Ստարտափ Հայաստան

Ապագա բիզնեսի գաղափարը որոշեց` հետևելով երեխաների խաղին․ «Ստարտափ Հայաստան»

29- ամյա Լուսինե Գալստյանը վերջերս է սկսել մտածել այն մասին, թե ի վերջո ինչո՞վ է ուզում զբաղվել։ Հայփոստից մինչև միջոցառումների կազմակերպում. նախկին իր բոլոր աշխատանքներն էլ միայն գումար վաստակելու միջոց էին, ոչ ավելին։

Բալիկների ծնունդից հետո Լուսինեն հասկացավ, որ նրանք իրեն ողգևորում են ու ուղղորդում զբաղվել մի բանով, որտեղ գլխավորը երեխաները կլինեն։ Լուսինեն, խաղի ընթացքում հետևելով երեխաներին, հասկացավ, որ ժամանակն է ստեղծել սեփական բիզնեսը, որտեղ առաջին հերթին կպատրաստեն ձեռագործ խաղալիքներ, հետո ծածկոցներ և մնացած ամեն ինչը։ Նրա գլխում վարկենական ծնվում է միտքը, որոշում է թիմ հավաքել։ Այդ պահին չէր էլ մտածել, որ բիզնես- թիմի անդամները տարբեր տարածքներից կլինեն։ Հավաքվում են մի գաղափարի շուրջ և անցնում գործի։

Լուսինեն մինչ բիզնես գաղափարի իրագործումը հաճախ է մտածել այն մասին, որ կարելի է ձեռքի շնորք ունեցող կանանց միավորել մեկ գաղափարի շուրջը և ապահովել աշխատանքով, իսկ եթե ստացվի այնպես, որ կանայք լինեն նաև տարբեր մարզերից, այդպես կկարողանան մարզից մարզ աշխատել ու իմանալ իրենց բնակավայրից դուրս ի՞նչ է կատարվում, մարդիկ ի՞նչ են ուզում այսօր, և վերջիվերջո ամուր կապեր կստեղծվեն, որոնք հետագայում կօգնեն ոչ միայն ծնված գաղափարին, այլև Երևանից դուրս ամուր համայքների ձևավորմանը։

Քանի որ ձեռագործ իրերը պատրաստվում են երեխաների համար, Լուսինեն ու իր թիմը գերուշադիր են ամեն մանրուքի հարցում։ Աշխատանքի ընթացքում անգամ երաժշտության ընտրությունն է մտածված։ Առաջին պատվերի մասին խոսելիս՝ Լուսինեի աչքերը փայլում են։ Հիշում է, թե ինչպես էին բոլորը խառնվել իրար, իսկ ինքը հանգիստ աշխատում էր, որովհետև վստահ էր, որ իրենց ստեղծածով հաճախորդը սիրելու է հայկական արտադրանքն ու կամաց-կամաց նախապատվությունը տալու տեղական արտադրանքին։

Լուսինեն որոշել է շուկայում տարբերվել ու ստեղծել է նվեր-տուփերի գաղափարը։ Եթե կան մեծահասակների համար նվեր-տուփեր, ինչո՞ւ չլինեն նաև փոքրիկների համար։ Այս ամենի հետ մեկտեղ դժվարություններ էլ են լինում։ Օրինակ Դիլիջանում ապրելը մի փոքր դժվարացնում է առաքումները, բայց ձևը գտնում են ու պատվերը հասցնում հաճախորդին. դեռ դժգոհողներ չեն եղել։

Լուսինեն մի քանի ամսվա իրենց աշխատանքից գոհ է։ Վստահ է, որ եթե բոլորը միավորվեն ու աշխատեն հանուն երկրի զարգացման ու ապահով ապագայի, հաստատ կարճ ժամանակահատվածում ահռելի արդյունք կունենանք։ Իսկ փոքր ու միջին բիզնեսի համար էլ կստեղծվի բարենպաստ պայմաններով ապահով երկիր։

Back to top button