ԿարևորՔաղաքական

Դիտորդների տեղակայմամբ խնդիրը չի լուծվի, բայց լարվածությունը կթուլանա

Սոթք-Խոզնավար հատվածում միջազգային դիտորդներ տեղակայելու Նիկոլ Փաշինյանի առաջարկը ոչ թե խնդիրը լուծելու, այլ լարվածությունը թուլացնելու նպատակ ունի՝ խորհրդարանական ճեպազրույցներին հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նրա խոսքով՝ հայտարարությունից  5 օր անց որևէ երկիր հստակ դիրքորոշում  չի հայտնել, թե պատրաստ է դիտորդներ տեղակայել սահմանագծին։ Իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, մինչդեռ, կարծում է, որ միջազգային արձագանքներ եղել են, և դրանք  նաեւ այդ պատրաստակամությունն են ենթադրում։

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու Փաշինյանի առաջարկը ընդունվելու դեպքում  կթուլացնի լարվածությունը, բայց խնդիրը չի լուծի։ Վարչապետի պաշտոնակատարի առաջարկին արձագանքներ եղել են, բայց որեւէ երկիր հստակ դիրքորոշում չի հայտնել՝ նկատում է Մարուքյանը։

«Ինչքանո՞վ է իրատեսական, արդեն անցել է 4-5 օր, և մենք չունենք արձագանքներ, որ պատրաստ են գալ, այդտեղ կանգնել»։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, մինչդեռ,  հիշեցնում է՝ Սոթք-Խոզնավար հատվածքում միջազգային  դիտորդներ տեղակայելու և նրանց հովանու ներքո սահամանագծման գործընթաց սկսելու  առաջարկին արձագանքներ եղել են ԵԱՀԿ Մինսկի խմբից, Միացյալ Նահանգներից, Կանադայից,  Լիտվայից։ Մակունցը կարևորում  է  հատկապես ԵԱՀԿ ՄԽ վերջին հայտարարությունը։

«Մենք կարող ենք այս պահին ամրագրել, արձանագրել, որ հանրային արձագանք առնվազն ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից եղել է, ընդ որում, բոլոր համանախագահների մասնակցությամբ»։

ԵԱՀԿ ՄԽ-ը  Փաշինյանի առաջարկից հետո հանդես էր եկել հայտարարությամբ՝  պատրաստակամություն հայտնելով աջակցել գործընթացին և  կողմերին կոչ անելով անհապաղ քայլեր ձեռնարկել զորքերի հետքաշման, իրավիճակի լիցքաթափման և սահմանը խաղաղ գծելու ու սահմանազատելու բանակցություններ սկսելու ուղղությամբ։

Դիտորդներ տեղակայելու մասին հայտարարության մեջ չէր նշվում, բայց Լիլիթ Մակունցը կարծում է, որ ՄԽ–ի արձագանքը նաև այդ պատրաստակամությունն է ենթադրում։  Նրա խոսքով՝  Հայաստանը  պատրաստ է շարունակել խոսակցությունը մյուս քայլերի շուրջ միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանն արձագանքի Մինսկի խմբի կոչին և հետ քաշի զինված ուժերը ՀՀ տարածքից։ 

 «Ես կարծում եմ, որ այդ արձագանքից հետո, մենք հաջորդ գործնական քայլը պետք է սպասենք հենց ադրբեջանական զինված ուժերի կողմից»։   

Էդմոն Մարուքյանը, սակայն, չի կիսում իշխող մեծամասնության խորհրդարանական խմբակցության ղեկավարի լավատեսությունը, թե միջազգային, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արձագանքները ենթադրում են դիտորդներ տեղակայելու պատրաստակամություն.

 «Չեմ տեսել, որեւէ երկիր, որ ասի՝ այո, մենք պատրաստ ենք դիտորդներ տեղակայել այդտեղ։ Նաեւ Ադրբեջանի արձագանքը չեմ տեսել»։  

Իսկ  Ալիեւը դարձյալ խոսել է Զանգեզուրի միջանցքի մասին՝ շեշտելով, թե այս ձևակերպումն արդեն ամրագրվել է միջազգային հանրության մեջ, նաև նշելով, որ  հայկական կողմը սկզբում դեմ է եղել այդ գաղափարին, բայց հիմա  փոխել է իր դիրքորոշումը։ Մարուքյանի համոզմամբ՝  Հայաստանի տարածքով որևէ միջանցք չպետք է տրվի Ադրբեջանին, իսկ եթե խոսքը ապաշրջափակման մասին է, ապա կարելի է քննարկել։

 «Սահմանները բոլոր կողմերից պետք է բացվեն՝ վաղ թե ուշ, բայց ՀՀ տարածքով որեւէ միջանցք տալուն ես դեմ եմ։ Մնացածը ճշտեք իշխանություններից՝  ինչ են խոսում եւ ոնց է լինում»։  

Լիլիթ Մակունցը հակված է մեջբերումներ անել  ՀՀ վարչապետի պաշտոնակատարի եւ ոչ Ադրբեջանի նախագահի խոսքից ։ Կոչ է անում բոլորին նույն կերպ վարվել։

«Վարչապետը նշել է, որ խոսք է գնում եւ խոսք է գնացել բացառապես ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին եւ ոչ թե միջանցքի»։

Արձագանքելով հարցին, թե ինչ երաշխիքներ կան, որ Նիկոլ Փաշինյանն այնպիսի փաստաթուղթ չի ստորագրի, որի պատասխանատվությունը չի ցանկացել ստանձնել Արա Այվազյանը և հրաժարական է տվել, Մարուքյանը  նկատեց.

«Ես Նիկոլ Փաշինյանի երաշխավո՞րն եմ, որ երաշխիք ունենամ, բան կուզենա ստորագրել, կիմանանք, մենք էլ մեր գործողությունները կանենք։ Ինչ վերաբերում է ԱԳ նախկին նախարարին, որ դուրս է եկել՝ պատասխանատու չդառնալու համար, ես այդքան չէի խորանա, որովհետև չեմ կարծում, թե նման բան կա, իսկ եթե նման բան կա, ոչ թե պետք է դուրս գալ, այլ մնալ, կռիվ տալ, որ ոչ հայանպաստ փաստաթուղթ չստորագրվի»։

Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նաև նկատեց՝ եթե իր առաջարկները Նիկոլ Փաշինյանն ընդուներ, երկիրն այս վիճակում չէր լինի։ Սա ի պատասխան այն դիտարկմանը, թե  ինչպես է պատահում, որ իր բոլոր առաջարկները Նիկոլ Փաշինյանն ընդունում է։   

Back to top button