ԿարևորՀասարակություն

Ախորժելի տեսքը՝ հաճախ վտանգավոր․ սննդային հավելումները թույլատրելիի՞, թե՞ անթույլատրելիի սահմաններում

Ինչպե՞ս կարող է շարքային սպառողը հասկանալ՝ ինչ է գնում եւ ինչպես հասկանա՝ արդյո՞ք սեփական ձեռքով սեփական առողջության համար վտանգավոր մթերք չի գնում։ «Ռադիոլուրի» զննող, սակայն ոչ մասնագիտական աչքն արձանագրում է, որ ներկայում վաճառվող մթերքի բաղադրության մեջ շատ հաճախ են թվարկվում սննդային հավելումներ։

Վստա՞հ եք, որ անվտանգ թվացող հացաբուլկեղեն, բլիթներ, կաթնամթերք, յոգուրտներ գնելիս ճիշտ պատկերացում ունեք ձեր իսկ գնածի որակի ու դրանում սննդային հավելումների քանակի մասին, անգամ եթե մանրամասն ուսումնասիրում եք դրա մակնշումը։

«Ռադիոլուրի» հետ զրույցում մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը այսպես ասած «մեդիափորձագիտական» դիտարկման է ենթարկում նաեւ խանութից ձեռք բերող սնունդը․ «մարդ ուզի էլ՝ չի կարող հասկանալ՝ ինչ է ուտում»՝ տարակուսում է՝ հիշելով իր գնած տորթը։

«Գրված էր սերուցքային կարագ, հետո բավականին շատ քիմիական նյութեր, մի քանի տող ներքև՝ նորից սերուցքային կարագ։ Շատ դեպքերում մարդ նույնիսկ չի էլ կարող հասկանալ, թե ինչ է ուտում, որովհետև գրածից ընկալելի չէ, թե ինչի հետ գործ ունի։  Այդքանը կարդալուց հետո ուտելու ցանկությունն էլ կորավ»։

Ձեր իսկ ընտրած մթերքի բաղադրությանն առավել բծախնդրորեն ծանոթանալուց հետո հնարավոր է ընդհանրապես չցանկանաք այն ավելացնել ձեր զամբյուղի մեջ՝ նկատում է սննդագետ Դավիթ Պիպոյանը։ Զգոն աչքով նայել միշտ պետք է՝ ասում է մասնագետը, գերզգոն՝ երբ երեխաների համար եք սնունդ գնում։ Մինչդեռ հայաստանյան իրականության մեջ հաճախ երեխային հասնում է մթերք, որը, մեղմ ասած, պետք էր բացառել։

« Ես նկատում եմ, որ շատ հաճախ երեխաներին տալիս են արհեստական սննդային հավելումներով, շաքար պարունակող յոգուրտներ, մինչդեռ այդ տարիքի երեխաները պետք է ուտեն բնական մթերք, որոնք մեծ քանակությամբ կոնսերվանտներ չեն պարունակում։ Նույնն է պաղպաղակի մասով։ Բոլորս շատ լավ գիտենք, որ անարատ պաղպաղակը մի քանի անգամ ավելի թանկ արժե, քան կաթնայուղի փոխարինիչովը, բայց հաշվի առնենք, որ դա մեր երեխաների առողջության համար է»։ 

Girl holding large lollipop.

Սննդի ամենատարբեր տեսակների բաղադրության մեջ E հավելումների տեսականին տեսնելու համար պարտադիր չէ սննդագետ լինել։ Այլ հարց է, թե ինչու են դրանք անգամ ամենապարզ մթերքի մեջ այդքան գործածվում և որքանո՞վ են անվտանգ։ Օրինակ՝ ինչո՞ւ են ամենահասարակ թխուկների մեջ դրանք այդքան լայնորեն կիրառվում։ Սննդային հավելումների թույլատրելի տեսակներն ու շեմը հաստատված են Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգով ու դրանք չպետք է գերազանցեն  թույլատրելի չափաքանակը՝ նկատում է Սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը։ Իսկ արդյո՞ք «չպետք է գերազանցեն»-ը նշանակում է, որ չեն գերազանցում։

«Դեռևս մի քանի տարի առաջ մենք ունեցել ենք դեպքեր, երբ սննդային հավելումների չափաքանակի գերազանցում է եղել, բայց ծառայության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում կանխվել են այդ դեպքերը։ Շուկայում մենք մշտապես հսկողություն ենք իրականացնում, որպեսզի սննդային հավելումների թույլատրելի չափաքանակի գերազանցում չլինի և լինի պատշաճ մակնշում սննդային հավելումների մասին»։

Թե որո՞նք են առավել ռիսկային հավելումները ու ինչպես տարբերել դրանք՝ սննդի անվտանգության մասնագետը դժվարանում է պատասխանել։ Նույնիսկ ոչ կոռեկտ է՝ ասում է։

«Խոսքը կարող է վերաբերել նիտրիտներին, քաղցրացուցիչներին, ինչպես նաև կոնսերվանտներին։ Դրանց չափավոր քանակների օգտագործումն է թույլատրվում միայն»։

Ռիսկերը բացառելու համար Վահե Դանիելյանը սպառողին խորհուրդ է տալիս մակնշման մեջ հատկապես ուշադիր լինել E-երին, հատկապես ո՞ր E-երին՝  մանրամասնում է․

«Եթե սպառողը ցանկություն ունի իմանալ, թե ինչ սննդային հավելումներ է օգտագործում, պետք է ծանոթանա այդ սննդային հավելումների ցանկին։ Այսօր համացանցից բոլորը կարողանում են օգտվել, և դժվար չէ նշել տվյալ E-ն ու հասկանալ, թե այն ինչի համար է օգտագործվում և ինչ չափաքանակներով է թույլատրելի դրա օգտագործումը»։ 

Փաստորեն, սպառողը պարտավոր է սուպերմարկետ մտնելուց առաջ անգիր իմանա՞լ բոլոր սննդային հավելումների անուններն ու ուսումնասիրե՞լ դրանք։ Ստացվում է, որ սննդի անվտանգության հարցերով մտահոգվելիս հույսն առաջին հերթին պետք է սեփական գրագիտության եւ զգոնության վրա դնել, քանի որ սննդի անվտանգության մասնագետները ամեն տեղ չէ, որ կարող են «աչք ու ձեռք» ունենալ։

Ցուցադրել ավելի
Back to top button