Մոռացված ֆիլմերի ստվերները

«Օրենքով գողը»՝ հայկական էկրանին. կինոհեղափոխություն՝ բրեժնևյան լճացման շրջանում․ «Մոռացված ֆիլմերի ստվերները»

«Օրենքով գողի» կամ հանցագործ աշխարհում հեղինակություն վայելող մարդու կերպարն առաջին անգամ հայկական էկրան բարձրացրեց Վիլեն Զաքարյանը։ 1977 թվականին` բրեժնեւյան լճացման տարիներին ռեժիսորի կողմից սա իրոք հեղափոխություն էր։ Բայց մինչեւ նկարահանումները` ռեժիսորից պահանջվեց 16 տարի, որպեսզի կարողանա ապրումները վերածել սցենարի։ Այդ ընթացքում հերոսի նախատիպը մահապատժի ենթարկվեց։

Անցյալ դարի  60-ականների սկզբին  Վիլեն Զաքարյանը  բուժվում էր Մոսկվայի հիվանդանոցներից մեկում։ Օրերից մի օր նկատում է, որ կողքի հիվանդասենյակը հսկում են  ոստիկանները։ Իրեն բուժող բժշկին հարցուփորձ անելուց հետո` կինոռեժիսորը  պարզում է, որ կողքի հիվանդասենյակում բուժվում է  այն ժամանակ հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություն, որը վիրավորվել էր ոստիկանության հետ փոխհրաձգության ընթացքում։

Կինոռեժիսոր՝ Վիլեն Զաքարյան

Վիլեն Զաքարյանին հետաքրքրում  է դեպքը, ուզում է ծանոթանալ, զրուցել «օրենքով գողի» հետ։ Վերհիշելով տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձությունները` Վիլեն Զաքարյանը պատմում է, որ երկար ժամանակ ոստիկանության աշխատակիցները իրեն թույլ չէին տալիս մուտք գործել հիվանդասենյակ, սակայն բուժող բժիշկի միջամտությամբ  ի վերջո հաջողվում է ներս մտնել , ծանոթանալ, շփվել ու, ի զարմանս իրեն, պարզել, որ այդ մարդը բավականին գրագետ, կարդացած ու հետաքրքիր  անձնավորություն է։

«Զրույցների ժամանակ նա պատմում էր իր կյանքի մասին։ Շատ դժվար ու միևնույն ժամանակ հետաքրքիր դրվագներ պարունակող կյանք էր ապրել այդ երիտասարդը»,- պատմում է ռեժիսորը։

Յուրա անունով այդ հեղինակության հետ հանդիպումները այնպիսի մեծ տպավորություն են թողնում ռեժիսորի վրա, որ նա շարունակում է մտովի զրույցները նրա հետ, վերլուծում հոգեբանական այդ վիճակը ու հասկանում` պատմությունը կարող է կինոսցենարի լավ նյութ դառնալ։

Մի քանի գրողի հետ հպանցիկ զրույցներից, լավ նյութ ստանալու բազմաթիվ փորձերից հետո, Վիլեն Զաքարյանն ի վերջո դիմում է իր վաղեմի բարեկամ արձակագիր Հովհաննես Մելքոնյանին, «որն էլ շատ արագ գրեց սցենարը, որից հետո սկսվեցին նկարահանման աշխատանքները»,- «Խոնարհվիր վաղվա օրվան» ֆիլմի ստեղծման մասին է պատմում ռեժիսորը։

Արձակագիր՝ Հովհաննես Մելքոնյան

Կինոնկարը գյուղից քաղաք եկած Արտավազդի մասին է, որը, ընկնում է վատ շրջապատ և իր ապրուստը սկսում է վաստակել խարդախ ճանապարհով։  Ժամանակի ընթացքում Արտավազդն ստեղծում է իր փոքրիկ հանցավոր խմբավորումը, որն զբաղվում է դրամաշորթությամբ ու շանտաժով։ Մի օր իրենց գործողություններից ժամանակ խմբավորման անդամներն անզգուշորեն սպանում են մի գիտաշխատողի ու հայտնվում բանտում։

Կալանավայրում պատիժը կրելուց հետո գլխավոր հերոսը հայտնվելով ազատության մեջ ավտովթարի է ենթարկվում, բուժվում  հիվանդանոցում և բուժման ողջ ընթացքում վերհիշում իր  անցած ճանապարհը։

Ֆիլմում դերակատարումներով հանդես եկան այն ժամանակ հայտնի ու սիրված դերասաններ։  Վիլեն Զաքարյանը  բուժքույր Գայանեի  կերպարը առաջարկում է  դերասանուհի Ալիս Կապլանջյանին։ Դեռ ուսանողական տարիներից միշտ զբաղված, միշտ ստեղծագործական եռուզեռի մեջ այդ տարիներին  նկարահանումների շատ առաջարներ էր  ստանում, բայց  մերժում էր։ Վստահաբար այս առաջարկն էլ կմերժեր, ասում է, եթե չլինեին մայր թատրոնի իր ավագ գործնկերների ՝ Էդգար Էլբակյանի, Գեղամ Հարությունյանի հորդորները։

Դերասանուհի՝ Ալիս Կապլանջյան

Ալիս Կապլանջյանը պատմում է, որ ֆիլմի հիմքում ընկած իրական պատմությունը, ասելիքը հետաքրքրել էր նկարահանող խմբի անդամներին, բոլորը ջանում էին հանդիսատեսին  համոզել, որ կյանքում կարող են լինել սխալներ, բայց դրանք կարելի է շտկել, երբ մարդը գիտակցում է իր սխալը, և հասարակությունն  օգնում նրան։ Այս դեպքում հնարավոր է դարձի բերել նույնիսկ անդունդի եզրին կանգնած մարդուն։

Վիլեն Զաքարյանը երկար ժամանակ փնտրում էր գլխավոր հերոսի դերակատարին։ Ի վերջո  ընտրությունը կանգ է առնում դերասան Արմեն Այվազյանի վրա։ Նրանք միասին մանրակրկիտ քննարկում էին դերը, վերլուծում հոգեբանական նրբությունները,  որպեսզի հնարավորինս համոզիչ ներկայացնեն ֆիլմի հերոսին, պատճառաբանեն նրա քայլերը, գծեն հավաստի կերպար։  

«Արմենը հետաքրքիր անձնավորությունն էր։ Չնայած որոշ խոչընդոտների , այնուամենայնիվ նա կարողացավ մտնել կերպարի մեջ և ճշգրտորեն կերտել գլխավոր հերոսի հոգեբանական կերպարը»,- գոհունակությամբ հիշում է Վիլեն Զաքարյանը։

Դերասան՝ Արմեն Այվազյան

Բազմաթիվ ռեժիսորների հետ համագործակցած Ալիս Կապլանջյանը տարիներ անց էլ մեծ ջերմությամբ է հիշում նկարահանման օրերը, աշխատանքը ու հատկապես Վիլեն Զաքարյանի հետ համագործակցությունը։ «Վիլեն Զաքարյանը այն ժամանակ երիտասարդ էր, շատ հումորով և նրա աշխատանքային դիտողություններից անհնար էր նեղանալ, այնպիսի հումորվ էր նա դիտողություն անում, որ ուղղակի ծիծաղում էիր։ Նա իսկապես կոչումով ռեժիսոր է»,- նշում է դերասանուհին։

Ֆիլմի նկարահանման աշխատանքներն ավարտելուց հետո այն ուղարկվեց Մոսկվա՝ հաստատման։ Ստեղծական խումբը դրական արձագանքի էր սպասում։ Բայց ֆիլմը դիտած մոսկովյան պետկինոյի  չինովնիկները ինչ-որ  մտահոգություններ ունեին։ Այսօր  այդ՝  այսպես ասած «մտահոգությունները» շատերին ծիծաղելի կարող են թվալ, բայց նրանց համառ պնդումների արդյունքում առանց խղճի խայթի կինոնկարից անարդարացիորեն մկրատվեցին մի քանի  տեսարաններ։ «Այդպիսի մի ժամանակահատված էր, ցավոք։ Ֆիլմն էր տուժեց»,- ափսոսանքով հիշում է կինոռեժիսորը։

Հակառակ բաժին հասած փորձություններին ու դժվարություններին` Վիլեն Զաքարյանի «Խոնարհվիր վաղվա օրվան»  ֆիլմը էկրան բարձրանալուց հետո հայ հանդիսատեսի շրջանում լայն ճանաչում ու համակրանք ձեռք բերեց ։ Բայց պատահեց այնպես, որ այսպիսի ճանապարհ անցած, շատ դժվարություններ հաղթահարած ֆիլմը կյանքը շարունակեց ոչ թե էկրաններին, այլ կուլիսների հետևում, մոռացության դարակների վրա։ Ուրախ, ստեղծագործական ոգևորություններով, ոչ սովորական սյուժեով ֆիլմ և տխուր վերջաբան։

«Այսպիսի ֆիլմերը, ուր կա սեր, բարություն, ջերմություն, շատ անհրաժեշտ են մեր կինոսեր հասարակությանը։ Այս ֆիլմը չպիտի մոռացվի, որովհետև այն հասարակությանը ուղղված հստակ ասելիք ունեցող  ֆիլմ է»,- ասում է Ալիս Կապլանջյանը։

Կադրեր «Խոնարհվիր վաղվա օրվան» ֆիլմից

Նեոռեալիզմի կանոններով նկարահանված  «Խոնարհվիր վաղվա օրվան» ֆիլմն այսօր էլ   արդիական է։ Այսօր էլ մեր հասարակության մեջ կան մարդիկ, որոնց կյանքը ինչ-ինչ պատճառներով անցնում է հասարակությունից մեկուսացված, բայց մեկուսարանի ճաղերից ներս կարող են լինել մարդկային խեղված ճակատագրեր, որ գուցե կարոտ են բացահայտող միջամտությունների, գուցեև հենց արվեստի օգնությամբ։

Back to top button