Ծովահայեր

Բուժիչ աղբյուրներն ու ջուրը հայկական հավատալիքներում․ «Ծովահայեր»

Ի՞նչ բուժիչ հատկություններով են օժտված հայոց լեռնաշխարհի ջրերը: Ջրի օգնությամբ հրաշագործությունների մասին ի՞նչ են փոխանցում մեծերի վկայություննեը: Ի՞նչ դրսևորումներ է ունենում ջուրը` հայոց հավատալիքներում ու կենցաղավարող ծեսերում:

Անհիշելի ժամանակներից, միգուցե՝ դեռ նախնադարից, ջրին վերագրել են հրաշագործ հատկություններ։ Ջրով ապրել են, բուժվել, երկրպագել, մաքրագործվել։ Ջրից առասպելական հերոսներ են կյանք առել:

Նախաքրիստոնեական շրջանից մինչև մեր օրեր ջուրը մեծ դեր ունի կենցաղավարման ծեսերում․ օրինակ՝ Համբարձման տոնի կամ, ժողովրդական լեզվով ասած, «Ջանգյուլումի» նախորդ օրը ազգային երգ ու պարով սառնորակ աղբյուրների 7 ակունքից ծիսական կժերով ջուր են հավաքել։

Մեր երկրի ամեն մի անկյունում կան աղբյուրներ, որոնց ջրերի մասին լեգենդներ են հյուսվել և որոնց ջրերը մինչ օրս էլ պահպանել են «բուժիչ» հատկությունները։

Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի «Զաղա» անունով հայտնի, սրբատեղի դարձած քարանձավի ջրի մոտ մարդիկ խոսում են դրա բուժիչ հատկություններից, պատմում, որ այն անգամ վերքեր է բուժում, օգնում չբերներին երեխա ունենալ. պատմում են ու ջուրը տանում հիվանդներին։

Մեր երկրում շատ աղբյուրներ կան, որոնք ուխտատեղի են դարձել։ Ազգագրագետ, բանահավաք, հնագետ Երվանդ Լալայանը հետաքրքիր տեղեկություններ է հաղորդում Գանձակի գավառի հրաշագործ աղբյուրների մասին։

Օրինակ՝ Միրզիկ (այժմ՝ Շեհրիար) գյուղի «Խաչաղբյուրը» «մկնատամ» հիվանդությունն է բուժել, Նոր-Փխի գյուղի աղբյուրը համրություն, կուրություն և խլություն է բուժել, Բանանց (այժմ՝ Բայան) գյուղի սարի աղբյուրը երիտասարդացրել է ու սեր ներշնչել, գյուղին մոտ գտնվող մեկ այլ աղբյուր ամոքել է հոգեկան հիվանդներին, փարատել վիշտն ու թախիծը։ Կիրանց գյուղի աղբյուրի ջրում անդամալուծներին են լողացրել։ Սուրբ են համարել ու առասպելներ հյուսել Եղնասարի աղբյուրի մասին, աղբյուրներ, որոնք ադրբեջանական կողմում են այսօր մնացել։

Պատմության ո՞րն է իրական, որը՝ առասպել, դժվար է ասել։ Հայոց հավատալիքներում ու կենցաղավարման ծեսերում ջրի դերի մասին «Ծովահայերի» տաղավարում պատմում է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վաչագան Ավագյանը։

Back to top button