ԿարևորՀասարակություն

Ազգային երգն ու պարը՝ հասարակությունը հեղափոխելու միջոց

Առաջին ինֆորմացիան, որ ստանում է նորածին երեխան, օրորոցայինն է։ Զավակի համար երգված ազգային օրորը երեխայի ենթագիտակցության մեջ ձևավորում է ազգային ընկալումներ՝ ասում է կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը։ Նրա խոսքով՝ ազգային երգի գրագետ  ուսուցումը հասարակությանն ավելի լավը դարձնելու ձևերից է։ Այդ փորձն աշխարհում կիրառել են Հունգարիան, Գերմանիան և հաջողել։

Առաջին դասարան ընդունվելու համար հունգարացի երեխան շուրջ 30 երգ պիտի իմանա, իսկ մեր երկրում ազգայինի դասավանդումը հանրակրթական դպրոցներում կոմիտասագետը աղետալի է համարում․

«12-րդ դասարան ավարտած երեխաները ազգային 1 երգ անգամ չեն սովորում, այսինքն՝ ոչինչ չեն սովորում, տարին մեկ երգ էլ չեն սովորում»,-ասում է Արթուր Շահնազարյանը։

Կոմիտասագետի խոսքով՝ ազգային երգը հարկավոր է հետևողական ուսուցանել դեռ մանկապարտեզից։  Ասում է՝ քաղաքում կան այդպիսի կրթօջախներ, օրինակ՝ Մխիթար Սեբաստացի մանկապարտեզը։ Զրուցակցիս խոսքով՝ ինքը գյուղերում ավելի շատ է հանդիպել ազգային երգեր երգող երեխաների․

«Կոմիտասն ասում էր՝ ճառը հասարակությունը պիտի լսի, հասկանա, իսկ երաժշտությունը ականջից մտնում է ներս ու վերափոխում, ենթագիտակցորեն մարդը ենթարկվում է երաժշտությանը և այսպիսով առանց մարդու ցանկության, ենթագիտակցորեն՝ վատ երաժշտությամբ մարդուն կարելի է այլասերել, իսկ լավ երաժշտությամբ՝ փոխել նրան դեպի լավը»,-ասում է Կոմիտասագետը։

Ազգային երգ ու պարի դասավանդման մասին խոսելիս ազգագրագական պարերի մասնագետ Գագիկ Գինոսյանը ևս Կոմիտասին է հիշատակում։ Պատմում է՝ Կոստանդնուպոլսում, երբ Կոմիտասի թուրքերը ծաղրել են ազգային  երաժշտություն չունենալու համար, նա պատասխանել է՝ հայն ունի ինքնուրույն երաժշտություն, որը ոչ միայն մերկ ու տխուր չէ, այլև ամենայն մաքուր հայելին է ցեղի։ Գինոսյանի խոսքով ազգային երգն ու պարը հոգևոր առողջության հիմնաքարերն են, դրանք են  դարերով պահել ինքնությունը․

«Պարարվեստը միակն  է արվեստներից, որ ներդաշնակում է հոգին ու մարմինը, առավել ևս հայկական ազգային պարերում է այսպես, օրինակ, շուրջպարերի ընթացքում մարդիկ նույն թռիչքն են անում, նույն տատանումը, այստեղ համասեռ հոգևոր դաշտ է ստեղծվում, այսինքն, ոչ միայն անձն է ներդաշնակվում, այլ համայնքը»,-ասում է Գագիկ Գինոսյանը։

 Գագիկ Գինոսյանի խոսքով՝ «Կարին» ավանդական երգ ու պարի խումբը 2014 թվականից ազգային պար է դասավանդում, նախ փորձնական՝ 13 դպրոցներում, հետո յուրաքանչյուր 2 տարին մեկ վերապատրաստում են 100 ուսուցիչների և դասերն իրականացնում ևս 100 դպրոցներում։ Զրուցակիցս ասում է՝ եթե պետությունը գոնե կրկնապատկի ֆինանասավորումը, իրենք ավելի մեծ հնարավորություններ կունենան՝ ուսուցիչներին մարզեր ուղարկելու, ավելի շատ մարդ  և դպրոց ներգրավելու։

«Հուսով ենք՝ սեպտեմբերից ռազմապարը գոնե ռազմական կրթարաններում կներդրվի, որովհետև նախքան պատերազմը, պաշտպանության նախարարի հրամանը կար արդեն այս մասով»,-ասում է Գագիկ Գինոսյանը։

Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը դժգոհ է դպրոցներում երգ առարկայի դասավանդման արդյունքներից։ Ասում է՝ ծրագիրը բարդ է երեխաների համար, նոր չափորոշիչներն ավելի են բարդացնում, մինչդեռ պարզ համակարգ է պետք։ Թե՛ ազգային պարը, թե՛ երգը ենթագիտակցության մեջ ներդնում են ամենակարևոր արժեքները։ Զրուցակիցներիս կարծիքով՝ անհատից զատ, ընդհանուր կարգավորումներ կարող է անել պետությունը, և հենց պետությունը պետք է կարևորի այդ առարկաների գրագետ դասավանդումը։

Back to top button