ԿարևորՀասարակություն

Անվտանգության խնդիրների լուծումը՝ կուսակցությունների ծրագրերում

Ինչպիսի՞ն  պիտի լինեն բանակն ու ռազմարդյունաբերությունը, ինչպե՞ս պետք է պաշտպանել սահմանները, կառուցել հարաբերություններն արտաքին աշխարհի հետ․ հարցերը հետաքրքրում են քաղաքացիներին։ Իսկ քաղաքական ուժերը, արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախաշեմին, վստահեցնում են, որ գիտեն կամ կգտնեն դրանց պատասխանները։

Մինչև պատերազմը 27 տարի զբաղվեցինք ինժեներական աշխատանքներով,  պատերազմը սկսվեց՝ աշխատանքները ավարտված չէին, ասում է ․ «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Մհեր Տերտերյանը։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններում նրա ղեկավարած կուսակցությունը 7-րդն է։  «Ռադիոլուր»–ի հետ զրույցում երկրի անվտանգությունը ապահովելու իր տեսլականն է ներկայացրել՝ խրամատային մտածողությունը մեզ փակուղի է տանում, անվտանգության ոլորտում նորամուծությունների կարիք կա.

«Մենք խոսում ենք, որ ժամկետային ծառայությունը կարող է նվազել՝ 2-ից դառնա 1 տարի, և դրա հստակ ճանապարհը տեսնում ենք։ Մենք պետք է մեր զինվորին բանակից տուն ուղարկենք իր մարտական զենքով։ Մենք խոսում ենք, որ պետական-մասնավոր համագործակցությունը ռազմարդյունաբերության սեգմենտում պետք է դառնա ավելի արդիական և ավելի գործնական դաշտ անցնի։ Մենք խոսում ենք այն մասին, որ ռադմարդյունաբերության կոմիտեն պիտի վերադառնա բարձր տեխնոլոգիաների նախարարությունից դեպի պաշտպանության նախարարություն և ստեղծվեն հարթակներ, երբ պետական պատվերը հստակ է, ռազմարդյունաբերության ոլորտը կարողանում է այդ պատվերը հասկանալ և դրան անդրադառնալ, լուծումներ տալ»,- ներկայացնում է Մհեր տերտերյանը։

Երկրում անվտանգությունը ամրապնդելու համար բանակում փոփոխությունների  անհրաժեշտություն է տեսնում հաև «Հանրապետություն» կուսակցությունը։ Առաջարկում են 4 քայլ։

  1. Ապահովել բանակը ժամանակակից սպառազինությամբ, գործողությունները ավտոմատացնել որքան հնարավոր է․ինտելեկտուալ ռազմական գործողությունները կիրականացնեն սպաները։
  2. Սահմանապահ զորքերը պետք է բաղկացած լինեն պայմանագրային զինծառայողներից, աշխատավարձը պետք է կրկնապատկվի։
  3. Կուսակցությունը կանի քայլեր, որ զինվորականի մասնագիտությանը դառնա էլիտար, զինվորականի պատիվը բարձր լինի։
  4. Կարևորում են նաև դաշնակիցների հետ հարաբերությունների հստակեցումը։

«Ունենք 2 ճանապարհ, կամ արտաքին քաղաքական դաշտում մեր շահը սպասարկելու փոխարեն բոլոր խնդիրներում սպասարկում ենք ռուսական շահը, հետևաբար հայաթափում ենք ու կորցնում ենք Ղարաբաղը, ունենում ենք միջանցնքեր Սյունիքում ու օր օրի ավելի ենք թուլանում, կամ արտաքին քաղաքական հարցում սպասարկում ենք մեր շահը»–կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն է նշում։

Սյունիքում միջանցք ունենալու հնարավորությունը բացառում է նաև «Արդար Հայաստան» կուսակցությունը։ Նորայր Նորիկյանը նշում է՝ կողմ են կոմունիկացիաների ապաշրջափակմանը․

«Մեղրիի միջանցք հասկացությունը անկախ քաղաքական կողմնորոշումից պետք է վիժեցվի և դատապարտվի, չի կարող Մեղրիի միջանցքի վերաբերյալ որևէ համաձայնություն լինել։ Կոմունիկացիաների ապաշրջափակմանը մենք կողմ ենք, դա հաղորդակցության հնարավորություն է տալու տնտեսական շրջափակումից դուրս գալու, բայց դա չպետք է լինի մեր ազգային արժանապատվության նսեմացման, ազգային ինքնության վիրավորանքի և մեզ պարտադրելու եղանակներով»։

Պետք է հայտարարել, որ Ադրբեջանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը, Հայաստանի տարածքները, և չեղարկել միջանցք տրամադրելու գործընթացը․ ասում է «5165» կուսակցության պատգամավորության թեկնածու Մենուա Սողոմոնյանը։ Շեշտում է՝ Արցախի խնդիրը պետք է նորից տանել խաղաղ կարգավորման դաշտ և լավացնել հարաբերությունները ռազմական դաշնակցի հետ․

«Արտաքին քաղաքականության, անվտանգային համակարգի մասին․ մեր տարածաշրջանի անվտանգային ճարտարապետությունը այնպիսինն է, որ այստեղ կա երկու խաղացող՝ Ռուսաստան և Թուրքիա, այս երկու երկրները բնական հակառակորդ երկրներ են, Թուրքիայի ազդեցությունը գնալով մեծանում է, ինչը հակասում է նաև Ռուսաստանի շահերին։ Մենք պետք է այս պարագայում օգտագործենք Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային գործընկերության մեջ չիրացված պոտենցիալը»,– Մենուա Սողոմոնյանի տեսակետն է։

«Ազատական» կուսակցությունը կարևորում է պրոֆեսիոնալ բանակի ստեղծումը։ 1 տարի պարտադիր ծառայությունից հետո զինվորը կընտրի՝ ուզու՞մ է շարունակել ծառայությունը, թե՞ ոչ։ Եթե այո, կնքվում է պայմանագիր, որով պայմանագրային զինծառայողին առաջարկվում են սոցիալական լավ պայմաններ՝ տուն, բարձր աշխատավարձ  և այլն։ Սակայն նախքան այս գործընթացին անցնելը, սահմանային հարցերը կարգավորելու իրենց տարբերակն է առաջարկում կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը։ Ասում է՝ այսպես հնարավոր կլինի նաև գերիներին վերադարձնել․

«Առաջին հերթին եռամսյակային հավաքով ամբողջ սահմանի բացերը կրացվեն, դրա հետ մեկտեղ կլինի հատուկ նշանակության ջոկատ, որոնք կլուծեն ՀՀ սահման ներթափանցած ադրբեջանցիների խնդիրը․ գերևրարում ես, քրեական գործը հարուցում ես որպես տեռորիստ (ոնց որ իրենք են արել), հետո ասում՝ փոխանակենք»։

Հայաստանի անվտանգության խնդիրների լուծման այսպիսի տարբերակներ ունեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող 25 ուժերից 5–ը։

Մինչև ընտրություններ՝ «Ռադիոլուր»-ը կներկայացնի մյուս ուժերի ծրագրային դրույթները նույնպես։

Ցուցադրել ավելի
Back to top button