ԿարևորՀասարակություն

Ռազմաբժիշկներն ու Իշխանաձորը՝ կռվի ու գրքի գլխավոր հերոսներ

2020 թվականի հոկտեմբերի 18-ին Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղի  630 բնակիչները  լքեցին իրենց տները։ Համայնքապետ Արսեն Թելունցի խոսքով՝ 140 ընտանիքներից 30-ը բազմազավակ էին` ունեին 4 և ավելի երեխա։  Գյուղի վերջին օրերեի մասին Հասմիկ Բաբաջանյանը պատմել է «Իշխանաձորի վերջին մայրամուտը» գրքում։ Նա բժշկական գումարտակի հրամանատարի համագործակցության գծով ավագ սպա է, պատերազմի օրերին եղել է Իշխանաձորում, գիրքը գրել է պատերազմի ավարտից հետո՝ 2 ու կես ամսում։  

Պատմությունները և հերոսները իրական են, դրանց մի մասը  Հասմիկ  Բաբաջանյանը կներկայացնի գրքի երկրորդ մասում, հիմա իր հերոսներից մեկի մասին է պատմում։

«Պատվավոր հյուրերիցս մեկը մեր տղաներից է, ծառայության վայրից հրամանատարին խնդրել եմ, որ թույլ տան այսօրվա միջոցառմանը  ներկա լինի։ Պարկուճը տղայի ականջի կողքն էր վնասել, եթե մեկ սմ տարբերություն լիներ, տղան մեզ հետ չէր լինի։  Երբ պարկուճը հանեցինք, տարա իր հրամանատարին տվեցի, որը կողքի սենյակում լուրի էր սպասում ՝ տղան ողջ մնա՞ց, թե՞ ոչ»,-ասում է Հասմիկ Բաբաջանյանը։

Այդ տղան Արման Հարությունյանն է՝  համեստ ու քչախոս, պատերազմի մասին չցանկացավ խոսել։ Ռուսաստանից էր եկել հայրենիքին իր պարտքը տալու, պատերազմը սկսվեց՝ դարձավ նաև դրա մասնակիցը։ Ասաց միայն, որ իր կյանքի որոշումները կկայացնի ծառայությունն ավարտելուց հետո։

«Բուժակը Մանուկն է, մեր անձնակազմի ամենաերիտասարդ անդամը։ Ակնապայթյունային վիրավորումներ է բերել։ Հերթական վիրավորին տեղ հասցնող Լևոնի ամենագնացի անիվները ծակվել էին և բուժակն այլ մեքենայով էր դուրս բերել վիրավորներին։ Ժամեր անց պարզ էր դարձել, որ այն տարածքը, որտեղ Լևոնը մեքենայով գտնվում է, հնարավոր է, էլ մերը չէ»։

Սա հատված է Հասմիկի գրքից․ Լևոն Սողոյանին հակառակորդի դիտակետից դուրս գալ հաջողվեց, այսօր արդեն ականատեսի հայացքով է կարդում Հասմիկի գիրքը։ Ասում է՝ քաղաքացիական կյանքում մեքենայի սիրելի մակնիշը Մերսեդեսն է, պատերազմի դաշտում, ուր մեկնել էր կամավոր, շտապօգնության մեքենան։

«Երբ գնում էինք վիրավորներ բերելու, ավելի հեշտ էր, վերադառնալն էր բարդ։ Չեմ կարող նկարագրել ընդհանուր իրավիճակը, միայն կասեմ, որ ամեն անգամ գալուց իրար ծնունդ էինք շնորհավորում, համարում էինք, որ հետ վերադարձանք, ուրեմն նորից ենք ծնվել»,-ասում է Լևոն Սողոյանը։

Բուժակը՝ Մանուկ Ասատուրյանը, հիմա էլ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի զինվորական գումարտակում է աշխատում։ Ասում է՝ պատերազմի դաշտում մոռանում ես սեփական անվտանգության մասին, ամենաթանկը զինվորի կյանքն է դառնում։

«Հիմնական բարդությունը այն չէր, որ վիրավորումն էր ծանր, որովհետև թեթև վիրավորում առհասարակ չկար։ Խնդիր էր եղանակը, տարածքը, նոր Լևոնը ինձ դեպք հիշեցրեց, մեքենան ոնց էր փախցնում կրակոցներից ու տեսանք, մեքենայի ֆառերը երկնքում մնացին»,-ասում է Մանուկ Ասատուրյանը։

Շտապ օգնության մեքենան միայն տղաները չեն վարել, վարորդներից մեկն էլ Իշխանաձորի բնակիչ, բժշկուհի Լուսինե Սարգսյանն էր, որի հետ գրքի հեղինակը ծանոթացել է հենց այն ժամանակ, երբ Լուսինեն եղել է ղեկին։ Այս պատմությունը ևս ներառված է գրքում։ Լուսինեն Կովսականի տեղամասային հիվանդանոցի տնօրենն էր, իսկ Իշխանաձորի բուժամբուլատորիան այդ հիվանդանոցի վերահսկողությամբ էր գործում։ Պատերազմի ծանր ելքը բժշկուհին վերջակետ չի համարում։

«Մեր բնակարանը մենք թողել ենք ամսի 18-ին, նաև հիվանդանոցը, միայն երկու մեքենա ենք հանել հիվանդանոցից, մնացած ամեն ինչ մնացել է, որովհետև անակնկալ էր դուրս գալը, մենք սպասում էինք վաղվա օրվան, պարտության և հեռանալու պատրաստ չէինք։ Բայց ես հույսս չեմ կորցնում, գիտեմ, որ անպայման մեր տներ վերադառնալու ենք»,-ասում է Լուսինե Սարգսյանը։

Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ Տիգրան Ավետիսյանը ռազմական բժշկության ոլորտում բարձր է գնահատում որ միայն Հասմիկի, այլև մյուս բոլոր կանանց արդյունավետ աշխատանքը։ Նրա խոսքով՝ ոլորտում աշխատակիցների 40 և ավելի տոկոսը հենց կանայք են։

«Ստորաբաժանումը, որը մարտական խնդիր է կատարել Իշխանաձորում, մեր շարժական բժշկական միավորումների ամենամարտունակ և պատրաստված միավորումն է,  Իշխանաձորում լինելու առաջին 10 օրվա ընթացքում փրկել են 1900 վիրավորի կյանք»,-ասում է Տիգրան Ավետիսյանը։

Գրքի հերոսները պատրաստ են նորից մեկնել մարտի դաշտ, եթե կարիքը լինի։ Իշխանաձորի ղեկավար Արսեն Թելունցի խոսքով՝ բնակիչները սփռվել են Հայաստանով մեկ։ Հիմա Ասկերանի շրջանում Իշխանաձորի բնակիչների համար բնակարաններ են կառուցվում։ Զրուցակիցներս վստահ են՝ Իշխանաձորի վերջին մայրամուտին արևածագն անպայման հաջորդելու է։

Back to top button