ԿարևորՀասարակություն

Մայիս 28-ի՝ հետ նայելու ու վերագնահատելու խորհուրդը

Մայիսի 28-ի՝ անկախության վերականգնման 103-րդ տարեդարձի առթիվ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն իր ավանդական նախաձեռնությամբ այսօր Հանրապետության հրապարակում էր։ Մայիսի 28-ը պարտավորեցնում է պատմական պատասխանատվությամբ նայել նաև այսօր տեղի ունեցող իրադարձություններին՝ շեշտել է նաև ընդգծել՝ օրը նաև hետ նայելու ու վերագնահատելու խորհուրդ ունի։

Շուրջ հինգ ու կես դար ընդմիջումից հետո 1918-ի մայիսի 28-ին հայությունը վերականգնեց հայկական պետականությունը: Հայ ժողովրդի համար ամենանվիրական օրերից մեկը  ստիպում է չմոռանալ, որ այսօր ճգնաժամային իրավիճակում ենք՝ ասում է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, որը խորհրդային շրջանում շուրջ 17 տարի անցկացրել է բանտերում` հենց Մայիս 28-ի խորհրդին համահունչ պայքարելով Հայաստանի անկախության համար։

«Սովորաբար օրն այստեղից ենք սկսում, բայց մեր հարգանքի տուրքն ենք մատուցում այս օրը մեր ժողովրդին նվիրած ազգային մեծերին։ Այս տոնը մեզ պարտավորեցնում է պատմական պատասխանատվությամբ նայել նաև այսօրվա իրադարձություններին»։

Մայիսի 28-ը մեծ դաս էր Հայաստանի անկախության համար պայքարող սերունդների համար․  1918 թվականին  ծանր պայմաններում հնարավոր եղավ վերականգնել հայոց պետականությունը՝ ասում է Հայրիկյանը:  Ափսոս, որ այս պայծառ տոնի օրը պետականությունը դարձյալ վտանգված է՝ հավելում է դաշինքի անդամ «Պահպանողական» կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը.

«Ազատ հայրենիք» դաշինքը կփորձի այս ընտրությունները, եթե որևէ բան չխոչընդոտի, վերածել անկախության հերթական հանրաքվեի։ Դրա համար լավագույն հիմքը դրվել է 18 թ.-ի մայիսի 28-ին և մենք երախտապարտ ենք ու խոնարհվում ենք մեր անցյալ հերոսների առջև՝ Արամ Մանուկյանից սկսյալ»։

«Կառուցողական» կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանը նկատում է՝ այսօր պետությունը դարձյալ տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը պահպանելու լրջագույն խնդրի առջև է։

«Բազմաթիվ են խնդիրները։ Մենք հասկանում ենք մեր պատասխանատվությունը մեր ժողովրդի առջև և բոլոր այն սերունդների առջև, ում շնորհիվ մենք այսօր ունենք մեր Հայաստանը, մեր ինքնիշխան պետությունը։ Այս ինքնիշխանությունն այսօր ունի վերահաստատվելու կարիք։ Մենք այնքան թույլ ժողովուրդ չենք, որ մեր ինքնիշխանությունը կորցնենք, բայց մեր քաղաքական դաշտն այսօր իսկապես խճճված է, և մեր ժողովրդին փորձում են մոլորեցնել։ Ազատ հայրենիքը այն ընտրությունն է, որը կարող է դուրս բերել մեր երկիրը ստեղծված իրավիճակից»։  

Օրը նաև հետ նայելու ու վերագնահատելու խորհուրդ  ունի՝ ապագան կառուցելու համար։ Հայոց անկախ պետականության վերականգնումը տեղի ունեցավ հայ ժողովրդի համար բախտորոշ ժամանակահատվածում` Մեծ եղեռնից հետո և Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի ֆոնին, երբ, ըստ էության, որոշվում էր հայ ազգի լինել-չլինելու հարցը: Արդյո՞ք մտավախություն չկա, որ աշխարհաքաղաքական այսօրվա բարդ իրավիճակը մեզ կրկին կանգնեցրել է նույն խնդրի  առաջ։

«Ես գիտեմ, որ ամեն մարդ պիտի կատարի իր պարտականությունը՝ անկախ նրանից՝ ինչ իրեն կթվա, կամ  իրականում ինչ կսպառնա»։      

Հանրապետության հրապարակից մասնակիցները շարժվեցին դեպի Երևանի քաղաքային պանթեոն՝  Արամ Մանուկյանի և Հայկազ Խաչատրյանի շիրիմներին հարգանքի տուրք մատուցելու:

Back to top button