ԿարևորՏնտեսական

Հայաստանի տնտեսության ապագան՝ ըստ ընտրական խոստումների

Լարված քարոզարշավի ընթացքում քաղաքական հայտարարություններն ու փոխադարձ մեղադրանքները կլանում են գրեթե ամբողջ ժամանակը: Բայց ընտրողը նաև պետք է հասկանա, թե ի՞նչ ծրագրեր են առաջարկում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը: Հայտնի է, որ քաղաքականության շարժիչ ուժը տնտեսությունն է: Հայաստանյան քաղաքական ուժերը ստիպված են իրենց ծրագրերը ներկայացնել բարդագույն շրջանում, երբ համավարակից և պատերազմից հետո շատ բան դեռ անորոշ է, իսկ ծրագրերում ներկայացված հաշվարկները հետագայում կարող են այդպես էլ չիրականանալ: Ամեն դեպքում այսօր փորձենք ամփոփել քաղաքական ուժերի տնտեսական խոստումները: 

Պատերազմի և համավարակի տնտեսական անկումային հետևանքները դեռ առջևում են: Տնտեսագետներն իրենց կանխատեսումներում անգամ թիվ են նշում՝ մինչև 2023 թվականը այդ հետևանքները դեռ զգալի են լինելու՝ անկախ նրանից, թե ով կլինի իշխանության: Ընտրություն կատարելու համար նախ անհրաժեշտ է համակերպվել այս իրողության հետ,  հետո արդեն գնահատել ստեղծված իրավիճակում քաղաքական գործիչների խոստումների իրատեսական լինելը։   

Գործող իշխանությունն ասում է՝ նախորդ 5-ամյա ծրագիրը չհասցրին իրականացնել: Կարողացան միայն հնարավորինս կարգավորել օրենսդրական դաշտը: «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագրի տնտեսական հատվածը լինելու է եղածի շարունակությունը՝ ասում է տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավորի թեկնածու Բաբկեն Թունյանը:

«Հիմա արդեն տնտեսությունը որոշակի վերականգնման նշաններ է ցույց տալիս: Մեր նպատակը նախ տնտեսական հավասար հնարավորություններ ստեղծելն է բոլորի համար, և երկրորդ՝ այնպես ասնել, որ այդ տնտեսական աճը բերի գործազրկության մակարդակի նվազման, միջին խավի ձևավորման, բարեկեցության աճի և աղքատության նվազման: Սրա հիմնական ճանապարհը լինելու է արտադրողականության աճը և ներդրումների խթանումը»,- ասաց Բաբկեն Թունյանը:

Իշխող ուժի նախընտրական ծրագրի տնտեսական բաղադրիչը թվերով այսպիսին է՝ ՀՆԱ-ի աճ միջինում 7%, մոտ 18% գործազրկության կրճատում մինչև  10%,  աղքատության մակարդակի կրկնակի նվազեցում, կենսաթոշակի համապատասխանեցում նվազագույն սպառողական զամբյուղին: «Քաղաքացիական պայմանագիր»-ը ընդարձակ ծրագիր է ներկայացնում ընտրողին:

Խոստումնալից ծրագիր կարող էր ներկայացնել նաև Հայ Ազգային Կոնգրեսը, սակայն այդ ուժից վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանն օրերս խոստովանեց՝ գեղեցիկ ծրագիրը դրել է մի կողմ՝ անհրաժեշտ համարելով արտակարգ ծրագրով հանդես գալ՝ hանրապետությունում բռնկված «հրդեհը» մարելու համար: Այս ուժից պատգամավորի թեկնածու Բագրատ Ասատրյանն առաջնահերթ քայլերն է թվարկում:

«Առաջնային խնդիրը, ես կարծում եմ, նաև տնտեսական քաղաքականության համար անվտանգային խնդիրն է: Մենք ունենք ռեգիոնալ խնդիրներ, հասկանում ենք, որ առաջնահերթ միջոցառումների միջոցով Սյունիքում տնտեսական նորմալ միջավայր ստեղծելու խնդիր կա: Այստեղ խոսքը թե ենթակառուցվածքների մասին է, թե ճանապարհների և այլն, և այլն: Խնդիրների երկրորդ հատվածը լայն ասեմ՝ մակրոտնտեսական կայունության պահպանման և դրանով պայմանավորված բազմաթիվ խնդիրների լուծման: Մեր տրամադրվածությունը հենց սա է: Նախ և առաջ պետք է վիճակի կայունացման ուղղված միջոցառումներ անել: Ցուցանիշերի մասով պարզ ասեմ՝ ողբերգական բան չկա, բայց նաև կա գիտակցումը, կա ընկալումը, որ մի օրում կարող է ամեն ինչ դեպի անդունդը շատ արագ գլորվել»,- նշեց է Ասատրյանը:

Մասնագետները նշում են, որ քաղաքական ուժերի տնտեսական ծրագրերը շատ ընդհանրություններ ունեն:
«Հայաստան» դաշինքից Ալեքսանդր Խաչատուրյանի համար, օրինակ, ընկալելի է գործող իշխանության կողմից տնտեսական ոլորտի համար օրենսդրական դաշտի բարելավումը: «Հայաստան» դաշինքում նույնպես շեշտը դնում են այսօրվա իրողությունների վրա: Ապագա ծախսերը պետք է հաշվարկել ոչ թե խոստումներով, այլ իրողություններից բխող հաշվարկներով՝ ասում է Խաչատուրյանը.

«Առաջին բանը, որ ուզում ենք անել, դա արդեն ֆունդամենտալ անհրաժեշտություն է՝ եթակառուիցվածքային ծախսերն են: Ընդ որում պետք է սկսենք այն ծախսերից, որոնց առերեսվել ենք նոր իրողություններում: Ակնհայտ է, որ թե ճանապարհաշինության, թե ջրամբարաշինության, թե էլեկտրական, թե գազի ենթակառուցվածքների մասով պետք է լրջագույն աշխատանք կատարենք, որպեսզի հասկանանք՝ այս նոր քարտեզի վրա մեր ենթակառուցվածքները արդյո՞ք մեզ տալիս են հնարավորություն, որ մենք ապրենք հանգիստ: Երկրորդը՝ փորձելու ենք վերագործարկել պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերը, որովհետև կան ոլորտներ, որտեղ ՓՄԳ-ների միջոցով մենք կարողանալու ենք նաև ենթակառուցվածքային ծրագրեր անել: Օրինակ՝ ջրամբարաշինության մասով: Մեր մոտեցումն այն է, որ մենք պետք է մի պահ դադար վերցնենք և կենտրոնանանք ինդուստրիալ, արդյունաբերական քաղաքականության վրա և ելնելով մեր գերականություններից՝ գնանք այդ աջակցության մեխանիզմները ֆիքսենք: Որովհետև հիմա գայթակղությունը շատ մեծ է՝ որ ինդուստրիայի հետ խոսում ես, գալիս են երկու խնդրանքով՝ փող տվեք ու հարկ մի ուզեք: Բայց դա, բնականաբար, իրատեսական չէ»: 

«Հայաստան» դաշինքի ներկայացուցչի կարծիքով՝ Հայաստանի լավագույն դեսպաններն այս փուլում ներդրողներն են, անգամ եթե նրանց թիվը փոքր է։ Հայաստանից նրանցից գնացող ազդակները կարող են ինչպես բարելավել, այնպես էլ վատթարացնել ներդրումային վիճակը:

Երկրի կառավարման փորձ ունեցող նախկին քաղաքական ուժերին միավորած «Պատիվ ունեմ» դաշինքի առաջարկած տնտեսական քաղաքականության մոդելը միտված է արտահանմանը: Իհարկե, համավարակով պայմանավորված սահմանափակումները նույնպես հաշվարկված են՝ ասում է դաշինքի ներկայացուցիչ Ռոբերտ Հարությունյանը:

«Ակնհայտ է, որ բիզնես և ներդրումային միջավայրը պետք է լինի բարենպաստ և մրցունակ, բայց միայն դա բավարար չէ: Այսօրվա դրությամբ ներդրողներն իրականում պայքարում են արդյունավետ, որակյալ մասնագետների և մրցունակ գաղափարների համար: Ակնհայտ է, որ պետք է թիրախավորել բարձր արժեքներ ձևավորող ոլորտներ, որովհետև կոպիտ ասած՝ 1 դոլար ծախսի դիմաց պետք է ստանաս անհավատալի բարձր արդյունք, քան ունես ավանդական ոլորտներում: Ակնհայտ է, որ, օրինակ, թեթև արդյունաբերությունը կարող է դառնալ մեր տնտեսական «դրայվերներից» մեկը, որովհետև ավելի շատ սոցիալական ոլորտ է՝ շատ աշխատողներ կան: Բացի դրանից՝ որակի և դիզայնի տեսանկյունից ավելի մրցունակ ես: Գյուղատնտեսության մասին չես կարող մոռանալ, որովհետև արդեն այս իրավիճակում միգուցե պետք է մտածել որոշակի առումով պարենային անվտանգության մասին»:

Ամենամեծը, թերևս, Հայաստանի Եվրոպական կուսակցության տնտեսական ծրագիրն է՝ 385 էջ: Սակայն այստեղ թվեր, հաշվարկներ ու նոր բանաձեւեր չեն, պարզապես նախընտրական ծրագրի այդ հատվածում դրել են CEPA-ն՝ Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության ողջ համաձայնագիրը: Այս քաղաքական միավորի ղեկավար Տիգրան Խզմալյանը տնտեսական գործակցության բոլոր ասպեկտները պայմանավորում է արևմուտքի հետ կապերով: Պարբերաբար մատնանշում է Վրաստանի և Ուկրաինայի օրինակը.

«Վրաստանը և Ուկրաինան վճարեցին դրա համար տարածքով, որն, ի միջի այլոց, վերադաձնելու են, համենայն դեպս՝ մեծ մասը: Սակայն իրենք ստացան երաշխիքներ և իրենք ստացան փոխհատուցում: Մենք և վճարեցինք, և ոչինչ չստացանք, որովհետև պաշտպանության համար անգամ չդիմեցինք արևմուտքին: Իրենք բերել են երկիրն օրենքի դաշտ, արևմտյան արժեքների դաշտ և իրենք ստացան բազմաթիվ, հսկայական ֆինանսական ներդրումներ այդ թվում՝ԱՄՆ-ից և Եվրոպայից, անգամ Չինաստանից: Այսինքն՝ մենք շատ վաղուց և մենք պետք է անեինք դա, ինչ արեց Վրաստանը, և արևմուտքը մեզ դա վաղուց առաջարկում է»,- ասաց Տիգրան Խզմալյանը:

Ուշագրավ է, որ Հայաստանի եվրոպական կուսակցությունն ընդունված ձևաչափով նախընտրական ծրագրի փոխարեն ներկայացրել է Հայաստանի Անկախության հռչակագիրը: Քաղաքական այս միավորի կողմնակիցների համոզմամբ՝ այդ փաստաթղթի 12 կետերից ոչ մեկը դեռ չի իրականացվել: Ամեն դեպքում՝ քաղաքական ուժերի տարակարծությունների ու հավակնությունների խառնաշփոթում տնտեսական ծրագրերը երբեմն դիտվում են որպես ածանցյալ ու այս ընթացքում ամենալուրջ շեշտադրումներով չէ, որ ներկայացվում են։

Ցուցադրել ավելի
Back to top button