ԿարևորՏնտեսական

Ո՞վ պատասխանատու կլինի ֆինանսական տվյալների արտահոսքի համար․ ստեղծվում է միասնական ռեեստր

Կենտրոնական բանկն առաջարկում է հաճախորդների  հաշիվների   միասնական ռեեստր ստեղծել։ Այն ներառելու է  հայաստանյան բանկերում վերջին 5 տարիներին բացված ու փակված  բոլոր հաշիվների մասին տեղեկությունները։ Դրանք հավաքվելու են  մեկ  միասնական բազայում և տնօրինվելու են ԿԲ-ի կողմից:  «Կենտրոնական բանկի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունը խորհրդարանն արդեն ընդունել է առաջին ընթերցմամբ։ Երկրորդ ընթերցմամբ նախագիծը քննարկվել է այսօր  Ազգային ժողովի ոլորտային հանձնաժողովում։  Գլխավոր դրամատանը կարծում են, որ միասնական ռեեստրը կօգնի կոռուպցիայի, փողերի լվացման դեմ պայքարն արդյունավետ  դարձնելուն։ Մինչդեռ փորձագետները  ռիսկեր  տեսնում են։

Հայաստանյան 17 բանկերում վերջին 5 տարիներին բացված ու փակված բոլոր հաշիվների մասին տեղեկությունները կհավաքվեն մեկ տեղում՝  միասնական ռեեստրում: Առաջարկը Կենտրոնական բանկինն է։ Գլխավոր դրամատան փոխնախագահ Ներսես Երիցյանը վստահեցնում է՝ տվյալները բանկային գաղտնիք չեն ներառելու: Խոսքը ոչ թե բանկային հաշիվներում մնացորդի կամ շարժերի մասին է, այլ՝ միայն հաշվի առկայության։ Նախագծի նպատակներից մեկը փողերի լվացման ու ահաբեկչության ֆինանսավորման, կոռուպցիայի դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելն է՝ ասում է ԿԲ փոխնախագահը․

«Այժմ էլ, եթե հակակոռուպցիոն մարմինը կամ իրավապահ մեկ այլ մարմին, պահպանելով ընթացակարգը, դիմում է, մենք առևտրային 17 բանկերին հարցում ենք ուղարկում, վերջինները բավականին աշխատանք են անում։ Բանկերը կարող են նաև որոշակի օպերացիոն ռիսկեր ունենալ։ Այս նախագիծը միտված է լուծելու այդ բոլոր խնդիրները»։

Նմանատիպ ռեեստրներ, ըստ հեղինակների, կան Եվրամիության երկրներում՝ Չեխիայում, Իսպանիայում, Լատվիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում և այլն: Չնայած Կենտրոնական բանկի փոխնախագահի հավաստիացումներին՝ բանկային հաշիվների ռեեստր ստեղծելու գաղափարը մասնագետները ռիսկային են համարում։ Մտահոգություններից հիմնականը վերաբերում է  բանկային գաղտնիքի պահպանման երաշխիքներին։

Ներսես Երիցյանը վստահեցնում է՝

«Հաշիվները որևիցե շարժի, ֆինանսական գործարքների, այլ ֆինանսական մանրամասների մասին տեղեկություն չեն պարունակում։ Մենք ԱԺ–ում էլ ենք հայտարարել, որ խոսքը  տվյալների այն նվազագույն շեմի մասին է , որով  անձը կիսվում է  բոլորի հետ, եթե վճարումներ է կատարում»։

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը գխավոր դրամատան լավատեսությունը չի կիսում։ «Ռադիոլուրի»-ի հետ զրույցում ընդգծում է՝ հաճախորդների ֆինանսական տվյալները մեկ  միասնական շտեմարանում ներառելը արտահոսքի ռիսկեր է պարունակում։ Պարզաբանում է՝ այս պահին հաճախորդի տվյալներին  արտահոսքի համար պատասխանատու է կոնկրետ բանկը։

«Ավելացնելով նույն ինֆորմացիան տիրապետող կենտրոնների թիվը (տվյալ դեպքում այդ ինֆորմացիան վերապահում ենք ԿԲ–ին՝ միասնական ռեեստրի միջոցով)՝ մեծանում է  այն ռիսկը, որ տվյալների հավանական արտահոսքի պարագայում չիմանանք, թե ի վերջո որտեղից է արտահոսքը եղել ու ով է պատասխանատուն»։

Տնտեսագետը նաև վստահ է, որ ռեեստրի ստեղծումն այս փուլում գործուն խնդիր չի լուծելու։ Հակառակը, ըստ տնտեսագետի, այն ավելորդ լարվածություն է առաջացնելու թե՛ քաղաքացիների, թե՛ բիզնեսի համար։ Զրուցակցիս կարծիքով՝  հատկապես ռիսկային է լինելու  խոշոր բիզնեսի համար։

«Ես այստեղ տեսնում եմ վտանգ, որ որոշ դեպքերում և առանձին անձանց համար սա մահակ է լինելու»։

Ներկայացված նախագծի վերաբերյալ Հայաստանի բանկերի միությունն, ըստ էության,  առարկություններ չունի։ Այստեղ կարծում են, որ ռեեստրի ստեղծումը  բացասական ազդեցություն չի ունենա, քանի որ դրանում բանկային հաշիվների մնացորդի ու ֆինանսական հոսքերի վերաբերյալ տեղեկությունները  չեն պահվելու։

Մինչ Հայաստանում տվյալների միասնական ռեեստր է ստեղծվում, ԵԱՏՄ–ում նախատեսում են մինչև տարեվերջ  անդամ երկրների  միջև   վարկային  պատմությունների  փոխանակման մեխանիզմ ներդնել։ Այն կապահովվի  համաձայնագրի վավերացմամբ։ ԵԱՏՄ անդամ որևէ երկրի քաղաքացիներն ու  իրավաբանական անձինք  հնարավորություն  կունենան միության անդամ մեկ այլ երկրում  վարկեր  վերցնել։ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը, հստակեցնելով որոշումը, «Ռադիոլուր»-ին տեղեկացրեց,  որ  ԵԱՏՄ ցանկացած երկրում  հնարավոր կլինի  հաճախորդի   վարկային պատմությանը ծանոթանալ՝  իր իսկ ցանկությամբ։ 

«Տվյալ բանկի  համար հասանելի կլինի  վարկային պատմությունը, որը քաղաքացու համար կհեշտացնի վարկ ստանալու  գործընթացը։ Այժմ, եթե քաղաքացին ցանկանում է  ԵԱՏՄ որևէ  երկրում վարկ ստանալ, ապա նրա վարկային պատմության մասին  որևէ տեղեկություն չկա, մինչդեռ վարկային պատմությունը  վարկավորման համար կարևորագույն  նախապայման է»։

Արդյո ՞ք այս առաջարկում նույնպես ռիսկեր կան՝ հարցնում եմ տնտեսագետ Կառլեն Խաչատրյանին։  Նրա գնահատմամբ՝ ԵԱՏՄ տարածքում ձևավորվող ռեեստրը ներառելու է վարկային պատմությունների մասին տեղեկատվությունը։ Հայաստանում այժմ էլ այդ ինֆորմացիան ամբողջանում է ԱՔՌԱ  համակարգում։ Նույն տրամաբանությամբ էլ կգործի  ԵԱՏՄ տարածքում՝ ասում է զրուցակիցս ու ընդգծում՝ ի տարբերություն ԿԲ ներկայացրած նախագծի, այս հայեցակարգն իր մեջ ռիսկեր չի պարունակում։

Ցուցադրել ավելի
Back to top button