ԿարևորՔաղաքական

Ի՞նչ կպատասխանի Լավրովին ՀՀ հաջորդ իշխանությունը

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին է այսօր անդրադարձել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Ըստ նրա՝ այդ հարցը անհրաժեշտ է հստակեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, բայց այժմ պետք է շեշտը դնել ոչ թե դրա, այլ տարածաշրջանը խաղաղ կյանքի վերադարձնելու վրա։

Լավրովի ներկայացմամբ՝ այս փուլում, հավանաբար, պետք է ոչ թե արծարծեն կարգավիճակի խնդիրը, այլ գործակցեն վստահության միջոցառումների ամրապնդման, մարդասիրական հարցերի լուծման ուղղությամբ, որ հայերն ու ադրբեջանցիներընորից միասին ապրեն անվտանգության ու տնտեսական բարեկեցության մեջ։ «Հավաստիացնում եմ ձեզ՝ մի քանի տարուց, եթե նման կյանք հաստատվի, կարգավիճակի հարցն ավելի հեշտ կլուծվի»,-ասել է Լավրովը։

Իսկ դրան ի՞նչ կպատասխանի Հայաստանը՝ պարզ կդառնա հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանականընտրություններից հետո, կախված նրանից, թե որ ուժը կհավաքի առավելագույն ձայները: Այժմ փորձենք հասկանալ, թե ընտրապայքարի դուրս եկած քաղաքական միավորներն ինչպես են պատկերացնում արցախյան հիմնախնդրի լուծումն ու ապագայի հեռանկարը՝ ի՞նչ է լինելու 5 տարի հետո, երբ լրանա ռուս խաղաղապահների առաքելության ժամկետը: 

Ընտրապայքարի դուրս եկած քաղաքական ուժերի մեծամասնությունն արցախյան հիմնախնդրի լուծման հարցում դիրքորոշումների առանցքային տարբերություններ չունի։ Հիմնականում խոսում են ԵԱՀԿ ՄԽ-ի ձևաչափով բանակցությունների վերականգնման և ռուս խաղաղապահների միջոցով անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին:

Բազմազան ուժերի մեջ, սակայն, գտնվում են այնպիսիք, որոնք կտրականապես այլ տարբերակներ են առաջարկում իրենց նախընտրական ծրագրերում: Արցախյան հիմնախնդրում ընդունված դիրքորոշումներից տարբերվողն, օրինակ, «Ազատ Հայրենիք» դաշինքինն է: Այս ուժի վա րչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը պնդում է՝ եթե Արցախի հարցում Ռուսաստանից կախվածության մեջ մնանք, ապա 5 տարի հետո այնտեղ հայեր չեն լինի:

«Եթե բեկումնային որոշում կայացվի հունիսի 20-ին, և փոխվի մեր արտաքին կուրսը, այդ դեպքում Արցախի անկախությունը լինելու է այն պլատֆորմը, որի հիման վրա տարածաշրջանում կարող է հաստատվել կայուն խաղաղություն: Հասնել խաղաղության Արցախի հաշվին՝ կոմունիկացիաներ բացել, սահմաններ սահմանազատել և սահմանագծել, որպեսզի ապահովվի Հայաստանի անվտանգությունը՝ թողնելով Արցախի վիճակը այնպիսին, ինչպիսին այսօր կա, մեծագույն դավաճանություն կլինի արցախահայության նկատմամբ»:

«Ազատություն» կուսակցությունից պատգամավորի թեկնածու Արամայիս Ավետիսյանը չի կարծում, թե 5 տարի հետո գալու է ռուս խաղաղապահներին հրաժեշտ տալու պահը.

«Մենք պետք է հասկանանք, որ ռուսական խաղաղապահ զորքերը որ տարածաշրջան մուտք են գործել, այնտեղից երբևիցե դուրս չեն եկել, ինչը իմ կարծիքով սպասվում է նաև Արցախին: Արցախի հարցում մոտակա 4.5-5 տարվա ընթացքում մենք պետք է բանակցենք նաև Իրանի և Չինաստանի հետ: Օրակարգը պետք է լինի ԼՂԻՄ ինքնավար մարզի վերականգնումը, որը ներառում է Շուշին և Հադրութը, բայց, ցավոք սրտի, բանակցային գործընթացով ես անհնարին եմ համարում վերականգնել այդ կորցրած տարածքները»:  

ԵԱՀԿ ՄԽ-ի մյուս համանախագահ երկրներին ակտիվացնելու մասին է խոսում  «Արդար Հայաստան» կուսակցությունից Դավիթ Կարապետյանը, մյուս կողմից  արցախյան հիմնահարցում նոր դաշնակիցներ փնտրելու անհրաժեշտությունն է շեշտում  «Համահայկական ազգային պետականություն» կուսակցությունից Հայկազ Իսրյալեյանը:

 «Ակնկալենք, որ մյուս համանախագահող երկրները՝ Ֆրանսիան և ԱՄՆ-ն իրենց ակտիվ ներգործությունը և համաչափ մասնակցությունը կներդնեն այս գործընթացում։ Վերբեռնելու կարիք կա, բանակցային գործընթացը պետք է հիմնված լինի ազգերի ինքնորոշման և տարածքների ամբողջականության սկզբունքի հիման վրա: Բնականաբար, պետք է ամեն ինչ արվի, որ օկուպացված տարածքների վերադարձ լինի և կարգավիճակի վերջնական հարցը լուծվի»,- ասաց Դավիթ Կարապետյանը:

«Այն երկրները, որոնք այսօր աչք են փակում մեր հազարավոր զոհերի, հարյուրավոր գերիների, թշնամու սպառնալիքի և այլ կենսական հարցերի վրա, պետք է մեզ տեսնեն որպես պոտենցիալ դաշնակից և տարածաշրջանում «խաղացող» պետություն»,- նշեց Հայկազ Իսրայելյանը։

Զարգացող ռազմարդյունաբերություն, բանակի ամրապնդում և ճիշտ դիվանագիտություն. շատերի ներկայացմամբ՝ այս գործոններն են որոշիչ լինելու առաջիկա խնդիրները լուծելու համար: Արցախյան հիմնախնդիրը յուրովի և ճիշտ լուծելու «դեղատոմսերը» նախընտրական ծրագրերում շատ են: Բայց կան ուժեր, որոնք զգուշանում են խոստումներից և հստակ քայլերի թվարկումից: Այդպիսիք են «Հայ Ազգային կոնգրեսն» ու «Լուսավոր Հայաստանը»:

«Շատ ծանր իրավիճակ է, որովհետև Ղարաբաղի հարցում Հայաստանը որևէ դաշնակից չունի: Հայաստանի նոր իշխանությունը պետք է «ինվենտարիզացիա» անի իր հնարավորությունները, միջազգային դերակատարների տրամադրությունները, որից հետո նոր միայն հնարավոր կլինի խոսել, թե ինչ մաքսիմալ բնագծեր է հնարավոր ձեռք բերել ղարաբաղյան կարգավորման հարցում: Այն գործիչները, որոնք կանկրետ ծրագրեր կառաջարկեն, ես կարծում եմ անկեղծ չեն»,- նշեց Արման Մուսինյանը:

Դավիթ Խաժակյան․ «Ինչ էլ մենք ասենք, դրանք դեկլարատիվ բնույթի են, որովհետև անորոշությունները այնքան շատ են, իրավիճակի բարդությունը այնքան է, որ 5 տարի հետո պլանավորումը քաղաքական ուժերի համար իսկապես բարդ խնդիր է: Մի բան ես գիտեմ, թե ինչ պետք չէ անել: Պետք չէ բախտախնդիր մոտեցում ցուցաբերել և մենք պետք է մեր՝ Հայաստանի հետ կապված անվտանգային բաղադրիչում հաշվի առնենք Արցախի շուրջ ստեղծված այդ նոր անվտանգային բաղադրիչը, որը տվյալ պահին առանց խաղաղապահ զորքերի պարզապես լինել չի կարող: Ամեն ջանք պետք է գործադրենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձևաչափը վերականգնվի, բայց կլինի՞ դա, թե՝ ոչ, ի՞նչ բարդություններ կլինեն դրա հետ կապված, ես չգիտեմ»,- ասաց Դավիթ Խաժակյանը:

Իշխանական թիմը պնդում է, որ Արցախյան հիմնախնդրի լուծման հարցում հստակորեն առաջնորդվելու է «Անջատում հանուն փրկության» թեզով: Այս թեզի կողմնակիցն է նաև «Հանրապետություն» կուսակցությունը: Նախորդ իշխանության՝ «Պատիվ ունեմ» դաշինքի դիրքորոշումը ՌԴ հետ հարաբերությունների խորացումն է: Ամեն դեպքում շատերը հույսը դնում են այն պահի վրա, երբ համընկնելու են աշխարհաքաղաքական շահերն ու հետաքրքրությունները, և այդ ժամանակ կստացվի հայանպաստ լուծում:

Back to top button