Սփյուռքի ձայնը

Հանրահռչակ քանդակագործ Արա Հարությունյանի սփյուռքյան հանդիպումները՝ ԿԳԲ-ի հայացքի ներքո․ «Սփյուռքի ձայնը»

Սփյուռքի հետ հանդիպումների ժամանակ հայ քանդակագործներին ուղեկցում էին խորհրդային հետախուզության աշխատակիցները: Հանրահռչակ քանդակագործ Արա Հարությունյանի՝ Սփյուռքում հանդիպումների և հրավերների մասին զրույցի ընթացքում ասաց նրա դուստրը՝ մոսկվաբնակ Սուսաննա Հարությունյանը:

Նա հիշում է հոր առաջին այցը Եվրոպա: Իտալիան էր, որտեղ քանդակագործն այցելել էր փորձի փոխանակման նպատակով: «Իտալական Կարառա քաղաքում հայրս տեսավ մի կիսաքանդակ՝ ձեռքեր և գլուխ, որը հետագայում պարզվեց, որ Քրիստոսի քանդակն էր: Նա շատ էր զարմացել, որ քանդակը կիսատ է և հայտնվել է ոչ պիտանի իրերի վայրում: Նա միանգամից հասկանում է այդ գործի որակն ու քարի տեսակը և Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Հասրաթյանին դիմում ՝ քանդակը տեղափոխելու համար: Իհարկե, նրան հաջողվում է դա: Նա Հայաստան է տեղափոխում միայն ձեռքերը և այսօր այդ հրաշալի քանդակը տեղադրված է Իսահակյան փողոցին հարող այգում»,- հպարտությամբ ասում է Սուսաննա Հարությունյանը:

Քանդակագործի դուստրը հիշում է նաև Արա Հարությունյանի Ֆրանսիա այցելությունը՝ ֆրանսահայերի հրավերով: «Հորս պատվիրվել էր քանդակել Միսակ Մանուշյանի արձանը: Արձանի բացման ժամանակ մայրս էլ է ուղեկցել հորս: Հիշում էր իրենց ուղեկցող պետական պաշտոնյաներին/հետախույզներին/, որոնք բոլոր միջոցառումների և հանդիպումների ժամանակ հետևել են նրանց: Տպավորություն էր, որ նրանք ոչ մի բան չեն հասկանում,-հիշում էր մայրս՝ շարունակելով՝ պտտվում էին քանդակի շուրջն ու ուշադիր լսում մեր զրույցները»: Անգամ նրանց ներկայությունը չի խանգարել, որ հայրս հանդիպումների ընթացքում հայ համայնքի մասին տեղեկություններ իմանա, խոսի Հայաստանի մասին, ասում է տիկին Սուսաննան:

Հետաքրքիր են եղել Արա Հարությունյանի՝ լիբանանյան հանդիպումները, որի ժամանակ ձևավորվել է մտերմություն և հետագա հանդիպումների ծրագիր: «Դեյր Զոր այցելությունը հայրիկիս հիշողության ամենացավալի, բայց կարևոր էջերից էր: Անգամ լուսանկարներ են պահպանվել այնտեղից, որտեղ նա մոմ է վառում անմեղ զոհերի համար: Լիբանանահայերի հետ հանդիպումն այդքանով չավարտվեց: Հայրս հաճախ էր նրանց ընդունում մեր տանը: Զրուցում էին, հիշում և ծրագրեր կազմում»,- ասում է Սուսաննա Հարությունյանը:

Ո՞ր համայնքներում էին սպասում քանդակագործին, խորհրդային հատուկ ծառայություններն ինչո՞ւ էին հետևում նրան այդ հանդիպումների ընթացքում և ինչո՞ւ չէին արգելում դրանք, ինչպե՞ս անգլիական Vogue ամսագիրն անդրադարձավ հայ քանդակագործի աշխատանքներին. հետաքրքիր այլ մասնրամասներ լսեք հաղորդման ընթացքում:

Ցուցադրել ավելի
Back to top button