Սփյուռքի ձայնը

Ինչպես Երևանի օրթոպեդիկը հայտնվեց ամերիկահայության ուշադրության կենտրոնում․ «Սփյուռքի ձայնը»

Արցախյան վերջին պատերազմի ընթացքում Ամերիկայի Արևմտյան թեմի ուղարկած օգնության մի մասը գտնվել է և այսօր փորձ է արվում այն ծառայեցնել նպատակին։ Օգնությունն արդեն տևական ժամանակ հայտնի չէր, թե որտեղ էր։ Բեռի մեջ հիմնականում բժշկական պարագաներ են: Մինչ այդ, սակայն, Հայաստան էր հասել մոտ 5 տոննա խմբաքանակ, որում նույնպես ներառված են բժշկական պարագաներ ու դեղորայք: ԱՄՆ-ի Արևմտյան թեմում ապրող հայությունը, տարբեր մասնագիտությունների տեր անձինք և հատկապես բժիշկներն օրուգիշեր հավաքել ու մեկտեղել են իրեր, որոնք, ըստ իրենց, անհրաժեշտ կլինեն այսօր հայաստանյան այն բուժհաստատություններին, որոնք սպասարկել ու սպասարկում են զինվորներին: Այդ բուժկենտրոններից մեկն էլ Երևանի օրթոպեդիայի և վնասվածքաբանության գիտական կենտրոնն է։ Այն մեկ տարի շարունակ՝ համաճարակի բարդագույն շրջանում, սպասարկում էր Covid-19–ով հիվանդներին։

Համաճարակի պատերազմի առաջնագծում գտնվող կենտրոնը արցախյան վերջին պատերազմի օրերին ռազմադաշտ է ուղարկել իր ունեցած բժշկական սարքավորումներն ու առաջին անհրաժեշտության պարագաները: Հենց այդ պատճառով էլ ամերիկահայերի ուշադրության կենտրոնում հայտնվել էր գիտական այս կենտրոնը։ ԱՄՆ-ի Արևմտյան թեմից այս կարևոր գործընթացը վստահվել է հասարակական գործիչ, լրագրող Մալվինա Մխչյանին, որը կարևորում է հայաստանյան բուժհաստատությունների հետ ամերիկահայերի համագործակցությունն ու համոզված նշում, որ դրանք կլինեն շարունակական:

Դեղորայքի ու բժշկական պարագաների պահեստավորման գործընթացն իրականացվեց համատեղ: Կենտրոնի դեղատան ղեկավար Էդուարդ Մարգարյանն, որն այս գործում ամենատեղեկացվածն ու բանիմացն է, մանրամասն գրանցում է ստացված իրերը, ուշադրություն դարձնում հատկապես դեղորայքի ժամկետներին ու նպատակահարմարությանը: «Դեղորայքը գրանցելուց և հաշվապահական հաշվառման գործընթաց անցկացնելուց հետո՝ կբաժանենք համապատասխան բաժիններին՝ հիվանդներին տրամադրելու համար»,- ասում է Էդուարդ Մարգարյանը:

Օրթոպեդիայի և վնասվածքաբանության գիտական կենտրոնը բազմամյա աշխատանքնային փորձ ունեցող կենտրոն է: Տարիներ շարունակ այստեղ են մեկտեղվել հանրապետության լավագույն բժիշկներն ու մասնագետները: Գուցե նաև աշխատանքային հարուստ փորձի ու գիտելիքի առկայությունն էր, որ հենց այս կենտրոնին մեկ տարի առաջ վստահվեց կորոնավիրուսով հիվանդների բուժումը:

Գիտական կենտրոնի տնօրեն Սերգեյ Մանուկյանը նշում է, որ այսօր փորձում են կենտրոնը համալրել նոր ու արդիական բուժտեխնիկայով և բաժիններով, նշում, որ Սփյուռքի ու հատկապես սփյուռքահայ բժիշկների հետ համագործակցությունը կնպաստի էլ ավելի արագ ու լավ արդյունքներ գրանցելուն: «Նման համագործակցությունների կարևորությունը՝ հատկապես այսօր, անհրաժեշտություն է: Սփյուռք-Հայաստան համագործակցությունը կնպաստի հայրենիքի՝ ավելի արագ ոտքի կանգնելուն: Մենք պետք է լինենք միասնական ու համախմբված»,- ավելացնում է կենտրոնի տնօրեն Սերգեյ Մանուկյանը:

Օրթոպեդիայի և վնասվածքաբանության գիտական կենտրոնը արդիականացման կարևոր փուլում է: Հաշվի առնելով ժամանակակից նաև համաշխարհային բժշկության մեջ հայ բժիշկների և նաև Սփյուռքի դերը, գիտական կենտրոնի տնօրեն Սերգեյ Մանուկյանը կարևորեց համագործակցությունն ու փորձի փոխանակումը: Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի և ամերիկահայության գործակցության մասին մանրամասները ռեպորտաժում։

Ցուցադրել ավելի
Back to top button