ԿարևորՀասարակություն

«Արմաթն օդում»․ԱԹՍ առաջին աշխատանոցը՝ Մոնթե Մելքոնյան վարժարանում

 «Ռազմական գծով եմ շարունակելու, որոշել եմ ռազմական օդաչու դառնալ»,-ապագա ռազմական օդաչու Հայկ Համբարձումյանը ևս մեկ հստակ նպատակ ունի՝ կարողանալ շահագործել անօդաչու թռչող սարքեր։ Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանի 16-ամյա սանը անօդաչու թռչող սարքերի առաջին կրթական աշխատանոցում սովորողներից մեկն է։ Ռազմամարզական վարժարանում բացվել է «Արմաթն  օդում» անօդաչու թռչող սարքերի առաջին կրթական աշխատանոցը։ Այն նախատեսված է Դիլիջան քաղաքի և հարակից գյուղերում բնակվող 15-18 տարեկան տղաների և աղջիկների համար։ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանի խոսքով՝ այսպիսի աշխատանոցներ պետք է բացվեն Հայաստանի և Արցախի բոլոր քաղաքներում։ Պատանիները կսովորեն ԱԹՍ-ների կառավարում, տեխնիկական սպասարկում, աերոդինամիկա, կստանան տեսական գիտելիքներ։

«1 տարի են տևելու դասընթացները։ Հետո տղաները, որ հետագայում զինվորական ժամկետային ծառայության են գնալու, կկարողանան ԱԹՍ-ների կառավարում և տեխնիկական սպասարկում իրականացնել՝ ծառայելով համապատասխան զորատեսակում, իսկ աղջիկները կարող են ԱԹՍ արտադրող ձեռնարկություններում աշխատանքի անցնել կամ ստեղծել սեփական սթարթափը»,-ասում է Սեդրակ Վարդանյանը։

ԱՏՁՄ-ն դեռ 2021 թվականի հունվարին մեկնարկել էր «Արմաթն օդում» նախաձեռնության դրամահավաքը։ Որոշվում է հավաքված գումարով 2021 թվականին հիմնադրել 25, իսկ 2022 թվականին՝ 40 ԱԹՍ աշխատանոց։ Նպատակային գումարը կազմում է 422 միլիոն դրամ, որից 52 միլիոն դրամն արդեն հավաքվել է։ Արմաթը սկսել է նաև աշխատանոցների խմբավարների պատրաստումը, 12 խմբավար արդեն կարող է պատանիներին սովորեցնել, թե ինչպես է շահագործվում  ԱԹՍ-ն․

«Ընդհանրապես պատկերացում չեմ ունեցել, 0-ական մակարդակ, անգամ չգիտեի՝ ԱԹՍ-ները ինչից են կազմված, ինչպես են օդ բարձրանում»,-ասում է խմբավարը։

Շահեն Արաբաչյանն է՝ «Արմաթն օդում» ծրագրի առաջին աշխատանոցի խմբավարը։ Մասնագիտությամբ ֆիզիկոս, մաթեմատիկոս է։  Եթե առաջ չգիտեր, թե ինչպես է ԱԹՍ-ն օդ բարձրանում, ապա այժմ պատրաստ է պատասխանել շուրջ 30 սաների հարցերին։

«Արմաթն օդում» ծրագրի նորանշանակ համակարգող Խաչատուր Թադևոսյանը կարևորում է կրթական այս նախաձեռնությունը։ Նրա խոսքով, այսօր շատերն են թռչող սարքեր պատրաստում, սակայն դրանք չեն կարող ծառայել նպատակին, եթե որոշակի կարգավորումներ չեն անցնում, եթե պատրաստող անձնակազմը չունի մասնագիտական բարձր որակներ։  Խաչատուր Թադևոսյանն ասում է, որ պատրաստելու են քաղաքացիական ԱԹՍ-ներ, որոնք փորձարկվելու են վարժարանի տարածքում։ Ռազմական կիրառության  ԱԹՍ-ներ չեն լինելու․

«Սկիզբը սրանով պետք է սկսել, քաղաքացիականը եթե չկարողանանք սարքել, մյուսը չենք կարողանա»,-նշում է Խաչատուր Թադևոսյանը։

Այս ոլորտում ԱՏՁՄ առաջին քայլերը դեռ 2013 ու 2016 թվականներին կազմակերպված ԱԹՍ մրցույթներն էին։ 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի օրերին` հոկտեմբերի 15-ին, «Արմաթ» լաբորատորիաների հիմնադիր Կարեն Վարդանյանի ընտանիքն սկսեց «ԱԹՍ վերազինում» նախաձեռնությունը, որին մասնակցեց շուրջ 600 ընտանիք։ Այժմ այս նպատակով նվիրաբերություն կատարելու համար անհրաժեշտ է մուտք գործել «Արմաթ» ԻԼ պաշտոնական կայքի «Նվիրաբերել» բաժին և մեկնաբանության հատվածում գրել՝ «ԱԹՍ»։

Back to top button