Ժամանակի վկան

Բռնագաղթից 30 տարի անց հանդիպում գետաշենցիների հետ․ «Ժամանակի վկան»

Այս տարի լրացավ Գետաշենի ենթաշրջանի բռնագաղթի 30-րդ տարելիցը։  1991 թ․ ապրիլի 30-ին «Կոլցո» («Օղակ») պետական ահաբեկչական գործողության սանձազերծման հետևանքով, որը ո՛չ այլ ինչ էր, քան ցեղասպանական գործողություն, իրենց պատմական հայրենական բնակավայրերից բռնությամբ տեղահանվեցին երկու հայկական գյուղերի՝ Գետաշենի և Մարտունաշենի գրեթե 4000 բնակիչները։ Այդ օրը ԽՍՀՄ բանակի, ՆԳՆ ներքին զորքերի և ադրբեջանական ՕՄՕՆ-ի կանոնավոր, մինչև ատամները զինված ստորաբաժանումներն ամիսներ առաջ նախապես ծրագրված հարձակումով, որն ուղեկցվում էր խաղաղ բնակիչների սպանություններով, պատանդառությամբ, ծաղրուծանակով, ծեծուջարդով և այլ բռնություններով, ապա նրանցից հավաքելով գյուղերը կամավոր լքելու մասին դիմումներ, առանց որևէ ինչքի, հարկադրեցին թողնել իրենց պապենական օջախները և հեռանալ։ 

Այդ օրը զոհվեցին երեք տասնյակ հայեր՝ այդ թվում՝ Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը, Մարտական խաչի ասպետներ Սիմոն Աչիքգյոզյանը, Արթուր Կարապետյանը, Զարզանդ Դանիելյանը և Վալերի Նազարյանը։ Գետաշենցիներն ու մարտունաշենցիները տեղափոխվեցին Հայաստան, նրանց մի մասը հաստատվեց հայրենիքում, մյուսները ցրվեցին աշխարհով մեկ։ Այդ ողբերգական դեպքերից առաջ և հետո ՌԴ Կրասնոդարի երկրամասում բնակություն հաստատած բազմաթիվ գետաշենցիներ կան։ Նրանցից են նաև Թաթուլ Կրպեյանի նախկին աշակերտների ընտանիքները։

Նրանք սովորում էին 11-րդ դասարանում, երբ ստիպված թողեցին հայրենի գյուղը։ Այս տարի լրացավ նրանց, որպես Գետաշենի վերջին շրջանավարտների, դպրոցն ավարտելու 30-ամյակը։ Մեկտեղելով այս առիթները և, հատկապես, սիրելի ուսուցչին՝ Թաթուլ Կրպեյանին, համադասարանցիներով հիշատակի և հարգանքի տուրք մատուցելու համար,  գետաշենցի աշակերտները, որոնք արդեն հասուն մարդիկ են, ունեն ընտանիքներ, Կրասնոդար էին հրավիրել ինձ և դստերս՝ Ասպրամ Կրպեյանին՝ մասնակցելու հիշատակի մի քանի միջոցառումների, որոնց կազմակերպչական աշխատանքները նախաձեռնել և հոժարակամ իրականացել էին Օլյա Բաբաջանյանը և Կարեն  Մարկոսյանը։

Բացի նշածս իրադարձություններին պատշաճ անդրադառնալը, հուշ-երեկույթի հիմնական նպատակն էր ներկայացնել իմ մենագրությունը, որը 2016 թվականին տպագրել էր ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը։ Այն նաև թարգմանվել է անգլերեն 2019 թվականին։ Գիրքը, որը վերնագրված է՝ «Թաթուլ Կրպեյան․ Հյուսիսային Արցախի Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանությունը», համապարփակ, ամբողջական պատմագիտական հետազոտություն է, որով անձնական (մեր ընտանեկան, այլ անհատների) և պետական արխիվների նյութերի, ականատեսների վկայությունների, մամուլի ու այլ աղբյուրների ուսումնասիրությամբ ներկայացնում եմ Գետաշենի ենթաշրջանի գրեթե քառամյա ինքնապաշտպանական պայքարը, Թաթուլ Կրպեյանի՝ որպես այդ պայքարի կազմակերպչի և ընդհանուր հրամանատարի, ռազմական, քաղաքական և հասարակական գործունեությունը։

Թաթուլ Կրպեյանի աշակերտուհի Օլյան վարում էր հուշ-երեկույթը։ Կրասնոդարում առավել ակնահաճո տեսարանը, որը մեզ տպավորեց՝ Հայ Առաքելական եկեղեցու Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդարանի եկեղեցական համալիրն էր՝ առաջնորդարանով, Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ եկեղեցու հարևանությամբ վեր խոյացող, դեռևս անավարտ, բավականին վեհաշուք տաճարով, «Վարդանյան» կրթամշակութային կենտրոնի «Արմատ» լրացուցիչ կրթության դպրոցի շենքով և Սուրբ Պանդելեոն փոքրիկ մատուռով։ Հենց բակում էլ առաջին անգամ, սակայն, ինչպես հին բարեկամներ, հանդիպեցինք Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հարություն ավագ քահանա Բայադյանին, ով արդեն սպասում էր մեզ։

Տեր Հարությունը սիրով պատմեց Հայ Առաքելական եկեղեցու Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի գործունեության մասին։ Առաջիկայում «Ժամանակի վկան» հաղորդաշարն առանձին հաղորդումով կներկայացնի նաև Տեր Հարությունի հետ զրույցը։ Հուշ-երեկույթը, որը բացվեց Տեր Հարությունի հուզիչ խոսքով, անցկացվեց Հայ Առաքելական եկեղեցու թեմական «Վարդանյան» կրթամշակութային կենտրոնի ընդարձակ, լուսավոր և տեխնիկապես հագեցած դահլիճում։ Սուրբ հայրը տերունական աղոթքով իր հայրական օրհնությունը բերեց ներկաներին ու գնահատանքի խոսքերով արժևորեց հերոսների հիշատակը։

«Վարդանյան» կրթամշակութային ենտրոնի «Արմատ» հայկական դպրոցի տնօրինությունը՝ հանձին դպրոցի ուսմասվար Արտյոմ Մինասյանի, գործուն աջակցություն էր ցուցաբերել կազմակերպչական հարցերում։ Ֆոտոպատմությունը, որը ցուցադրեցինք հուշ-երեկույթի ընթացքում բեմին փակցված մեծ էկրանի վրա, ինձ հետ արդեն շրջել է աշխարհի մի քանի պետություններով։ Լուսանկարներով և համապատասխան պատմական փաստերով պատմեցի Թաթուլ Կրպեյան ազգային գործչի կյանքը և գործունեությունը, իսկ դուստրս՝ Ասպրամ Կրպեյանը, ներկայացրեց 2020 թվականի մայիսի 28-ին հիմնադրված «Թաթուլ Կրպեյան Խաղաղություն հիմնադրամի» ծավալելիք աշխատանքների հիմնական ուղղությունները։

Կարճատև այցելությունը Կրասնոդար լի էր տարբեր տպավորություններով։ Ամենազգացական ու ծանր միտքը, որ մենք՝ երկուսս՝ ես և դուստրս, ունեիք ամբողջ ճամփորդության ընթացքում, այն էր, որ կփափագեինք, որ թշնամու ճիրաններից ազատագրված լինեին Գետաշենն ու Մարտունաշենը, Շահումյանը, Արցախի մյուս հատվածները, որ ինքնաթիռը մեզ տաներ այլ ուղղությամբ՝ դեպի Գետաշեն, ու մեր հանդիպումը կայանար հայկական հողի վրա, իսկ Գետաշենի Պանդ մատուռի խնկահոտ պատերի ներքո խնկարկեինք Թաթուլ Կրպեյանի ու հայրենիքի համար զոհված բոլոր քաջորդիների հիշատակը։ Բայց, ավաղ, ինքնաթիռը մեզ Գետաշեն չէր տանում, այլ՝ Կրասնոդար, որտեղ՝ Գետաշենի, Մարտունաշենի, Շահումյանի բռնի հայաթափությունից հետո բնակություն հաստատած գետաշենցիների, մասնավորապես, Հայրապետ Ճաղարյանի ջանքերով, Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ եկեղեցու կողքին 1995 թվականին կառուցվել էր Սուրբ Պանդելեոն մատուռը՝ ի պատիվ Գետաշենի Պանդ սրբատեղիի, իսկ այդտեղից բերված քարը տեղադրվել էր Կրասնոդարի մատուռի պատի մեջ։

Հանդիպմանը ներկա էին ոչ միայն Կրասնոդարում, այլև երկրամասի տարբեր քաղաքներում բնակվող գետաշենցիներ։ Այդ նպատակով Կրասնոդար էին ժամանել նաև գետաշենցի նախկին ուսուցիչներ Հրանտ Գյուրջյանը, որը եղել էր նաև Գետաշենի գյուղխորհրդի վերջին նախագահը, ինչպես նաև Սերգեյ Ծովյանը և Գոհար Ավագյանը։ Նրանք նույնպես առանձնահատուկ ջերմությամբ ու խոր ակնածանքով հիշեցին իրենց գործընկերոջը՝ գյուղի պաշտպան-հրամանատար, բնակիչներին սպանդից փրկած ուսուցիչ Թաթուլ Կրպեյանին, ում հետ պատիվ էին ունեցել դպրոցում աշխատելու ընդամենը ութ ամիս։

«Արմատ» դպրոցի տարբեր տարիքի սաների հետ ջանասիրաբար պարապել և մեզ հետ հանդիպմանը պատրաստվել էին դպրոցի ուսուցիչներ Արշալույս Երեմյանը, Մեկսիդա Հովհաննիսյանը, Անահիտ Հակոբյանը, Աննա Մոսինյանը, Գոհար Գրիգորյանը։ Իրաքահայ ուսանող Ջոնիի կիթառի նվագակցությամբ տարբեր տարիքի երեխաներն արտասանեցին Թաթուլ Կրպեյանի հեղինակած բանաստեղծություններից։ Կարինե Ասատրյանը և Ռուբեն Խաչատրյանը երգեցին հերոսներին նվիրված հայրենասիրական երգեր, իսկ «Նարեկ» պարախումբը կատարեց հայկական քոչարի։ Համերգային ծրագրի բեմադրության սցենարի պատասխանատուն «Արմատ» դպրոցի կրթության բաժնի փոխտնօրեն Կարինե Եղիկյանն էր։ Հուշ-երեկոն ավարտվեց հյուրերի հետ լուսանկարվելու, միմյանց հետ ծանոթանալու և հաղորդակցվելու հաճելի պարտականությամբ։

Ավելի ուշ մեզ սպասում էր ևս մեկ հանդիպում Թաթուլ Կրպեյանի գետաշենցի աշակերտների ու աշակերտուհիների և նրանց ուսուցիչների հետ․․․տխուր և ուրախ հուշերով կրկին մտքով հասանք Գետաշեն ու 30 տարի անց բացահայտեցինք նոր մանրամասնություններ 1990-91 թթ․ գետաշենյան իրադարձություններից․․․ Այդ հանդիպմանը ներկա գետաշենցիների հուշերը նույնպես ձայնագրվել են և առաջիկայում ունկնդիրը հնարավորություն կունենա Թաթուլ Կրպեյանի աշակերտների և գործընկերների պատումներով ավելի լավ ծանոթանալու Կրպեյան հերոսին, ուսուցչինմև, պարզապես, մարդուն։

Ավարտվեց «Ժամանակի վկան» հաղորդաշարի հերթական հաղորդումը, որն ամփոփ ներկայացրեց Կրասնոդարի «Վարդանյան» կրթամշակութային կենտրոնի  «Արմատ»  լրացուցիչ կրթության դպրոցում 2021 թվականի մայիսի 22-ին կայացած հուշ-երեկույթը՝ նվիրված Գետաշենի բռնագաղթի 30-րդ տարելիցին,  «Օղակ» պետական ահաբեկչական գործողության ժամանակ զոհված հերոսների հիշատակին, մասնավորապես, ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կյանքին ու գործունեությանը։ Մասնակիցներ՝ Տեր Հարություն Բայադյան, Արտյոմ Մինասյան, Օլյա Բաբաջանյան, Կարինե Եղիկյան, Գոհար Ավագյան, Հրանտ Գյուրջյան, Սերգեյ Ծովյան։

Back to top button