Ստարտափ Հայաստան

Նոյեմբերյանցի տղաների ստարտափը հեղափոխական կարող է լինել բանակի համար․ «Ստարտափ Հայաստան»

Վիճակագրություն չունենք, թե 16 տարեկան պատանիներից քանիսն են այդ տարիքում անհոգ ու ազատ, օրինակ, համակարգչային խաղեր խաղում, ազատ ժամանակն անցկացնում ընկերների հետ, դաս սովորում, ու քանիսն են ինչ-ինչ պատճառներից ելնելով ժամանակից շուտ մեծանում ու սկսում զբաղվել այնպիսի գործերով, որոնք իրականում մեծերը պետք է անեին։

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում է ապրում Արգամը։ Նա իր երկու ընկերների հետ 10 տարեկանից հաճախում է Արմաթ ինժեներական լաբորատորիա։ Սկզբում տղաներին գրավում էր համակարգչային խաղերի ստեղծումը, հետո տարիքի հետ նախասիրությունները փոխվեցին։

Այժմ հետաքրքրության շրջանակում ծրագրավորումն է, ռոբոտաշինությունը, 3D մոդելավորումն ու ինժեներությունը: Արգամն ընկերների հետ որոշեց, որ պետք է գիտելիքներն այնքան հարստացնեն, որ կարողանան հիմնել պրոտոլաբ լաբորատորիա։ Այն կօգնի զբաղվել ինովացիաների մշակմամբ և տարածմամբ։ Տղաները նախատեսել են, որ լաբորատորիան սկզբում կզբաղվի ֆրիլանսինգով. դեկորատիվ իրերի տպագրությամբ և էլեկտրական գաջեթների արտադրությամբ։

Նրանց նախագծի մասին լսելիս` մարդիկ զարմանում են, հավանություն տալիս, իսկ ոմանք էլ թերահավատորեն են նայում տղաների մտքերին, բայց մեկ է, իրենք վստահ գնում են դեպի նպատակի իրականացմանը։ Ստարտափի ստեղծման համար ամեն բան մտածել են արդեն, միայն թե ֆինանսների խնդիր կա, այն փորձել են լուծել հայրենակիցների օգնությամբ։ Բացել են մի հարթակ, որտեղ մարդիկ կարող են գումար նվիրաբերել, որ տղաները կարողանան իրենց մտածածը իրագործել, իսկ իրենց մտածածը ապագայում հեղափոխական կարող է լինել բանակի համար։

Արգամը չի նեղսրտում այն մտքից, որ պատերազմից հետո մարդիկ սկսեցին ասել, թե կարելի էր սա այսպես անել, նա էլ այնպես, քաջ գիտակցում է, որ եթե մինչ այս ինչ-որ փոփոխություններ չեն եղել, սա լավ առիթ է, որ նոր սերունդը կարողանա այնպես անել, որ հետագայում մենք ավելի ուժեղ լինենք և օգտագործենք մեր ներուժը հանուն Հայաստանի։

Թիմը կարողացել է համագործակցել նաև այլ մարզերի իրենց տարեկիցների հետ։ Միասին աշխատելով կարողացել են գումար վաստակել, որոշել են դա դարձնել լավ ավանդույթ ու ոլորտով հետաքրքրվող մյուս երիտասարդների հետ հաճախ աշխատել. այդպես կամրապնդվի նաև մարզից մարզ կապը։ Հակառակ երիտասարդ տարիքին, Արգամի նպատակները շատ ավելի մեծ են և պատասխանատու։ Իսկ սերը Նոյեմբերյանի հանդեպ նպատակներն իրականանցնելու ամենակարևոր շարժառիթն է։

Ցուցադրել ավելի
Back to top button