեր ապահովել՝ առաջ քաշելով ականապատ տարածքների քարտեզների կեղծ օրակարգ: Դրա մասին է վկայում նաև այն փաստը, որ ադրբեջանական պաշտոնյաների կողմից այդ հարցի բարձրացումը կրում է զուտ հրապարակային բնույթ»,-ասված էր ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ի արած հայտարարության մեջ:  

ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նույնպես կարծիք էր հայտնել, թե գերիների վերադարձման հարցը չի կարող կապվել ականապատ տարածքների քարտեզների տրամադրման հետ։

«Ականապատված տարածքների քարտեզներ մենք էլ ունենք, Ադրբեջանն էլ ունի։ Ավելին, առաջին պատերազմից հետո ունենք ականապատումներ, որոնք քարտեզագրված չեն։ Կարծում եմ` կարելի է այդ քարտեզը տալ, եթե կարող է մեր գերիներից մեկի կյանքը դա փրկել, սակայն քարտեզների մեջ  չէ խնդիրը»,- ասել է Քոչարյանը։

Նա նկատել էր, որ Ադրբեջանը սկզբում է նման պահանջ դրել, հետո փոշմանել է` որոշելով գերիներին չվերադարձնել և Հայաստանին մշտապես ճնշումների տակ պահել այդ հարցով։ Եթե ՀՀ իշխանությունները կարող են քարտեզի միջոցով գոնե մեկ գերու կյանք փրկել, ապա չեն զլանա այդ քարտեզները փոխանցել՝ լրագրողներին ասել էր Անդրանիկ Քոչարյանը։

Հիշենք նաեւ  Արցախում բարեգործական աշխատանքներով՝ ականազերծմամբ զբաղվող Բրիտանական «HALO Trust» կազմակերպության աղմկահարույց պատմությունը։ Հայտնի էր դարձել, որ հիշյալ կազմակերպությունը թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը, որն էլ հնարավորություն է տվել 44-օրյա պատերազմի ժամանակ բարեհաջող հաղթահարել Արցախի ՊԲ-ի պաշտպանական ականապատված տարածքները։ Այս տեղեկությունն ընկերությունը հերքել էր՝ շեշտելով, որ ականապատ տարածքների քարտեզներ հանձնելու պնդումը բացարձակապես սուտ է։ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Ռադիոլուրին» տեղեկացրել էր, որ հնարավոր լրտեսության մասին դեպքի վերաբերյալ հրապարակումները Գլխավոր դատախազությունում դարձել են ուսումնասիրության առարկա։ Ավելի ուշ հայտնի դարձավ նաեւ, որ Արցախի քննչական կոմիտեում  HALO Trust-ի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել։

Back to top button