Մասնագիտություն

Խաղի և վարվեցողության կանոնները. ազնվական մարզաձև․ «Մասագիտություն»

Այս մարզաձևը ստեղծվել է Շոտլանդիայում` 15-րդ դարում, այն խաղացել են հովիվներն իրենց մականներով։ Սակայն սա գոլֆի ստեղծման մասին միակ պատմությունը չէ։ Որոշ պատմաբաններ կարծում են, որ այս մարզաձևը ստեղծվել է դեռ Հռոմեական կայսրության ժամանակ։ Միակ բանը, որ կարող ենք հստակ ասել` աշխարհում մեծ տարածում ունեցող գոլֆն անվանում են ազնվական մարզաձև։ Այսինքն` սա մարզաձև է, որտեղ գործում են ոչ միայն խաղի, այլև վարվեցողության կանոններ։

Ուստի գոլֆը ոչ միայն մարզաձև է, այլև մշակույթ, ժամանցի տեսակ, մտածելակերպ, կենսաձև: Ամբողջ աշխարհում գոլֆի հանդեպ հետաքրքրությունը գնալով զգալիորեն աճում է, Հայաստանում նույնպես: Ի դեպ Հայաստանում գոլֆի ակումբի, հետագայում Հայաստանի ազգային գոլֆի ասոցիացիայի ստեղծելու գաղափարի հեղինակն է անվանի բարերար, գործարար, գոլֆի մեծ սիրահար, հայկական գոլֆի լեգենդ՝ Վահագն Հովնանյանը։

Նա հրաշալի տիրապետելով խաղի հմտություններին՝ մինչև կյանքի վերջ գոլֆ է խաղացել: Բազմաթիվ ավանդույթներում և լեգենդներում պատմվող յուրահատուկ սպորտաձևը՝ գոլֆը, նաև լավ հաղորդակցման միջոց է: Խաղը ստեղծում է մի յուրահատուկ միջավայր, որտեղ հանդիպում են քաղաքական գործիչները, դիվանագետները, գործարարները` ինչպես ասում են հաճելին միավորելով օգտակարի հետ։

Գոլֆը նաև եզակի է այն պատճառով, որ այստեղ մրցավար պաշտոնապես չկա: Խաղի ընթացքը վերահսկում են մարզիկները: Խաղը հիմնված է հակառակորդի հանդեպ փոխադարձ վստահության, հարգանքի և ուշադրության վրա: Ու չպետք է մոռանալ, որ գոլֆում, ինչպես կյանքում, ռազմավարական մտածողությունը պարտադիր է, իսկ շտապողականությունը կարող է դառնալ կործանարար: Զրույց Հայաստանի գոլֆի ազգային ասոցիացիայի նախագահ Կարեն Հովհաննիսյանի հետ:

Back to top button