ԿարևորՀասարակություն

Ընդունելության տեղերը դիմորդների թվից կրկնակի շատ են

Դիմորդներն ու բուհերն արդեն պատրաստվում են քննություններին: Միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 8-ին, կանցկացվեն «մեկ բուհ, մեկ մասնագիտություն» սկզբունքով: Այս տարի մրցույթում փոփոխություն է կատարվել և հանվել է առաջին հայտի գերակայությունը:

Առաջին փուլում միասնական քննություն կհանձնի 11487, ներբուհական քննություն՝ 1899 դիմորդ: Ընդունելության քննությունների համար այս տարի կգործի 36 քննական կենտրոն, որոնցից 13-ը՝ Երևանում,  23-ը՝ մարզերում, 5-ը՝ Արցախում։

Ընդունելության քննություններին հաշված օրեր են մնացել։  Այս տարի առաջին փուլում միասնական քննություն կհանձնի 11487, ներբուհական քննություն՝ 1899 դիմորդ: Դիմորդների շրջանում շարունակում են պահանջված մնալ ԵՊՀ-ն, ՀՊՏՀ-ն և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը:

ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արմեն Սարգսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց, որ 380 անվճար և 2466 վճարովի տեղերի համար առաջին փուլում  բուհ դիմել է  2996 շրջանավարտ։

«56 կրթական ծրագիր ունենք։ Բայց շուրջ 35 մասնագիտությունների տեղերի չափով դեռ դիմորդներ չունենք, թափուր են։ Հույս ունենք, որ 2-րդ փուլով կդիմեն, կլրանան այդ տեղերը։ Վերջին  տարիներին նույն պատկերն է։ Ամենապահանջվածը Ինֆորմատիկան ու կիրառական մաթեմատիկան է, իրավագիտությունը, միջազգային հարաբերությունները, հանրային կառավարումը, հոգեբանությունը և լրագրությունը»։

Անփոփոխ է նաև ամենապասիվ մասնագիտությունների ցանկը․ այդտեղ են  բնագիտական ուղղությունները, աստվածաբանությունը, կրոնագիտությունը, փիլիսոփայությունը։

Դիմելիության ընդհանուր պատկերից գոհ է ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գրիգոր Նազարյանը։

«Հայտագրված են գրեթե բոլոր մասնագիտություններով։ Մասնագիտություններ կան, որոնցում 50-ի փոխարեն 28 դիմորդ ունենք։ Սովորաբար մրցութային են ֆինանսներ, կառավարում, մարքետինգ, տնտեսագիտություն, հաշվապահություն։ Ամենապասիվը բնօգտագործումն է, զբոսաշրջությունը, սերվիսը»։

Այս տարի բուհերում ընդունելությունը կիրականացվի երկու փուլով: Առաջին փուլում դիմորդները կընտրեն բուհը և մեկ կոնկրետ մասնագիտություն՝ վճարովի և անվճար համակարգում։ Նախկինում՝ մինչև այս փոփոխությունը, դիմորդը կարող էր հայտագրել մինչև 2 անվճար և 8 վճարովի մասնագիտություն: Սա կարգում կատարված ամենալուրջ փոփոխությունն է: Ըստ Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանի՝  հայտագրման նոր եղանակը  հնարավորություն է տալիս մասնագիտական հստակ կողմնորոշում ունեցող դիմորդներին ընդունվել բուհ՝ իրենց նախընտրած մասնագիտությամբ։

«Հայտագրման առաջին փուլում մենք ներառել ենք բուհի, մասնագիտության ընտրությունը և այդ մասնագիտությունների համար պահանջվող քննությունների հայտագրումը։ Միայն նախորդ տարի ընդունելության քննությունները կազմակերպվեցին մեկ փուլով։ Այս տարի նախորդների նման քննությունները կազմակերպվելու են 2 փուլով։ Առաջին և երկրորդ փուլի ավարտից հետո միայն կանցկացվի մրցույթ»։

Կարո Նասիբյանի փոխանցմամբ՝  այս տարի անվճար տեղերի թիվը 1824 է, վճարովի տեղերինը` 21820։ Առաջին փուլում միասնական քննություն կհանձնի 11487, ներբուհական քննություն՝ 1899 դիմորդ, ինչը նշանակում է, որ ընդունելության տեղերը դիմորդների թվից կրկնակի շատ են։

Ամենամեծ թվով դիմորդները հայտագրվել են «Մաթեմատիկա» առարկայից քննություն հանձնելու համար։ Բացառություն են Արցախի և Տավուշի մարզերը, որտեղ ամենամեծը «Հայոց լեզու և գրականություն» առարկայից քննություն հանձնողների թիվն է։ Երկրորդ տեղում «Անգլերեն»-ն է, երրորդում՝ «Հայոց լեզուն և գրականություն»-ը:

Հունիսի 8-ին դիմորդները քննություն կհանձնեն «Կենսաբանություն», «Ընդհանուր պատմություն»,«Աշխարհագրություն» առարկաներից։ Կենսաբանության համար հայտագրվել է 1292 դիմորդ, ևս 70-ը՝ Արցախում։ Համաշխարհային պատմությունից  31 հայտ կա, Աշխարհագրությունից՝ 187, որից 1-ը Արցախում։

Միասնական քննություններ հանձնելու համար այս տարի կձևավորվի 36 քննական կենտրոն՝ 13-ը Երևանում,  23-ը մարզերում, 5-ը Արցախում։  Քննակենտրոններում կգործի 2-3 քննասենյակ։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝  նստարաններն իրարից հեռու կլինեն։ Գնահատման և թեստավորման կենտրոնից «Ռադիոլուրին» հայտնեցին, որ այս օրերին զբաղված են քննասենյակների կահավորման հարցերով ։

Միասնական քննությունները կավարտվեն հունիս 25-ին, իսկ հունիսի 26-ից հուլիսի 8-ը կանցկացվեն ներբուհական քննությունները։

Back to top button