ԿարևորՏնտեսական

Ստուգումները նվազում են, իսկ դժգոհություննե՞րը․․․

2021-ին ՊԵԿ-ը 10․2 տոկոսով ավելի քիչ հարկային ստուգում իրականացրել, քան 2020-ին։ Հաստատվել է Կոմիտեի՝ 2021թ. հուլիսի 1-ից  2022թ. հուլիսի 1-ն ընկած հատվածի համալիր ստուգումների տարեկան ծրագիրը: Նախատեսվում է իրականացնել 750 հարկ վճարողի համալիր հարկային ստուգում։  Ծրագրում գերակշռում են բարձր ռիսկայնության խմբում ներառված սուբյեկտները` շուրջ 98%։ 

Կոռուպցիային վերաբերող մի քանի հարց, որոնք բացահայտեցին՝ տնտեսավարողներն  անհանգստացած են հարկային ստուգումներից։  Առևտրարադյունաբերական պալատն ու «Այ Էմ Առ» հետազոտական կազմակերպությունը փետրվար-մարտ ամիսներին 400 տնտեսվարողի շրջանում հարցումներ են անցկացրել՝ պարզելու, թե որ հարցերն են ամենաշատը մտահոգում բիզնեսին։

Ոլորտները տարբեր են՝ թեթև արդյունաբերությունից մինչև առևտուր։ «Այ Էմ Առ»-ի տնօրեն Պետրոս Պետոյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ընդգծում է՝ տնտեսավարողներին բազմաթիվ հարցեր են մտահոգում՝ ապաշրջափակումից մինչև հարկային ստուգումներ ու  կոռուպցիա։ 2018-ին հարկային վարչարարությունից դժգոհությունները երրորդ տեղում էին,  2021-ին դրանք նվազել են ու հայտնվել ութերորդ հորիզոնականում։ Պետրոս Պետոյանը մանրամասնում է․

«Ստուգումների ժամանակ բիզնեսն ունի այսպիսի ընկալում, որ տեսուչն այնքան է   գործընթացը ձգձգում, որ  ասում են՝ ավելի լավ է տուգանեք, ակտ գրեք, գնացեք։ Դա ուղիղ կաշառք չի, բայց ընթացակարգը շատ բարդ է»։

ՊԵԿ-ում հակառակն են պնդում․ վստահեցնում են․ տարեցտարի ստուգումների ծավալը  նվազում է։ 2020–ին հարկային մարմնի ստուգումների քանակը 2019-ի համեմատ մոտ 10  տոկոսով նվազել է։ Այս տարվա  ստուգումների ցանկն էլ պատրաստ է։ 734 բարձր ռիսկայնություն, 10 միջին ռիսկայնություն և 6 ցածր ռիսկայնություն ունեցող հարկ վճարողներ են առանձնացվել։  Այս ընկերություններում ՊԵԿ-ը տարվա ընթացքում ստուգումներ է կատարելու։ Ցանկում հիմնականում խոշոր հարկ վճարողներն են՝ Զանգեզուրի ու Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատները, «Գրանդ Տոբակո»-ն, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերությունն ու ոչ միայն։

Ցանկում ընդգրկված են ընկերություններ տնտեսության գրեթե բոլոր ոլորտներից՝ բանկեր, ՈՒՎԿ, գործարաններ, բուհեր ու գիտական կենտրոններ։ Ցանկում ներառված տնտեսվարողների մի մասին ՊԵԿ-ը ստուգել է մոտ վեց, մյուսներին՝ ընդամենը երկու ամիս առաջ։ Ընկերությունների ընտրության պատճառաբանությունը կա՝ ընտրել են առավել ռիսկայինները։ Ցանկում ներառված ընկերությունների մի մասում էլ հարկային ստուգումներ չեն անցկացվել։ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը 2020-ի տվյալներն է ներկայացնում

«ՊԵԿ-ի որդեգրած քաղաքականությունն է՝  նվազեցնել հարկային ստուգումները, գործել հնարավորինս հասցեական։ Իրականացված ստուգումների թվի կրճատման պայմաններում 44․7 ավելացել է արձանագրված լրացուցիչ պարտավորությունների գումարը։ 61․2 տոկոսով ավելացել է նաև մեկ ստուգմանը բաժին ընկող ստուգման գումարը»։

Տնտեսագետ Գագիկ Մակարյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ընդգծում է՝ բիզնեսն այսօր Հայաստանում ծանր վիճակում է, սա պայմանավորված չէ միայն համավարակով։

Բացասաբար ազդեց հատկապես պատերազմը․ «Տեղական բիզնեսը ինչ-որ կարողանում, այն էլ անում է։  Համավարակի ու պատերազմի պատճառով է, որ մենք այսօր Հայաստանում աշխատուժի դեֆիցիտ ունենք։ Մոտ 20 հազար աշխատող  զոհվել է կամ վիրավորվել։ Մենք այդ դեֆիցիտը դեռ չենք լրացրել»։  

Բիզնեսը, արդեն երկու տարի, ոչ թե ներդրումներ է  կատարում, այլ իր ռեսուրսներն է ծախսում աշխատավարձ ու հարկեր վճարելու համար,- ասում է տնտեսագետն ու  ընդգծում՝ պետական տարբեր կառույցներ այս փուլում տարբեր մոտեցումներ ունեն, ինչը միայն վնասում են տնտեսությանը։ Ամփոփելով ընդգծում է՝ մարտահրավերները դասակարգված չեն, առաջնահերությունները որոշված չեն։

Ցուցադրել ավելի
Back to top button