Ժամանակի վկան

Հարավային Ռուսաստանում ունենք ամուր թեմ․ Տեր Հարություն ավագ քահանա Բայադյան․ «Ժամանակի վկան»

Սույն թվականի մայիսի վերջին Կրասնոդարի հայ համայնքից հրավեր ստանալով՝ կարճատև այցով առիթ ունեցա առաջին անգամ այցելելու Կրասնոդար, որտեղ մեծաթիվ հայկական համայնք ունենք։ Առաջին հանդիպումը նախատեսված էր Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդարանում։ Լայնատարած փռված  քաղաքի աչք շոյող տեսարանը Հայ Առաքելական եկեղեցու Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի եկեղեցական համալիրն է՝ բաղկացած մի քանի եկեղեցական կառույցներից՝ առաջնորդարան, Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ եկեղեցի, հարևանությամբ վեր խոյացող, բավականին վեհաշուք, բայց դեռևս անավարտ տաճար, «Վարդանյան» կրթամշակութային կենտրոնի «Արմատ» լրացուցիչ կրթության դպրոցի շենք և Սուրբ Պանդելեոն փոքրիկ մատուռ։

Հենց բակում հանդիպեցինք Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հարություն ավագ քահանա Բայադյանին։ Այս հաղորդումը՝ պատրաստված Տեր Հարությունի և իմ զրույցի հիման վրա, Հայ Առաքելական եկեղեցու Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի կայացման ու ամրապնդման ուղղությամբ ներդրված ջանքերի ու նվիրումի մասին է՝ համեմված փաստերով, նաև, երբևէ չպատմված հետաքրքիր եղելություններով։

Ամեն ինչ սկսվեց 1991 թվականի ձմռանը, երբ Ամենայն հայոց Հայրապետի օրհնությամբ երկու հոգևորական հայրերը հստակ առաքելությամբ  մեկնեցին Կրասնոդար։  1998 թվականին Մոսկվայում Հայ Առաքելական եկեղեցու Հարավային Ռուսաստանի Հայոց թեմն անցավ պետական գրանցման բոլոր գործընթացները։ Հայկական համայնքների մասին խոսելիս՝ հնարավոր չէ չքննարկել նաև առկա խնդիրներն ու մարտահրավերները, որոնք եղել են ու կլինեն։

Օտար ափերում, հայրենիքից հեռու, ինչպես որ միշտ է եղել, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր գործունեությունը զուգորդվում է համայնքաշինության, լեզվի, մշակույթի, ազգային ավանդույթների, մի խոսքով՝ հայապահպանության հետևողականորեն նորացվող առաքելությամբ։ Տպավորիչ էր հանդիպումը Հայ Առաքելական եկեղեցու Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Մովսես արքեպիսկոպոս Մովսիսյանի հետ։

Սրբազանի թեմակալության տարիներին՝ շուրջ երկու տասնամյակ, խթանվել է համայնքային հոգևոր, մշակութային, կրթական կառույցների շինարարությունն ու զարգացումը։ Երեք տասնամյակի ընթացքում Հայ Առաքելական եկեղեցին ամրապնդել է իր ներկայությունը Հարավային Ռուսաստանում։ Շարունակելով դարավոր ավանդույթը և կարևորելով լեզվի ու կրթության դերը ինքնության պահպանման գործում՝ Հայ Առաքելական եկեղեցին Հարավային Ռուսաստանում նույնպես եկեղեցիներին կից կառուցել է դպրոցներ ու կրթօջախներ։

Կրասնոդարի մյուս ծայրամասում՝ Պաշկովկա թաղամասում է գտնվում քաղաքի երկրորդ հայկական՝ «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» եկեղեցին։ Առիթը, իհարկե, շատ չուշացավ և մայիսի 23-ին հրավեր ստացանք մասնակցելու Հովհաննես Թումանյանի անվան դպրոցում կազմակերպված հերթական գրական հանդիպմանը, որի մասին առաջիկա հաղորդումներից մեկում կլինի անդրադարձ։

Չէի կարող չհարցնել նաև եկեղեցական համալիրի բակում կառուցվող, դեռևս անավարտ, բայց վեհաշուք տաճարի շինարարության ընթացքի մասին։ Հետաքրքրվեցի նաև հայ համայնքի թվական տվյալների և մարդկային հոսքերի մասին, հատկապես, վերջին պատերազմից հետո։

Կիրակի էր և Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ եկեղեցին լի էր հավատացյալներով, որոնց հետ մենք էլ մասնակցեցինք Սուրբ պատարագին։ Առաջնորդանիստ եկեղեցու երգչախումբն անթերի երգեցողություն-աղոթքներով լրացնում էր պատարագիչ հոր և սարկավագների հրաշալի ժամերգությունը, որն ուղեկցվում էր երեցկնոջ՝ Լիլիթ Մաթևոսյանի նվագակցությամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button