ԿարևորՀասարակություն

Զենք-զինամթերքի ապօրինի շրջանառությունն ավելացել է․ փոխոստիկանապետը` բյուջեի կատարողականի քննարկմանը

Պատերազմից հետո զենք-զինամթերքի ապօրինի շրջանառությունն ավելացել է՝ խորհրդարանում  ասել է  ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը։ Նա այս մասին խոսել է խորհրդարանի հանձնաժողովների նիստում 2020թ․ բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ։ Լրագրողների հետ ճեպազրույցում փոխոստիկանապետն անդրադարձել է նաեւ այլ հարցերի՝ ընտրակաշառքների ահազանգեր, նախընտրական ագրեսիվ քարոզարշավ  ու ոստիկանների աշխատավարձեր։

Ժամանակահատվածն այնպիսին է, որ նման դեպքերի աճ պետք է լիներ, մենք դա կանխատեսել ենք՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ արձագանքելով երեկ Էջմիածնում հայտնի հեղինակություն «Դոն Պիպո»-ի՝ Արթուր Ասատրյանի եղբոր սպանության վերաբերյալ հարցին։

 «Հաշվի առնելով հետպատերազմյան շրջանը, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության ծավալները, նաեւ այն բարդությունները, որոնք առաջացել են հենց հետպատերազմյան շրջանում՝ Ոստիկանությունը բազմաթիվ միջոցառումներ, այդ թվում՝ կանխարգելիչ, իրականացնում է։ Մեծ թվով զենք-զինամթերք ենք հայտնաբերել, այլ բնույթի աշխատանքներ ևս տարվում են»։

Կարծիքը, թե Ոստիկանությունը ոչնչով չի զբաղվում, Արա Ֆիդանյանի կարծիքով՝ հիմնավորված չէ։ Արձագանքելով կառույցին ուղղված քննադատություններին՝ փոխոստիկանապետն շեշտեց՝  իրենց հիմնական գործառույթներից մեկը հասարակական կարգի և անվտանգության ապահովումն է․ոստիկաններն այնտեղ են, որտեղ հասարակական կարգին սպառնացող վտանգ կա։

Արա Ֆիդանյանից լրագրողները հետաքրքրվեցին նաեւ նախընտրական գործընթացի,  ընտրակաշառքների  ահազանգերի մասին։ Փոխոստիկանապետի փոխանցմամբ՝  ընտրակաշառքների փաստով  որևէ ռեալ դեպք չի արձանագրվել, այլ խախտումներ գրանցվել են։  

«Եթե չեմ սխալվում, 27  նյութեր են նախապատրաստվում եւ ուսումնասիրություններ են կատարվում, 14-ը գույքի վնասման հետ կապված էր՝ պաստառների վնասում։ 14-ից 12-ը կոնկրետ անձին պատկանող պաստառներ էին, որոնցից 5-ն արդեն իսկ բացահայտվել է»։

2020-ի բյուջեով նախատեսվել է Ոստիկանությանը հատկացնել 65.3 մլրդ դրամ՝ Բյուջե 2020–ի կատարողականի քննարկմանը  հայտնեց Ատոմ Ջանջուղազյանը։ Ասաց, որ տարվա ընթացքում ցուցանիշը ճշտվել է՝ կազմելով 65 մլրդ դրամ։ 

«Փաստացի կատարողականը կազմել է 98.2 տոկոս կամ օգտագործվել է շուրջ 63.8 մլրդ դրամ։  Ոստիկանությունը պատասխանատու է եղել 6 ծրագրի համար, որոնց ներքո նախանշված են եղել 22 միջոցառումներ»։

Ոստիկանության ծախսերում  նշանակալի կշիռ է ունեցել «Հասարակական անվտանգության ապահովում»  ծրագրով նախատեսված ֆինանսավորումը։ Ֆինանսների նախարարի պաշտոնակատարի փոխանցմամբ՝ ճշտված ծրագրով այս մասով շուրջ 36 մլրդ դրամ է եղել ծրագրային ցուցանիշը, որը կատարվել է 99.3 տոկոսով, կամ  օգտագործվել է շուրջ 35.7 մլրդ դրամը։

Ըստ փոխոստիկանապետի՝  հասարակության մեջ տպավորություն կա , թե ոստիկանները գերուռճացված աշխատավարձեր են ստանում՝ լրագրողների հարցերին ի պատասխան ասաց Արա Ֆիդանյանը։ Նա այս  հարցը պարզաբանել էր բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, հստակեցրեց նաև լրագրողների հետ զրույցում.

 «Վերջին 3-4 տարիներին  ոստիկանության ծառայողների աշխատավարձը բարձրացել է ընդամենը 40 հազար դրամով։ Կարծում եմ , որ դա  բարձր թիվ չէ ՝ հաշվի առնելով այն աշխատանքը, որը վերջին մեկ տարվա ընթացքում ոստիկանության գրեթե բոլոր ստորաբաժանումները իրականացնում են»։  

Փոխոստիկանապետը նաեւ հիշեցրեց, որ Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է 1.4 տոկոսով կամ 382 դեպքով։ Ասաց, որ հանցագործության 26 468 դեպք է գրանցվել 2020-ին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատերազմից հետո զենք–զինամթերքի ապօրինի շրջանառությունն  աճի միտում ունի, Ոստիկանությունն այս ուղղությունը համարում է առաջնային։ Ֆիդանյանի փոխանցմամբ՝ աճել են հրազենի գործադրմամբ հանցագործությունները․ թե որքանով, հստակ թիվ չնշվեց։

Back to top button