Մտքի ուժը

Ինչո՞ւ անձրևը չի մաքրում Երևանի փոշին․ «Մտքի ուժը»

Որտե՞ղ ու ինչպե՞ս են իրականացվում մեր երկրում օդերևութաբանական, հիդրոլոգիական, անտառային, շրջակա միջավայրի բաղադրիչների՝ մթնոլորտային օդի, ջրերի, հողի աղտոտվածության մոնիթորինգը։ Հարցի պատասխանը մեզ Զեյթուն վարչական շրջան՝ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տարածք հասցրեց։ Հենց այս գիտական կենտրոնին պատկանող մասնաշենքերից մեկը կառավարությունը հատկացրել է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնին։

2020 թ․-ի հունվարից էլ Եվրամիության աջակցությամբ այն հագեցվել է ժամանակակից սարքավորումներով։ Խորհրդային տարիներին կառուցված շենքը լուսավոր է, հագեցած ժամանակակից սարքավորումներով։ Այստեղ անգիր գիտեն, թե Երևանի որ հատվածն է ամենափոշոտը՝ Կենտրոն վարչական շրջանը՝ Ագաթանգեղոս, Գրիգոր Լուսավորիչ փողոցները։

Իսկ ի՞նչ եք կարծում, հատկապես մայիսի վերջերին որքանո՞վ էր ավելացել Երևանի օդի մեջ փոշու պարունակությունը։ Մասնագետներն ասում են՝ ոչ ավելի, ոչ պակաս՝ 2-ից 8 անգամ: Պատճառը մայիսի 22-ին և 23-ին անապատային փոշու մեծ կոնցենտրացիայով հոսանքների մուտքն էր հանրապետություն։
Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնում նաև մեզ պատմեցին, որ այս գերազանցումն անոմալ չէ, եղել են դեպքեր, երբ օդի մեջ փոշու քանակը գերազանցել է թույլատրելիի սահմանը մինչև 30 անգամ:

Կենտրոնի փոխտնօրեն Գայանե Շահնազարյանն ասում է, որ աշխարհում ներդրվում են աղտոտիչների որոշման ժամանակակից մեթոդներ, մենք դեռ հետ ենք մնում, բայց բացը լրացնելու ուղղությամբ աշխատանքներ իրականացվում են։

Եթե որևէ մեկին թվում է, որ անձրևից հետո օդն անմիջապես մաքրվում է, սխալվում եք, այնքան հեշտ չէ փոշուց ձերբազատվելը։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրենն արձանագրում է․ ջրատարներ չկան, որ կեղտոտված անձրևաջրերը հեռանան։ Ուստի դրանք երկար ժամանակ մնում են քաղաքում ու հանրապետությունում։

Մասնագետներն ասում են, որ փոշոտ են Հայաստանի գրեթե բոլոր քաղաքները՝ միայն թե փոշու առկայությունը կախված է տարվա եղանակից ու տեղումներից։ Իսկ խոշոր քաղաքները փոշոտ են, քանի որ Հայաստանում անտառածածկ ու կանաչ տարածքներն են քիչ։ Փոշու մանր մասնիկներն ավելի վտանգավոր են, ԱՀԿ պարտադրում է, որ երկրները փոշու մանր հատիկներին ավելի շատ ուշադրություն դարձնեն։

Միայն փոշին չէ, որ աղտոտում է օդը, ազոտի ու ծծմբի երկօքսիդներ նույնպես կան՝ առաջանում են արդյունաբերական արտանետումների ու դիզելային վառելիքի այրման հետևանքով։ Մասնագետները նաև արձանգրում են, որ Հայաստանում մթնոլորտային օդի աղտոտվածությունը նվազել էր 2020-ի գարնանը, երբ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված էր արտակարգ դրություն։

Ցուցադրել ավելի
Back to top button