ԿարևորՄշակույթ

Հայ մշակույթի գենը կրող երաժիշտը «դատապարտված է» հաղթանակի․ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը տաղանդներ է բացահայտում

 «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը մայիսի 27-ից հայտարարել է տարեկան կրթաթոշակի մրցույթ 10-17 տարեկան տաղանդավոր պատանի երաժիշտների համար: Կրթաթոշակին կարող են դիմել Հայաստանի երաժշտական և արվեստի դպրոցների, երաժշտական քոլեջների աշակերտներ հետևյալ մասնագիտություներով՝ ջութակ, ալտ, թավջութակ, ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, ֆագոտ, գալարափող, շեփոր, տրոմբոն, հարվածային գործիքներ, դաշնամուր և տավիղ:

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի աշխատակիցները վաղ առավոտից զանգահարում են ՀՀ–ի երաժշտական դպրոցներ՝ տեղեկացնելու մեկնարկող մրցույթի մասին։

Հիմնադրամի նպատակն է բացահայտել տաղանդավոր երեխաներին, աջակցել նրանց կրթական առաջխաղացմանը։ Հիմնադրամը ոչ միայն ֆինանսապես կաջակցի պատանիներին, այլև հնարավորություն կտա կատարելագործվելու և հաղթահարելու իրենց ճանապարհին ի հայտ եկած բոլոր դժվարությունները։ Անցած տարի մոտ 150 հայտ է ներկայացված եղել և  միջազգային ժյուրիի կողմից ընտրված  10 լավագույները  մեկ ամբողջ տարի եղել են հիմնադրամի հոգածության ներքո։

«Օրերս հանդիպել ենք  հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերգեյ Սմբատյանի հետ, ով  ասաց, որ այն երեխաները, որոնք գեթ մեկ անգամ եղել են հիմնադրամի կրթաթոշակառու, նրանք մշտապես մնալու են մեր հովանու ներքո։ Այս ծրագրի օգնությամբ ի հայտ եկած տաղանդավոր պատանի երաժիշտները հիմնադրամի աջակցությամբ կհասնեն մեծ հաջողությունների։ Իսկ նպատակասլաց երաժիշտը, որն իր մեջ կրում է հայ մշակույթի գենը, միանշանակ «դատապարտված է» հաղթանակի»,-ասաց Հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը։

11-ամյա Դավիթ Բոյաջյանը 10 լավագույններից  է,  ջութակահար, սովորոււմ է  Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում։ Դավիթն ասում է՝ հիմնադրամի  շնորհիվ կարողացավ վարպետության դասընթացներ անցնել ու մասնագիտական շոշափելի արդյունքներ գրանցել։ 

«Պարբերաբար այցելում ենք Սիմֆոնիկ նվագախմբի համերգներին ու փորձերին։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր երաժիշտ պետք է մասնակցի նման համերգների, քանի որ  այդպիսի համերգներ լսելով ներքին աշխարհդ զարգանում  և փոխվում է։ Ուրիշ ձև ես կարողանում  տեսնել երաժշտությունն  ու բոլորովին այլ զգացողությամբ ես  այն մատուցում հանդիսատեսին»,-ասում է Դավիթը։  

Այս տարի ընտրված 10  լավագույններն էլ կստանան դրամական խրախուսում, կմասնակցեն աշխարհահռչակ երաժիշտների վարպետության դասերի նաեւ առցանց և հնարավորություն կունենան մասնակցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հայաստանյան համերգներին և փորձերին։ Մրցույթն անցկացվում է ակադեմիական մասնագիտություններով։

«Ջութակ, ալտ, թավջութակ, ֆլեյտա, հոբոյ,  ֆագոտ, գալարափող, շեփոր, տրոմբոն, հարվածային գործիքներ, դաշնամուր և տավիղ: Այս տարի ավելացել է նաև կլարնետը։ Իհարկե այս գործիքը ընդունված չէ համարել դասական ու հատկապես մարզերում այն ընկալվում է ռեստորանային գործիք, բայց դա իրականում այդպես չէ։ Եվ մենք հույս ունենք, որ այս գործիքի նկատմամբ վերաբերմունքը կարող է փոխվել»։

Աննա Տեր-Հովակիմյանը նշում է, որ հիմնադրամում խնդիրը միայն երաժշտական ճանապարհ հարթելը չէ, այլ բարձրացնել նաև կրթական ցենզը։

«Եթե տվյալ պատանին չի տիրապետում լեզուների, ապա ինչպես կարող է հաղորդակցվել աշխրահահռչակ երաժիշտների հետ, հետևաբար մենք նաև անվճար հիմունքներով պարապում ենք անգլերեն ու ռուսերեն՝ ապահովելով նաև նրանց  շփման լեզուն»։

Կրթաթոշակին դիմելու վերջնաժամկետը հունիսի 17-ն է:

Լուսանկարները՝ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի ֆեյսբուքի էջի

Back to top button