ԿարևորՎերլուծական

Ինքնաբուխ առաջարկ՝ չհստակեցված ձևակերպմա՞մբ․ Փաշինյանի առաջարկը դեռ նոր հարցեր է առաջացնում

ԱԱԽ հերթական նիստում Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծման առաջարկով՝ ուղղված Ադրբեջանին և միջազգային հանրությանը։ Առաջարկի մեխը հետևյալն է․  «Սոթք-Խոզնավար հատվածից հետ քաշել հայկական և ադրբեջանական զինուժը և տեղակայել միջազգային դիտորդներ»։ ԱԱԽ նիստում հնչեցված առաջարկին դեռ միջազգային հանրությունը չի պատասխանել, քանի որ քաղաքագիտական շրջանակում կարծում են՝ առաջարկն ավելի շատ հարցեր է պարունակում, քան՝ պատասխաններ։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում Հայաստան-Ադրբեջան սահմանային իրադրության լարվածության թոթափման նպատակով առաջարկեց Սոթք-Խոզնավար հատվածում հետ քաշել և հայկական, և ադրբեջանական զինուժը, տանել մշտական տեղակայման վայրեր, տեղակայել միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանի Դաշնության կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների ներգրավմամբ:

Փաշինյանն այսօր արձագանքել է  իր իսկ առաջարկին՝ ՔՊ գրասենյակում քաղաքացիների հետ տեղի ունեցած հանդպմանը հարց բարձրացնելով․ «Իսկ ինչո՞ւ պետք է մերժեն այս առաջարկը, մերժելու պարագայում պետք է ասեն՝ ինչն է վատը, ինչն է խնդիրը»։ Ըստ Փաշինյանի՝ խնդիր չկա, և դա պետք չէ կապել Արցախի հետ։

«Եթե, իրոք, խնդիրը սահմանի ճշգրտման մեջ է մենք պարզ բան ենք առաջարկում Սոթքից մինչև  Խոզնավար երկուստեք զորքերը հետ քաշեք, տանենք մշտական տեղակայման վայր։ Թող գան միջազգային դիտորդներ կամ ՌԴ, կամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունից։ Այստեղ կարևոր է ՌԴ արձագանքը՝ ի՞նչ կարծիք ունի առաջարկի վերաբերյալ։ Եվ միջազգային հովանու ներքո ներկայացնենք փաստաթղթերը և տեսնենք՝ սահմանը որտեղով է անցնում, որից հետո սահմանագծում, սահմանազատում իրականացնենք»։  

Անվտանգության խորհրդի նիստում Փաշինյանի հնչեցրած առաջարկին մինչ այս պահը ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրներից դեռ ոչ մի երկիր ուղիղ չի արձագանքել, փոխարենը ԱԳՆ-ների մակարդակով կոչ է արվել կողմերին զսպվածություն ցուցաբերել և սահմանային լարվածությունը կարգավորել՝ բանակցությունների միջոցով։ Մասնավորապես, Ֆրանսիան շեշտը դրել էր սահմանագծման և սահմանազատման վրա՝ ընդգծելով, որ դա պետք է տեղի ունենա բանակցությունների շրջանակում՝ առանց տեղում ընթացող գործողությունների։ Ֆրանսիան նաեւ խոր մտահոգություն է հայտնել 6 հայ զինվորի գերեվարման առումով։

Ռուսաստանն էլ կոչ է անում խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով և շեշտում՝պատրաստ է շարունակել աջակցություն ցուցաբերել այս գործընթացին։

ԱՄՆ-ն արձագանքեց և պետքարտուղարության, և անձամբ պետքարտուղարի մակարդակով՝ կոչ անելով Ադրբեջանին իր ուժերը տեղափոխել մայիսի 11-ի ելման դիրքերը, ընդ որում՝ հավասարության նշան դնելով  հայտարարության մեջ՝ նույնը մեսիջը հղելով նաեւ Հայաստանին։ Ակնկալում են, որ այս գործողությունները կթոթափեն լարվածությունը և դաշտ կստեղծեն խաղաղ բանակցային գործընթացի համար՝ սահմանը շտապ սահմանազատելու առումով: Միացյալ Նահանգները կոչ է անում կողմերին շուտ վերադառնալ առարկայական բանակցությունների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո` Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու համար։

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը չի շտապում մեկնաբանել ԱԱԽ–ում արված Փաշինյանի առաջարկը, քանի որ, ըստ նրա՝ այն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ։

«Ընդհանրապես, ինչ-որ պետության տարածքում այլ պետության ներկայությունը կարող է պարունակել ռիսկեր, ինչպես նաև հնարավորություններ։ Հստակ չգիտենք՝ ի՞նչ է նշանակում միջազգային դիտորդ, չգիտենք՝ ինչ մանդատով են գալու, ո՞ր միջազգային կազմակերպության հովանու ներքո են գործելու։ Հարցերն ավելի շատ են։ Նաև պետք է էֆեկտիվությունը հասկանալ՝ թե ինչպե՞ս են գնահատելու իրավիճակը սահմանին։ Եթե պետք է գան և հետևեն՝ թե ո՞նց են ադրբեջանցիները անարգել մեր պետության տարածքում ինչ–որ գործողություններ անում որովհետև մենք չունենք Զինված ուժեր, ծիծաղելի է, քանի որ այդ հարցը մեր ԶՈՒ ուղիղ պարտականություն է, այլ ոչ թե միջազգային դիտորդների, կազմակերպությունների կամ հնարավոր այլ ձևաչափով կողմի ներկայության։ Մինչև չհասկանանք՝  ինչ կա վարչապետի գլխում, չենք կարող հասկանալ՝ թե ի՞նչ կարող ենք ստանալ»։

Սուրեն Սարգսյանը զարմանում է նաև՝ թե ինչո՞ւ պետք է ամերիկյան ներկայության մասին խոսվի, այլ ոչ թե ասենք ՄԱԿ–ի կամ ԵԱՀԿ–ի մանդատով առաքելության։ Հարցերից բացի՝ ամերիկագետը կասկածում է,որ առաջարկը քննարկվել եւ հետո է ներկայացվել ԱԱԽ նիստում, քանի որ ԱԳՆ պաշտոնակատարի հրաժարականը այդ մասին է փաստում։ «Իսկ գուցե պետք է առհասարակ հրաժարվենք Խոզնավարից մինչև Կութ միջազգային դիտորդներ տեղակայելու առաջարկից, քանի որ կան ավելի շատ ռիսկեր»,–ասում է Սուրեն Սարգսյանը։

Քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսադր Մարկարովը հավելում է՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները հստակ հղել են իրենց ուղերձը․ «Ակնկալում են, որ կողմերը կլուծեն սահմանային ստեղծված լարված իրավիճակը խաղաղ, դիվանագիտական ճանապարհով՝ առանց ռազմական գործողությունների և սահմանին առանց միջնորդական անմիջական ներակայացվածության»,–ասում է քաղաքագետը։

Գյումրիում այս պահին ՌԴ ներկայացված է 102–րդ ռազմաբազայով, Արցախում ռուս խաղաղապահներով, իսկ Սյունիքում՝ Կապանի, Տեղի եւ Մեղրի խոշորացված համայնքներից ի շարք հողամասեր կառավարության որոշմամբ էլ հատկացվեցին Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությանը՝ Հայաստանի սահմանների պաշտպանության ամրապնդման նպատակով։ Ըստ հիմնավորման՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պայմանավորված է անհրաժեշտություն առաջացել ամրացնել հարավարևելյան սահմանները։  Փաշինյանի առաջարկով նշանակում է ուժեր տեղակայվեն նաև Գեղարքունիքո՞ւմ՝ քաղաքագետը այդ տարբերակը դրանցից մեկն է համարում։

«Փաշինյանի առաջարկը կարիք ունի քննարկումների՝ ՄԽ–ի երկրների հետ, առանց որոնց համաձայնության դրա իրականացումն՝ անհնարին է։ Ես վստահ չեմ, որ եղել են քննարկումներ, քանի որ առաջարկը հնչեց հենց լարվածությունից հետո։ Եվ արդյո՞ք այդ երկրները պատրաստ են անմիջական ներգրավվածությամբ և սեփական ներկայացուցիչների մասնակցությամբ ապահովել սահմանային անվտանգությունը։ Այսօր այդ երկրները կողմնակից են, որ Հայաստանը և Ադրբեջանն ինքնուրույն, դիվանագիտական ճանապարհով գտնեն կոնֆլիտի լուծման ուղիները։ Սա նախնական առաջարկ է, որը կարիք ունի մշակման»։

Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանի ԱԱԽ խորհրդում հնչած այս առաջարկով նաև կասկածի տակ է դրվում բանակի լինելությունը․ Մարկարովն էլ հավելում է, մեր բանակը տարածաշրջանի մարտունակ բանակներից է եղել, և կվերադառան իր նախկին կարգավիճակին։ Իսկ այս առաջարկը տեղավորվում է քաղաքական համատեքստում, որտեղ երկրի անվտանգությունը փորձ է արվում ապահովել միջազգային կառույցների ներգրավածությամբ, բայց նման առաջարկով  բնականաբար ուղերձ է հղվում, որ պետությունն ունի խնդիրներ անվտանգային գործառույթների հետ կապված։ Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն էլ շեշտում է՝ եթե Խոզնավարից մինչև Սոթք սահմանազատում է կատարվում,  դա նշանակում է, որ դու առնվազն ընդունում ես, որ Արցախի Շահումյանի և Քաշաթաղի շրջանի հյուսիսային թևը Ադրբեջանի տարածքն է, այսինքն՝ դու լեգիտիմացնում ես ադրբեջանական օկուպացիայի հետևանքները: Ամեն դեպքում քաղաքագիտական շրջանակները շարունակում են քննարկել Փաշինյանի առաջարկն ու դրա իրագործման հնարավոր մեխանիզմները՝ առայժմ, սակայն, իրենց հարցերը բարձրացնելով։

Back to top button