ԿարևորՔաղաքական

ԱՄՆ-ն վերադառնում է տարածաշրջան` փորձագետները փոխպետքարտուղարի այցի մասին

Երևանում է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը։ Հայաստանյան այցին նախորդել էին Վրաստան և Ադրբեջան կատարած այցերը։ Վրաստանին պետքարտուղարի օգնականն անվանել էր ԱՄՆ–ի՝ գլխավոր, Ադրբեջանին՝ խոշոր գործընկեր։ Ի՞նչ օրակարգով է Հայաստան եկել ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետը  և արդյո՞ք ամերիկյան նոր վարչակազմի ներկայացուցիչների այցերը ԱՄՆ տարածաշրջանային քաղաքականության փոփոխություն են ենթադրում։

ԱՄՆ–ն և Եվրոպան վերադառնում են տարածաշրջան՝ փորձելով կոտրել տարածաշրջանային գերտերությունների՝ միանձնյա կամ փոխհամաձայնեցված վերաբաժանումներ անելու իրավունքը։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի դիտարկմամբ՝ խոսքն այս դեպքում ռուս–թուրքական համաձայնությունների մասին է, որոնց հետևանքները տեսանելի էին Արցախյան պատերազմում։ Քաղաքագետի կարծիքով՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի այցը Ադրբեջան, ապա Հայաստան փաստում է, որ Միացյալ Նահանգները փոխում է «մեկուսացման» քաղաքականությունը,  որով արգելափակվել էր այլ դերակատարների մուտքը տարածաշրջան․

«Ռուսաստանն ու Թուրքիան կարողացան միմյանց միջև պայմանավորվել ու իրացնել իրենց շահերը՝  հաշվի չառնելով Հայաստանի շահը։ Հաշվի չէին առնի նաև Ադրբեջանի շահը, սակայն գործընթացները գնացին այնպես, որ ռուս–թուրքական համաձայնությունը Ադրբեջանի շահերից բխեց և վերջինն այստեղ շահեց։ Այսօր արդեն այլ իրավիճակ է․ այն ուժերը, կենտրոնները, որոնք կարող էին նաև այն ժամանակ մասնակցություն ունենալ, սակայն ԱՄՆ դիրքավորման պատճառով մասնակցությունից զերծ մնացին, ակտիվացել են։ Պետքարտուղարի օգնականի այցը ցույց է տալիս, որ այլևս տարածաշրջանի գերտերություններին միանձնյա վերաձևումներ իրականացնելու հնարավորություն չի տրվելու»,- նշում է Ղևոնդյանը։

Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու և գերիներին անօրինաբար պահելու հետնապատկերին  ԱՄՆ նոր վարչակազմի կողմից «907-րդ բանաձևի» ուժի մեջ թողնելը Բաքուն կարող է դիտարկել որպես «կանաչ լույս՝ անպատիժ գործելու համար»։ «907-րդ բանաձև»-ի երկարաձգումը ենթադրում է, որ Վաշինգտոնը կշարունակի ուղիղ օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, ներառյալ ռազմական։ Ստացվում է՝ մի ձեռքով Միացյալ նահանգները հայտարարությունների տեսքով մատ  է թափ տալիս Ադրբեջանի վրա, իսկ մյուսով՝ շարունակում աջակցել։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի դիտարկմամբ՝ Միացյալ նահանգները շարունակում է հավասարության նշան դնել Հայաստանի և Ադրբեջանի միջև, քանի որ վերջինի համար առաջնային են սեփական շահերը տարածաշրջանում․  

«Այդ հայտարարություններով Հայաստանի պահանջներն արդար են համարվում և ԱՄՆ–ն պահանջում է գերիների վերադարձ, մյուս կողմից էլ ԱՄՆ շահերի առանքում է նաև 907–րդ բանաձևի կասեցումը շարունակելը ևս մեկ տարով և ռազմական տեխնիկայի վաճառքի թույլտվությունը կամ հնարավորությունը Ադրբեջանին, դրա համար էլ այդ քայլերն անում են, դրանք իրար հակադրելու կարիք չկա, քանի որ երկուսն էլ բխում են ԱՄՆ շահերից»,- ասում է Ղևոնդյանը։

Մինչդեռ քաղաքագետ Էդգար Վարդանյանի դիտարկմամբ՝ առնվազն հայտարարությունների մասով Միացյալ նահանգները հավասարության նշան դնելու խնդիր չունի, քանի որ ակնհայտ է, թե ում են վերաբերում զորքը դուրս բերելու և գերիներին վերադարձնելու հայտարարությունները։

«Հավասարություն դնելու խնդիր չկա, բայց միևնույն ժամանակ պետք է նշել, որ Միացյալ նահանգերը շահագրգռված է ունենալ հավասարապես լավ հարաբերություններ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ։ Ադրբեջանի պարագայում շահագրգռված է, որ վերջինս գործընկեր լինի և օրինակ՝ թույլ չտա, որ այն թմրամիջոցների ապօրինի խմբաքանակների, թմրամիջոցների վաճառքի համար տարանցիկ երկիր հանդիսանա»,- նշում է Վարդանյանը։

Նոյեմբերի 9–ի հայտարարութունը, քաղաքագետի դիտարկմամբ, որոշակիորեն հակասում է Արևմուտքի այսօրվա շահերին, թեև դրա ստորագրման փուլում  ամերիկյան նախկին վարչակազմի հետաքրքրությունն այնքան էլ տեսանելի չէր։  Եռակողմ հայտարարության մեջ կան կետեր, որոնք իրացումը Արևմուտքի համար կարևոր է՝ ասում է զրուցակիցս։

«Այդ կետերից է, օրինակ, գերիների վերադարձը և ենթակառուցվածքների բացման կետերը։ Միացյալ նահանգները, ի դեմս Ռիքելի, կփորձեն ներքին գործընթացներում ճնշում գործադրել, թեև արտաքինից էլ են ճնշում գործադրում Ադրբեջանի վրա և իրենց շահերի իրացման գործընթացում հնարավոր է նույնիսկ խնդիրը շարժվի, որովհետև կարծես թե կոնսենսուս կա այս հարցի վերաբերյալ Արևմուտքի և այսպես ասած ռուս–թուրքական դաշինքի միջև, որ Հայաստանի սուվերեն տարածքը կարմիր գիծ է»,- ասում է Ղևոնդյանը։

Միացյալ Նահանգների տարածաշրջանային այցի օրակարգում նաև Մինսկի խմբի վերագործարկան հարցն է՝ ասում է քաղաքագետ էդգար Վարդանյանը։ Նրա դիտարկամբ՝ Ադրբեջանին կհասկացնեն, որ առանց Մինսկի խմբի հնարավոր չէ հասնել հարցի վերջնական լուծմանը։ Քննարկումներ կլինեն նաև ապաշրջափակման հարցի շուրջ՝ ասում է Վարդանյանը․

«Միացյալ Նահանգները շահագրգռված է ճանապարհների ապաշրջափակմամբ, բայց փորձելու է անել հնարավորը, որ այդ գործընթացը տեղի չունենա Ռուսաստանի կամ Թուրքիայի դոմինանտության շրջանակում և Արևմուտքի շահերին հակառակ»։

Մինչդեռ քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ ապաշրջափակման հարցերը կդիտարկվեն հետագայում, իսկ առայժմ նոր դերակատարների հնարավորություն է ստեղծվում՝ ի դեմս ԱՄՆ–ի, Եվրոպայի և Իրանի, որը Հայաստանի համար հնարավորություն կստեղծի միայնակ չմնալ թուրք–ադրբեջանական տանդեմի  դիմաց։

Ցուցադրել ավելի
Back to top button