ԿարևորՀասարակություն

Տավուշի մարզի սահմանն այն գիծն է, որտեղ կանգնած են մեր զինվորները․ Հայկ Չոբանյան

Որևէ ռիսկ չեզոքացնելու ճանապարհը երկիրը զարգացնելն է, այդ ուղղությամբ մեծ ծավալի աշխատանք կա անելու՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Տավուշի նախկին մարզպետ, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը՝ արձագանքելով սահմանային իրավիճակին վերաբերող հարցին։

Կառավարությունն անում է ամեն ինչ, որ սահմանային խնդիրը պատերազմի չվերածվի՝ նշել է Հայկ Չոբանյանը եւ հույս հայտնել,  որ առաջիկայում խնդիրը կլուծվի։ Ռազմարդյունաբերության ոլորտում իրականացվող ծրագրերին անդրադառնալով էլ՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ առաջիկա ամիսներին  տեսանելի արդյունքներ կլինեն Հայաստանի ռազմական պոտենցիալում հայկական ռազմարդյունաբերական համալիրի ներգրավվածության առումով։      

Տավուշի նախկին մարզպետից լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք համաձայն է այն պնդման հետ, որ նախկինում իր ղեկավարած մարզում կան Ադրբեջանին պատկանող գյուղեր։ Հիշեցնենք, որ մարզում ադրբեջանական գյուղերի մասին պնդում արել էր Տավուշի նախկին մարզպետ, այժմ  իմքայլական պատգամավոր Վահե Ղալումյանը։ Վերջին շրջանում խոսվում է, այսպես ասենք, այդ անկլավներն Ադրբեջանին վերադարձնելու անհրաժեշտության մասին։

«Ես չգիտեմ՝ ով ինչ է պատրաստվում անել։ Տավուշի մարզպետ 2 տարի աշխատելիս առնվազն երեք անգամ անդրադարձել եմ այս թեմային։ Ընդ որում՝ ոչ միայն որպես Տավուշի մարզպետ եմ անդրադարձել այդ թեմային, այլ նաեւ որպես ՀՀ քաղաքացի եւ ընդհանրապես հայ մարդ։ Որեւէ ժամանակ այդ խնդրի վերաբերյալ իմ դիրքորոշումը չի փոխվելու. Տավուշի մարզի սահման ասելով՝ ես ինքս դե ֆակտո դիտարկում եմ այն գիծը, որտեղ կանգնած են մեր զինվորները»։ 

Չոբանյանն  իր՝ որպես քաղաքացու և որպես նախարարի  պարտականություն է համարում նաև այն, որ սահմանային ստատուս քվոն ի վնաս Հայաստանի չխախտվի։ Ասում  է՝ եթե ավելին անելու համար այլ կարգավիճակ պահանջվի, կփոխի իր  կարգավիճակը։

Չոբանյանը համոզված է, որ սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայից բխող հնարավոր ռիսկերը չեզոքացնել հնարավոր է զարգացման միջոցով։ Ռիսկերը հաղթահարելու այլ ճանապարհ չկա՝ ասում է.

«Առանց ուժեղ տնտեսության՝ մենք չենք կարող ունենալ ուժեղ Զինված ուժեր և ուժեղ անվտանգային համակարգ։ Այն պահին, երբ մենք այնքան ուժեղ լինենք՝ սահմանին կանգնած, զինված եւ մեր անվտանգային բոլոր մեխանիզմներով, տեխնոլոգիաներով, որ թշնամին չկարողանա մուտք գործել մեր սահման, դա մեր ռիսկի ապահովումն է՝անկախ նրանից, թե որ կոնկրետ դեպքին է վերաբերում »։

Սահմանների անվտանգությունն ու երկրի սուվերենությունն ապահովելու համար մեծ ծավալի և արագ աշխատանքի կարիք կա՝ հավելեց Հայկ Չոբանյանը։ Նրա խոսքով՝ այս փուլում կառավարությունն անում է ամեն ինչ, որ սահմանային լարվածությունը պատերազմի չվերածվի։ Հույս ունի, որ առաջիկայում խնդիրը լիարժեք կլուծվի։

Պետությունը ռազմարդյունաբերական ոլորտը դիտարկում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերությանը զուգահեռ, դրանք փոխկապակցված են՝ վստահեցնում է արդեն որպես ոլորտի պատասխանատու: Նպատակը Հայաստանի ռազմարդյունաբերական կարողությունները բարձրացնելն է՝ ասում է նախարարի պաշտոնակատարը, բայց նաև հորդորում՝ ռազմարդյունաբերության մասին հրապարակային շատ մանրամասն չխոսել։ Պատրաստ է յուրաքանչյուրի հետ քննարկել ցանկացած հարց, առաջարկ, որը վերաբերում է ռազմարդյունաբերությանը։ Նախարարության դռները միշտ բաց են քննարկումների համար՝ ասում է ԲՏԱ նախարարի պաշտոնակատարը։ Պաշտոնավարման մեկուկես ամսվա ընթացքում ամենատարբեր խմբերի է ընդունել, մեծ ծավալի նախաձեռնությունների մասին լսել, որոնց մի մասը վերաբերում է հենց ռազմարդյունաբերության ոլորտին։

«Կարող եմ ասել, որ մեր ձեռնարկատերերի, մեր մասնագետների մասնակցությունը, ցանկությունը այս ոլորտում ներգրավվելու շատ մեծ է։ Իսկ քանի որ այս ոլորտը գիտելիքի և փորձի վրա է հիմնականում հենված, այս առումով մենք ունենք ներուժի ձեւավորման առաջին նախապայմանը , սա հնարավորություն է մեզ տալու առաջիկա ամիսների ընթացքում էական փոփոխություն կատարել Հայաստանի ռազմական պոտենցիալում հայկական ռազմարդյունաբերական համալիրի ներգրավվածությանը»։      

Առաջիկա ամիսներին դա տեսանելի կդառնա հրապարակման ենթակա տեղեկատվության հիման վրա՝ վստահեցրեց Հայկ Չոբանյանը։

Back to top button