ԿարևորՀասարակություն

Ինչպե՞ս են քաղաքական ուժերը լուծելու գերիների հարցը և բանակցելու Ադրբեջանի հետ

Առաջիկա ծրագրերի, նպատակների ու առաջնահերթությունների  պակաս նախընտրական փուլում չկա: Բայց ակնհայտ է մեկ բան՝ որ ուժն էլ ընտրվի և նոր իշխանություն ձևավորելու հնարավորություն ստանա, առաջին քայլերն անելու է նույն ուղղությամբ։ Ըստ հայտարարությունների՝ բոլոր ուժերի համար առաջնային է Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հարցը: Ինչպես են պատկերացնում այս խնդրի լուծումը  ընտրապայքարի մեջ մտած քաղաքական ուժերը և ինչպես են պատրաստվում բանակցել Ադրբեջանի հետ:  

Պատերազմից անմիջապես հետո հանրությանն ասվում էր, որ գերիների վերադարձի հարցը լռություն է սիրում, և հանրային քննարկումներն  այդ գործընթացին չեն օգնում: Թե որքան հայ է պահվում Ադրբեջանում,  պատերազմի ավարտից 7 ամիս անց էլ դեռ հստակ չէ, բայց նրանք ակամա դարձել են նախընտրական քարոզարշավի մասնակից, թեև մարդու իրավունքների տեսանկյունից խնդրի  շահարկումը անընդունելի է համարվում տարբեր կազմակերպությունների և որոշ կուսակցությունների կողմից:

Հարցի լուծումը հստակորեն պատկերացնում  է «Հայրենիք» կուսակցության ղեկավար, «Պատիվ ունեմ»  դաշինքի վարչապետի թեկնածու, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը, բայց միայն այն դեպքում, երբ վարչապետի պաշտոնում լինի: Կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը բացատրում է, թե ինչու այս մասին հայտարարելուց բացի Վանեցյանը գործնական աջակցություն չցուցաբերեց գերիներին վերադարձնելու հարցում:

«Նախ՝ գերիների հարցը ոչ թե անձնական դիվանագիտության, այլ միջպետական հարաբերությունների հարց է: Հաշվի առնելով,  որ իշխանությունն այսօր տիրապետում է մանիպուլյացիայի սարսափելի գործիքակազմի, ես վստահ եմ, որ նույնիսկ եթե անձնական կապերով մեր մի քանի հայրենակիցների վերադարձ ապահովեր, իշխանական քարոզչամեքենան այդ տեղեկատվությունը գլխիվայր շուռ տալով կմատուցեր, կասեր՝ այ, տեսեք, Վանեցյանը Ալիևի հետ պայմանավորվել է այդ գերիներին պահել է, և հիմա ինքն այդ գերիներին հետ է բերում, որ իշխանության վարկանիշը իջեցնի»:

Իսկ ինչ կաներ «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը, եթե լիներ իշխանության: Գործող իշխանությանը նա մեղադրում է անգործության մեջ: Ասում է՝ գերիների խնդրով պետք է խփել Ադրբեջանի միջազգային վարկանիշին։

«Միջազգային ճնշումը պետք է մեծացնել Ադրբեջանի վրա: Գալիս ես աշխատանքի, ասում ես՝ այսօր ես ամեն ինչ պետք է անեմ, որ 10 երկիր, երկրի խորհրդարան հայտարարությունով հանդես գա: Ու սկսում ես կապվել, հետևողական աշխատել, պատվիրակություններ ես ձևավորում, ուղարկում և նպատակ ես դնում, ասում ես՝ մեկ ամսում 100 երկիր պետք է այդ հարցի վերաբերյալ դիմի Ադրբեջանին խիստ հայտարարություններով և այլն, և այլն:  Բայց, ըստ էության, ոչ մի բան չի արվում այդ ուղղությամբ: Հենց գերիների թեման բարձրանում է, թեման ռուսների գրպանն են գցում: Եվ գերիների հարցով զբաղվողը դարձել է գեներալ Մուրադովը, ոնց որ մենք կապ չունենք էլի դրա հետ»:

Գերիների վերադարձի համար «Քաղաքացիական պայմանագրի»  ղեկավար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ ձևակերպել էր նոր առաջարկ՝ պատրաստ էր իր որդուն փոխանակել գերիների հետ: Ադրբեջանից պատասխան այդպես էլ չհնչեց, Փաշինյանը Ալիևից չստացավ նաև «բանակցային»  որևէ պատասխան:

«Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը մենք, ես ժառանգել եմ փակուղային, դեֆորմացված վիճակում: «Ղարաբաղ՝ իշխանության դիմաց» բանաձևը գործի դրվեց 1998 թվականին: Ռոբերտ Քոչարյանը ուղղակի վաճառեց սեփական իշխանության դիմաց»:

ՀԱԿ առաջնորդ, վարչապետի թեկնածու Լևոն Տեր–Պետրոսյանի պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը մինչ այսօր էլ չի հասկացել Ղարաբաղի հարցը: Հայաստանի առաջին նախագահը պնդում է, որ այսօր Հայաստանը դուրս է դրվել բանակցություններից, և Հայաստանի կարծիքն այլևս ոչ ոք հաշվի չի առնում: Իսկ  քաղաքական ուժերը դեռ շարունակում են այն տարեթվի փնտրտուքը, թե երբ և որ նախագահի պաշտոնավարման ժամանակ Ղարաբաղը դուրս մղվեց բանակցային գործընթացից: «Հայաստան» դաշինքի անդամների պնդմամբ՝ 97 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանն արդեն 4 անգամ հանդիպումներ է ունեցել՝ առանց Արցախի ներկայացուցչի: Առաջին նախագահը հստակեցնում է.

«Բայց ինչո՞ւ 4 անգամ, ես միլիոն անգամ եմ բանակցություններ ունեցել առանց Արցախի: Երբ ես գնում էի Ելցինի հետ հանդիպում էի, չպե՞տք է խոսեի Ղարաբաղի հարցի մասին: Շիրակի հետ խոսում էի, Միտերանի, Բուշ ավագի հետ, Քլինտոնի հետ: Բա ի՞նչ պետք է անեինք: Բանակցությունն այն է, երբ այն օրգանը, որտեղ դու բանակցում ես որոշումներ է կայացնում: Միակ ատյանը ՄԽ համանախագահությունն էր, ուրիշ ոչինչ: Իսկ Ղարաբաղն այդ ատյանում ճանաչված էր՝ որպես լիիրավ հակամարտող կողմ: Գտնվում էին հավասար վիճակում: Որևէ մեկի վետոն արգելափակում էր հարցի կարգավորումը: Եվ Ղարաբաղը մի քանի անգամ այդ վետոն կիրառեց»:  

ԵԱՀԿ ՄԽ ձևաչափից ոչ թե հակամարտող կողմերը դուրս են եկել, այլ ձևաչափը քանդել է Ռուսաստանը՝ պնդում է Եվրոպական կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Խզմալյանը: Այս ուժը հստակորեն պնդում է՝ բանակցությունները պետք է ընթանան ՄԽ համանախագահության ձևաչափով, բայց Հայաստանում պետք է լինի այնպիսի իշխանություն, որը չպնդի, որ նախընտրում է ռուս խաղաղապահներին: Քաղաքական այս միավորը Ղարաբաղի հարցի լուծումը նախատեսել է սկսել Հայաստանի Անկախության հռչակագրի առաջին կետից:

«31 տարի առաջ Հայաստանի կառավարությունը ՀՀ-ն հայտարարեց Խորհրդային Հայաստանի իրավահաջորդ: Մենք պնդում ենք, որ ինչպես այլ երկրներ, նույն Ադրբեջանը, Վրաստանը, Ուկրաինան, Բալթյան երկրները, Հայաստանը բոլորից շատ իրավունք ունի հռչակել իրենց առաջին Հանրապետության իրավահաջորդ: Իսկ դա նշանակում է, որ Արցախի, ինչպես նաև Նախիջևանի, Արևմտյան Հայաստանի հարցերը ստանալու են բացարձակապես այլ քաղաքական ենթատեքստ: Որովհետև մեր երկիրը ճանաչված էր Ազգերի Լիգայի 50 երկրների կողմից, մենք ունեինք 20 դեսպան 1918-21 թթ-ին:  Այնպես որ,  Արցախի հարցը լուծվելու է միջազգային իրավունքի հիման վրա,  իրավահաջորդի սկզբունքով»:

Մինչ ուժերը քննարկում և ներկայացնում են, թե ինչ կանեն, «Լուսավոր Հայաստան»-ում ցուցակ են կազմել և փոխանցել Հայաստանում գտնվող ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարին:

« «Լուսավոր Հայաստան»-ի անունից երեկ փոխանցել ենք նամակ, որտեղ կազմել ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանության ցուցակը, թե ում նկատմամբ պետք է Արևմուտքը սանկցիաներ կիրառի, սառեցնի նրանց միջոցները, փակի նրանց մուտքը դեպի արևմտյան երկրներ, որպեսզի նրանք հայ ռազմագերիներին վերադարձնեն և Հայաստանի ինքնիշխան տարածքից հետ քաշեն ադրբեջանական զորքերը: Արևմուտքը, երբ ցանկանում է պատժել որևէ դիկտատորի, որևէ դիկտատորական ռեժիմի, որը պատերազմական հանցագործություններ է թույլ տվել, դա կարողանում է անել սանկցիաներ կիրառելու միջոցով: Այսօր այդ սանկցիաների ցուցակը այլևս գտնվում է իմ կողմից նշած պարոն Ռիքերի ձեռքին: Մենք փոխանցել ենք»: 

«Լուսավորականները»  սա հայտարարեցին քարոզարշավի ժամանակ: Իսկ թե իրականում ամերիկյան կողմին որքանով էր անհրաժեշտ այդ ցուցակը և  ինչպիսին է ԱՄՆ-ի դիրքորոշումը Ադրբեջանի հանդեպ,  կախված չէ հայաստանյան կուսակցությունների մտադրություններից:

  

Back to top button