ԿարևորՀասարակություն

Իրատեսակա՞ն է անվտանգության գոտու ստեղծումը․ սյունեցիները սպասում են

Նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Սյունիքի մարզի 37 համայնքներ դարձան սահմանամերձ։ Պաշտոնապես սահմանազատում դեռ չի արվել, բայց թշնամու զինվորների՝ Հայաստանի տարածք մտնելու պատճառով այս համայնքների մեծ մասին ադրբեջանական  կողմի  նախանշած սահմանը այսօր շատ մոտ է։

Կապանի տարածաշրջանի Շիկահող գյուղի վարչական ղեկավար Նարե Ղազարյան․ «Իրանց սահմանը ավարտվում է, մերը սկսվում է, չունենք նաև մետրի հեռավորություն վարելահողերից։ Կա, որ իրենց դրոշը մեր դաշտի եզրին է, որովհետեւ իրենց սահմանն ու մեր սահմանը չունեն հեռավորություն»։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը առաջարկում է Ադրբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներովում ստեղծել անվտանգության գոտի։ ՄԻՊ-ի աշխատանքային խումբը օրեր առաջ նորից Սյունիքում էր՝  անվտանգության գոտու  հայեցակարգի համար լրացուցիչ փաստահավաք աշխատանքներ կատարելու։ Պաշտպանի դիրքորոշմամբ՝ անվտանգության գոտին անհրաժեշտ է Հայաստանի սահմանային բնակիչների անվտանգությունը երաշխավորելու համար:  Փաստահավաք խումբը եղել է Տեղ խոշորոցված համայնքում։ Տեղի համայնքապետ Ներսես Շադունցը հետաքրքվել է՝ բավարա՞ր է անվտանգություն գոտին, որ սահմանամերձ գյուղերի բնակիչներն իրենց  ապահով զգան․

«Անվտանգության գոտի ասվածը բնակավայրերին մոտիկ կանգնած հակառակորդի պոստերի հետ քաշելվելն ա, որ իրանց տարածքի հաշվին անվտանգային  գոտի ստեղծվի։ Իմ պատկերացմամբ էդպես է։ Եթե հետ քաշվեն, ապա Խնածախում, Խոզնավարում,  Արավուսում, Կոռնիձորում ունենք նման հատվածներ։ Վատ չի լինի, լավ գաղափար է»։

Ըստ ՄԻՊ–ի, Սյունիքի և Գեղարքունիքի գյուղերի հարևանությամբ, Սյունիքի միջհամայնքային ճանապարհներին ադրբեջանական զինվորականներ, դրոշներ ու ցուցանակներ չպետք է լինեն: Այսօրվա վիճակը ոտնահարում է սահմանային բնակիչների կենսական իրավունքները․ խոսքը կյանքի, սեփականության, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, արժանապատիվ ապրելու իրավունքների մասին է։ Շիկահողցի 56-ամյա Նորիկ Ղազարյանը ամեն օր ադրբեջանցիների է տեսնում․

«Որ մի քիչ հեռու լինեն, չտենանք՝ լավ կլինի։ Բայց որ տենում ենք, ներքևից երևում են, իրանց պոստերը, մեր պոստերը երևում են։ Ցորենի դաշտերին են իրանք մոտիկ»։

Ներսես Շադունցը նկատում է՝ հակառակորդը դիրքը շատ հարմար է գյուղին հետևելու համար, ու դա անհանգստացնում է բնակիչներին։

«100-200 մետր հեռավորության վրա կանգնած են իրանք։ Իշխող դիրքի վրա են։ Եթե իրանք էնդեղից մի 100-200 մ հեռու գնան, որ իրանց տեսադաշտում չդիտարկվի բնակվայրը, ժողովուրդը հանգիստ կլինի, մեզ էլ չեն խանգարի»,-ասում է։

Անվտանգության գոտին գրեթե նույն չեզոք գոտին է՝  պարզաբանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը, բայց որոշ տարբերություններ կան։  Եթե չեզոք գոտում կարող են զինված խմբեր, ադրբեջանցիներ հայտնվել, ապա անվտանգության գոտիներում նման իրավիճակ չի կարող լինել, և ամենակարևորը՝ անվտանգության գոտին խախտողները  ոչ թե գերեվարվում են, այլ՝ վերադարձվում։ Ի դեպ, անվտանգության գոտում տարածքը կողմերի միջև հավասար է բաժանվում․ եթե որոշվում է, որ այն պետք է 700 մետր լայնություն ունենա, ապա յուրաքանչյուր կողմը պիտի ունենա 350 մետր առանձնացվում է։  

Կարեն Հովհաննիսյանն ասում է․ «Ի տարբերություն չեզոք գոտու՝ այս դեպքում  կա հստակ բաժանում․ հստակեցվում է՝ կոնկրետ 1կմ, թե՞ օրինակ՝ 700 մետր է լինելու այն։ Անվտանգության գոտիներից հետո են միայն  սահմանապահ ուղեկալներ կամ դիրքեր տեղադրվում։ Եթե մեզ մոտ դա հաջողվի կիրառել, ապա այն առաջին հերթին երաշխավորելու  է սահմանամերձ բնակիչների անվտանգությունը, ինչպես նաև այգեգործությամբ ու անասնապահությամբ զբաղվելու նրանց հնարավորությունը»։

Իսկ մինչ անվտանգության գոտիների ստեղծումը, համայնքների ղեկավարները իրենք են բանակցում ռուս սահմանապահների հետ, որ կարողանան հակառակորդի թիրախում գտնվող խոտհարքներում հունձ սկսեն։ Տեղի համայնքապետ Ներսես Շադունցին հաջողվել էր ռուսների հետ ձեռք բերել պայմանավորվածություն՝ Լաչինի միջանցքի խոտհարքները հնձելու համար․հետաքրքվեցին՝ ո՞ր փուլում են աշխատանքները։

Ներսես Շադունց․ «Էս պահի դրությամբ որոշ հատվածներում խոտհունձը սկսվել է, փորձում ենք որոշ  տարածքներում էլ աշխատանքներ տանել, որ դրանք էլ հնձվեն։ Հիմնականում հակահրդեհային տեսակյունից ենք մոտենում, որ հրդեհներ չբռնկվեն։ Թե ոնց կավարտվի ընթացքը, ժամանակը ցույց կտա»։

Ե՛վ համայնքների ղեկավարները, և՛ փորձագետները կարևորում են անվտանգության գոտու անհրաժեշտությունը, բայց դրա ստեղծումն այսօր քիչ հավանական է թվում։ Ինչպիսին կլինի կողմերի պաշտոնական արձագանքը Պաշտպանի առաջարկին, դեռ հայտնի չէ․ ՄԻՊ աշխատանքային խումբը Սյունիքում ավարտել է փաստահավաք առաքելությունը և այժմ ամփոփում է հավաքված տեղեկատվությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button