ԿարևորՀասարակություն

Ուսուցիչ դառնալու համար մանկավարժ լինելն այլևս պարտադիր չէ

Խորհրդարանն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հեղինակած նախագիծը՝ «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Պատգամավորը գտել է ուսուցչի թափուր տեղը լրացնելու օրենսդրական կարգավորումը։

Համաձայն փոփոխության՝ եթե երկու անգամ հայտարարված մրցույթի արդյունքով ուսուցչի թափուր տեղը չի լրացվում, նույն տեղի համար կարող է դիմել նաև մանկավարժության առնվազն 30 կրեդիտ ունեցող անձը: Մասնագետներն այս հարցում վերապահում ունեն, բայց կարծում են, որ սա ընդհանրապես ուսուցիչ չունենալուց ավելի լավ է։

Հայաստանում կան դպրոցներ, որտեղ համապատասխան մասնագետ չունենալու պատճառով որոշ առարկաներ չեն դասավանդվում։ Հատկապես սահմանամերձ և բարձրլեռնային համայնքներում խնդիրը առավել զգալի է։ Արտագաղթը դրա պատճառներից միայն մեկն է՝  ասում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը․

«Վերջին տարիներին նվազել է նաև մանկավարժական բուհեր ընդունվողների թիվը։  Հետևաբար, խնդիրըշուտով ավելի է սրվելու։ Օրենսդրական նոր փոփոխությամբ եթե երկու անգամ հայտարարված մրցույթի արդյունքով ուսուցչի թափուր տեղը մնա չլրացված, ապա տվյալ թափուր տեղի համար կարող է դիմել նաև մանկավարժական որոշակի դասընթացների մասնակցած  առնվազն 30 կրեդիտ ունեցող տվյալ առարկայի մասնագետը»։

 «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված էր միջնակարգ ուսումնական հաստատություններում նոր մասնագետներ ընդգրկելու ընթացակարգը բարելավելու հրատապությամբ։ Գործող օրենքով պայմանները ճկուն չեն՝ ուսուցչի թափուր տեղը կամ ուսուցչական անձնակազմը համալրելու համար,- նկատում է նախագծի հեղինակ Մխիթար Հայրապետյանը։

«Իրավիճակը հատկապես խնդրահարույց է բնագիտական առարկաների մասով։ 2019-2020 թ. ուսումնական տարում հանրապետության 32 դպրոցում ֆիզիկա առարկա չի դասավանդվել, նույնքան դպրոցներում էլ՝ քիմիա, երեք դպրոցում չի դասավանդվել մաթեմատիկա առարկան: Մտահոգիչ է այս մանսագիտություններով նաև մանկավարժական բուհերում ընդունելության հանգամանքը։  2020-2021 ուսումնական տարում ոչ մի դիմորդ չի ընտրել ֆիզիկա մասնագիտությունը մանկավարժական մասնագիտացում ունեցող բուհերից որևէ մեկում»:

Մասնագետների պակասով պայմանավորված՝ առարկան չի դասավանդվում, հետևաբար, խախտվում է երեխայի` կրթություն ստանալու սահմանադրական իրավունքը, -ասում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։ Նա մտավախություն ունի, որ երկրորդ ընթերցմամբ ընդունված այս փոփոխության կիրառմամբ արժեզրկվելու է մանկավարժական կրթության դերը։

«Առանց այդ էլ՝ մանկավարժական բուհերը ծանր վիճակում էին։ Ես ինքս այն կարծիքին եմ, որ 30 կրեդիտով  մանկավարժ չես կարող դառնալ։ Մյուս կողմից՝ որքան էլ այս որոշումը առաջին հայացքից անընդունելի թվա, իսկ  ի՞նչ անենք, երեխաներին առանց ուսուցիչ թողնե՞նք»։ 

2020 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ հանրապետության 9 մարզի 101 դպրոցում կան առարկաներ, որոնք չեն դասավանդվում համապատասխան մասնագետ չունենալու պատճառով։  Չդասավանդվող առարկաների թիվը 18 է, նախնական հաշվարկով մեր երկրում շուրջ 700 ուսուցչի կարիք կա։

Ցուցադրել ավելի
Back to top button