ԿարևորՀասարակություն

Արցախցի 7-ամյա դյուցազնը գերազանցել է իր ռեկորդը Գյումրիում

Ծափահարություններն ու հիացական հայացքները Գյումրիի Վարդանանց հրապարակում 7-ամյա Սուրեն Բաղդասարյանինն են՝ Արցախի Ավետարանոց գյուղից։ Փոքրիկ դյուցազնն ըմբշամարտի կամուրջ դիրքով որովայնի վրա ավելի քան 28 վայրկյան պահեց ծանրաձողի 25 կիլոգրամանոց կշռաքարը՝ գերազանցելով իր նախկին՝ 26․54 վայրկյանի ռեկորդը, որը  գրանցվել էր Դյուցազնագրքում։  Առաջին անգամ Սուրենը 3 տարեկանում է այդ վարժությունն արել։

 «Գետնին պառկում էի ու իջնում»

Սկզբում  հացի ամանն էր որովայնին պահում կամուրջ դիրքով, հետո՝ 5 տարեկան քույրիկին՝ Արևին։

«Հիմա 17 կգ է Արևը, Սուրեն-ը մեկ ձեռքով պահում է»։

Նույն մարզաձևով  զբաղվում էր Սուրենի հայրը՝ Սամվել Բաղդասարյանը, իր ռեկորդներն էր գրանցում։  Վերջին ռեկորդը բարելավելուն խանգարել է պատերազմը։

«Ես դրեցի 178 կգ 800 գր, դրանից հետո պիտի ռեկորդս բարելավելի, աշխարհի ռեկորդ գրանցեի, սկսվեց քառօրյան։ Քառօրյայից հետո էլ՝ ընտրություններ, էսօր-էգուց, հիասթափվեցի, գործս տղաս շարունակեց»։

Բաղդասարյանները Արցախի Ավետարանոց գյուղում 140 խոշոր և մանր եղջերավոր անասուններ ունեին, հրաշալի ձիեր, ցեղական շներ, որոնց շատ է կարոտում փոքրիկ Սուրենը։

«4-ն էին՝ Գուչոն, Արջուկը, Նաչոն, Սևուկը։ (Մայրիկը՝ Ռոզա Կարապետյանը, չի կարողանում զսպել արցունքները, փոքրիկն է փաթաթվում, հանգստացնում) Մի լացիր, մի լացիր․․․»

Փոքրիկ դյուցազնի երիտասարդ մայրը՝ Ռոզա Կարապետյանը, թշնամուն թողած իր շեն տունը հիշելիս չի կարողանում զսպել արցունքները, թեև միշտ փորձում է ժպտալ։ Ամուսինը՝ Սամվելը, պատերազմի առաջին օրը ընտանիքին ուղարկել է Հայաստան ու կռվել մինչև պատերազմի ավարտը։ Երբևէ չեն մտածել, որ Ավետարանոցը, իրենց շեն տունն ու ապրուստը կմնան թշնամուն։ Շիրակի մարզում հանգրվանել են Հայ Կաթողիկե եկեղեցու Թորոս գյուղում գտնվող ճամբարում, ապրում են օգնություններով։  Հունիսի 15-ին ավարտվելու է կեցության ժամկետը, մտածում են՝ ու՞ր գնալ։

«Ես նախընտրում եմ առաջնայինը աշխատանք գտնենք, հետո՝ բնակարան, ուր էլ որ գնանք»։

Չնայած մասնագիտական բարձրագույն կրթությանը՝ գործազրկության բարձր մակարդակ ունեցող Շիրակի մարզում երիտասարդ ամուսիններն աշխատանք դեռ չեն  գտնել։  7-ամյա Սուրենն ու 5-ամյա Արևը Գյումրիի «Ընտանիք»  կենտրոնի տարբեր խմբակներում են գտնում իրենց հետաքրքրությունները, կենտրոնի տնօրինությունն էլ Բաղդասարյանների նման 36 ընտանիքի օժանդակությունը շարունակելու ուղիներ է փնտրում։ «Ընտանիք» կենտրոնի հիմնադիր Քնարիկ Ահարոնյանն է պատմում։

«36 ընտանիքի՝ 197 շահառուի 3 ամիս առաջնային օգնություն ենք տրամադրել։ Այս ծրագիրը սկսել ենք ֆրանսիական «Էվողա Դողյան» կազմակերպության հետ, երբ պատերազմը դեռևս ընթացքի մեջ էր և այն մարդկանց համար էր, որոնք  Արցախից տեղահանվել էին, ու ենթադրում էինք, որ պատերազմի ավարտից հետո պետք է հետ վերադառնան»։

Կվերադառնան՝ վստահ է փոքրիկ դյուցազնը։  Սուրենի ամենամեծ երազանքը զինվոր ու բժիշկ դառնալն է, նպատակն էլ տանկով իրեն գյուղ՝ Ավետարանոց գնալը, որ գեղեցկուհի մայրիկի աչքերն էլ երբեք չարցունքոտվեն։

Ցուցադրել ավելի
Back to top button