ԿարևորՀասարակություն

Կարգախոսներ ամեն ինչի ու ոչնչի մասին․ որքանո՞վ է տպավորիչ քաղաքական ուժերի «ինքնագովազդը»

Այս ընտրությունները տարբերվելու են մյուսներից, քանի որ ծրագրային, գաղափարախոսական առանձնակի քննարկումներ չկան։ Հասարակությունն առավելապես զգացմունքային որոշում է կայացնելու՝ փորձելով կողմնորոշվել նախկին ու ներկա հայտնի, ինչպես նաև գրեթե մեկ տասնյակ անհայտ ուժերի միջև։

Հատկապես չկողմնոշված ընտրողի համար որքանո՞վ են տպավորիչ ու գայթակղիչ քաղաքական ուժերի կարգախոսները, ու կարո՞ղ են դրանք քաղաքացուն իրենց դաշտ բերել՝ ռեպորտաժում PR մասնագետի դիտարկումներն են։

Զարթնի՛ր, վե՛ր կաց, ուղղի՛ր մեջքդ, քվեարկի՛ր, ե՛կ պայքարենք, հանուն հայի ու Հայաստանի, զի քո է, լրջանալու պահը, ուշ չէ, ապագա կա, ազգն ընտրելու է ապագան դեպի ուժեղ Հայաստան․․․․ մոտավորապես այսպիսին է 2021թ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի կարգախոսների խճանկարը, որում ասելիքի «գույները» խառնվում են։ Իսկ հիմա՝ հերթով։ 25 քաղաքական ուժ՝ 14 ամենատարբեր կարգախոս՝ ամենատարբեր հորդորներով, ասելիքով ու հուզական ձևակերպումներով։ Որոշ ուժեր կարգախոս ընդհանրապես չունեն, որոշ ուժեր ունեն մեկից ավելի։ Որքանո՞վ են այս կարգախոսները տպավորիչ, հիշվող, ու որքանո՞վ են ճանաչելի դարձնում տվյալ քաղաքական ուժին։

«Նախ եկեք արձանագրենք մի բան․ Հայաստանում արտահերթ, աննախադեպ ընտրություններ են տեղի ունենում, և սա նշանակում է, որ քաղաքական ուժերը չեն կարողանալու արագ դիրքավորվել և հանրային մեծ լսարանի աջակցությունը վայելել։ Նոր ուժերը, եթե նույնիսկ ունենան շատ ուժեղ կարգախոս, միևնույն է՝ դա  ազդեցություն չի ունենա, որովհետև ինչքան էլ սոցիալական մեդիան, հեռուստաեթերը օգտագործվի, հաղորդակցություն համար ժամանակ է պետք»,– ասում է Հայկական PR ասոցացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը։

Հայկական PR ասոցացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյան

Կարգախոսները պետք է կարճ լինեն և նույնականացվեն տվյալ քաղաքական ուժի, գաղափարի ու առաջին դեմքի հետ՝ PR մասնագետի դիտարկումն է։ 25 քաղաքական ուժ և ընդամենը 1 ընտրություն․ պետք է ամեն ինչ անել՝ տպավորելու համար հատկապես այս ժամանակահատվածում։ Իսկ իրականում ո՞րն է տպավորիչ՝ կարգախոսները գնահատում է PR մասնագետը՝ առանց անդրադառնալու, թե որ քաղաքական ուժինն է դա։  

«Աշխատանք և անվտանգություն»- Գրեթե ոչինչ չասող կարգախոս է, որովհետև կարգախոսը պետք է մղի որոշակի գործողության։ Ուշադրություն գրավելու ոչ մի բան չկա։

«Միտք, միասնություն ուժ»-  պարզապես որոշակի բառեր, որոնք օգտագործված են։ Ոչ քարոզարշավային կարգախոս է։

«Ոչ նախկին, ոչ ներկա, ազգային ապագա»-  էլի ուժեղ չէ․ որոշակի առումով դինամիկա կա, ի տարբերություն մյուսների, բայց զարգացում, ինչ-որ հանգուցալուծում չկա։

«Ուշ չէ, զարթնի՛ր և պայքարի՛ր»- Ինչ-որ լավատեսական բան կա, լավն է, բայց էլի շատ երկար է․ ինչքան ստորակետեր, այդքան ավելի վատ հիշվող»,– մեկնաբանում է Աստղիկ Ավետիսյանը։

«Լրջանալու պահն է», «Ուշ չէ, զարթնի՛ր ու պայքարի՛ր»,  «Ուղղի՛ր մեջքդ: Կպնե՛նք գործին, որ ապրենք»,  «Նախկինի ու ներկայի միջև մեր ազգն ընտրելու է ապագան»,  «Ապագա կա՛»։ Այս ու այսօրինակ կարգախոսները մասնագետը գնահատում է այսպես․

«Բնականաբար ընտրվում են տվյալ ժամանակահատվածին բնորոշ կարգախոսներ։ Այսօր քաղաքական ուժերի մեծ մասը հենց այդպիսի կարգախոսներ է ընտրել, որոնք մի կողմից ինչ-որ վատատեսություն, մտահոգություն ունեն, օրինակ «Վե՛ր կաց», «Ուշ չէ, զարթնի՛ր», «Ե՛կ պայքարենք»։ Կարծես թե, հասարակությունը թմբիրի մեջ է հայտնվել, և քաղաքական ուժերը նրան մղում են արթնանալու և գործողություններ անելու»։

Արագ թվարկելու դեպքում որո՞նք կտպավորեին ու կհիշվեին․ հարցին պատասխանում է Հայկական PR ասոցացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը․

«Ամենակարճ և լավ կարգախոսը թերևս՝ «Դեպի ուժեղ Հայաստան»․ այստեղ օգտագործվել է այն միտքը, որ հասարակությունը վստահության, անվտանգության կարիք ունի, և դրա հիմքն է դրվել։ Ինչ-որ առումով՝ «Ուղղի՛ր մեջքդ, կպնե՛նք գործին, որ ապրենք»․ օգտագործված է էլի անվտանգության հետ կապված որոշակի սիմվոլիկա։ Այս ընտրարշավին օգտագործվում է խոսակցական բառապաշարին հատուկ բավականին շատ բառեր, օրինակ՝ «Կպնե՛նք գործին»։

Սոցիալական որոշ հարցումներ ցույց են տալիս՝ շատերն անտարբեր են և հակված չեն ընտրություններին մասնակցել։ Աստղիկ Ավետիսյանն արձանագրում է՝ այս ընտրություններին ծրագրային, գաղափարախոսական քննարկումներ առանձնապես չեն ծավալվում, հասարակությունն ավելի շատ զգացմունքային որոշում է կայացնելու, ու եթե չկա բովանդակային ասելիք, չի փրկի անգամ ուժեղ կարգախոսը։ 

Ցուցադրել ավելի
Back to top button