ԿարևորՍպորտ

Իմ դեպքը ցույց է տալիս, որ Ադրբեջանի իշխանությունները զրոյական հանդուրժողականություն ունեն ամբողջ աշխարհի հայության հանդեպ. Ն. Առուստամյան

«Матч ТВ» հեռուստաալիքի լրագրող Նոբել Առուստամյանը մեկնաբանել է իր հավատագրման շուրջ աղմուկը և շնորհակալություն հայտնել աջակիցներին:

Նա ֆեյսբուքի իր էջին գրել է. «Պաշտոնական Ադրբեջանը, պատերազմի ավարտից մի քանի ամիս անց, անընդմեջ հայտարարում է, որ պետք է համերաշխ ապրել: Սակայն, միևնույն ժամանակ, նա դեռ պահում է ավելի քան երկու հարյուր հայ գերիների, չնայած պատերազմի ավարտին եղած բոլոր պայմանավորվածություններին: Եվ իմ դեպքը մանրուք է ընդհանուր ֆոնին, բայց, միևնույն է, այդքան փոքրոգի գտնվեցին ռուսաստանցի լրագրողի նկատմամբ, որը նախ ֆուտբոլ է լուսաբանում, և երկրորդը՝ չի պատրաստվում մեկնել Բաքու:

Իմ դեպքը ցույց է տալիս, որ Ադրբեջանը՝ որպես պետության, և նրա իշխանությունները (այստեղ կարևոր է շեշտել, որ ես գիտեմ շատ ադրբեջանցիների, ովքեր հասկանում են, որ այլևս հնարավոր չէ ապրել միմյանց հանդեպ ատելության մեջ) զրոյական հանդուրժողականություն ունեն ամբողջ աշխարհի հայության նկատմամբ: Ես հարյուրավոր օրինակներ չեմ բերի, երբ քսանհինգ տոկոս հայկական արյուն ունեցող, այլ երկրի անձնագրով մարդիկ չէին կարողանում Ադրբեջան մտնել միայն իրենց ազգանվան պատճառով: Նրանց պարզապես թույլ չէին տալիս թռիչքի համար գրանցվել:

Եվրո -2020-ը և առհասարակ սպորտը պետք է մերձեցնեն ժողովուրդներին և աշխարհը դարձնեն ավելի բարի: ՈւԵՖԱ-ն միշտ խոսում է իր արժեքների մասին` հարգանք բոլորի հանդեպ, անկախ ազգությունից: Միակ ցավալին այն է, որ կան պետություններ, որոնք չեն ընդունում նման արժեքները:

Ուրախ եմ, որ իրավիճակը կարգավորվել է»:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր հայտնել է, որ հաջողվել է ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի լրագրող և մեկնաբան Նոբել Առուստամյանին հավատարմագրել ֆուտբոլի Եվրոպայի առաջիկա առաջնությունում:  

Հավատարմագրումը ստանալու համար լրագրողը պետք է Եվրոպայի առաջնության խաղերն ընդունող բոլոր երկրների կողմից հաստատում ստանա։ Ադրբեջանը, որտեղ անցկացվելու է մրցաշարի մի հատվածը, ավելի վաղ արգելափակել էր Առուստամյանին, ինչի արդյունքում Նոբելը հավատարմագրում չէր ստացել։

Եվրոպայի առաջնությունը կկայանա հունիսի 11-ից հուլիսի 11-ը Եվրոպական 11 քաղաքներում։ Բաքուն խմբային փուլի 3 և քառորդ եզրափակչի 1 հանդիպում կընդունի։

Ցուցադրել ավելի
Back to top button