ԿարևորՀասարակություն

Հաց չեմ կերել, որ քունս չտանի․ մեկնարկել են ընդունելության քննությունները

Այսօր մեկնարկել են միասնական քննությունները: 15 քննական կենտրոններում դիմորդները քննություն են հանձնել  «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» և «Ընդհանուր պատմություն» առարկաներից: Քննության ընթացքին և դիմորդների տրամադրությանը ծանոթանալու նպատակով Գագիկ Ստեփանյանի անվան հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոն է այցելել նաև ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

Մինչ դիմորդները դրսում անհամբեր սպասում են, թե երբ են մտնելու  քննական կենտրոն և ծանոթանալու քննական առաջադրանքներին, ներսում կազմակերպչական վերջին շտկումներն են։ Վերջապես դռները բացվում են, բայց մինչև քննասենյակ հասնելը՝ մուտքի մոտ նախ պետք է ջերմաչափվեն։

Դիմորդներից Մարիան վերջին զանգի օրը վնասել է ոտքը։ Այսօր ստիպված էր մոր և մեկ այլ դիմորդի ուղեկցությամբ բարձրանալ քննասենյակ։

«Բոլորը շատ զիջող էին, բոլորն ինձ ճանապարհ տվեցին։ Այս տղան ինձ օգնեց ամբողջ ճանապարհին վերև բարձրանալ, ինչը շատ դժվար էր»։

Ոտքի վնասվածքը, սակայն, Մարիայի տրամադրության վրա չի ազդել։ Ապագա ատամնաբույժը վստահ է՝ քննությունը լավ է հանձնելու։

Նույն ակնկալիքն ու տրամադրությունն  ունեն նաև  իմ մյուս զրուցակիցները։

«Լարված եմ, բայց փորձում եմ լավ տրամադրվել, որ արդյունքն էլ լավը լինի։ Կանցնեմ, իմ անցողիկ շեմը կհաղթահարեմ»։

«Ես ԵՊԲՀ եմ գնում, ատամնաբուժական, հուզմունքը քիչ է, իմ կարծիքով  իմացողի համար հեշտ կլինի»։

Դիմորդներն արդեն իրենց տեղերում են,  քննությունից առաջ  նրանց հաջողություն է մաղթում անձամբ ԿԳՄՍ նախարարը։ Վահրամ Դումանյանը դիմորդներից հետաքրվում է՝ արդյոք հասցրել են քննությունից առաջ նախաճաշել։

«Ոչ, չեմ կերել, որովհետև եթե շատ ածխաջուր ես օգտագործում, քունդ սկսում է տանել»։

Մեկ այլ քննասենյակում նախարարը նկատեց, որ դիմորդներն արևի ուղիղ ճառագայթների տակ են նստած և հրահանգեց տեղափոխել նստարանները։

«Տվյալ պահին ես ինձ որպես ծնող եմ դիտարկում։ Ընդամենը տեղաբաշխման հետ կապված որոշակի նկատառում ունեցա։ Որոշ նստարաններ արևի ճառագայթների տակ էին։ Ես պատկերացրեցի, որ ես եմ քննություն տալիս, և  անհարմար կլիներ նորմալ մտածելը արևի տակ։  Ընդամենը այդ դիտողությունը եղավ, որը արագ շտկվեց»։

Այս քննական կենտրոնում 120 դիմորդից ներկայացել էր 117-ը։ Քննական առաջին օրը հանրապետության 15 կենտրոններում, նախնական տվյալներով, պետք է քննություն հանձներ 1505 դիմորդ, որոնցից 186-ը աշխարհագրություն, 1288-ը կենսաբանություն և 31-ը՝ համաշխարհային պատմություն:  

Ընդհանուր առմամբ՝ այս տարի առաջին փուլի դիմորդների  թիվը կրկնակի պակաս է ընդունելության  տեղերից։  

Անդրադառնալով դիմորդների քիչ լինելուն՝  նախարարը շեշտեց, որ կրթական քաղաքականության ուղղություններից մեկը բնագիտական առարկաներն ավելի գրավիչ դարձնելն է և որոշակի առաջընթաց արդեն իսկ  կա:

«Հնարավոր տեղերի քանակը փաստացի շրջանավարտների քանակից կրկնակի ավելի է։ Սա իհարկե լրջագույն խնդիր է։ Երբ մեր բուհերը որոշակի մասնագիտության գծով տեղեր է սահմանում, պետք է հասկանալ, թե ինչ հիմքով է դա արվում»։

Վահրամ Դումանյանը համաձայնեց, որ լուրջ հետազոտություն պետք է կատարվի՝ հաշվի առնվելով երկրի խնդիրները, բանկչության քանակն ու  մասնագիտությունների պահանջարկը։

Ցուցադրել ավելի
Back to top button