Մտքի ուժը

Ինչպե՞ս են գծվում սահմանները․ «Մտքի ուժը»

Հովհաննես Թումանյանի հայտնի՝ «էս սարն իմն է, էս ծառն իմն է» տողերը մեր օրերում բնութագրում են ադրբեջանցիներին։ Ինչ-որ փաստաթղթեր ձեռքներին նրանք հայտնվում են Սյունիքի կամ Գեղարքունիքի մարզերում ՝ հայկական տարածքներում ու հարմար տեղավորվում, վրան ու դրոշ խփում ու համացանցը պայթում է՝ ադրբեջանցիների խրախճանքից, հայերիս՝ անհանգստությունից, քննադատությունից ու երբեմն անակնկալի գալուց։ Կամ թե ակամա քարտեզներին ավելի հաճախ ենք նայում, փորձում հասկանալ, թե որ տարածքից է լինելու հերթական անակնկալը։ Սակայն մասնագետներն ասում են, որ սահմանազատումը որևէ մեկի քմահաճույքը չէ, այն հստակ գործընթաց է՝ որոշակի փուլերով։

«Դեմարկացիա»-ն ու «դելիմիտացիա»-ն մասնագիտական տերմիններ են։ Դրանք ամենահաճախը, թերևս, կիրառում են քարտեզագիր-գեոդեզիստները։ Վերջին կես տարում, սակայն, հասարակ քաղաքացիներս նույնպես սկսել ենք այդ տերմիններն ավելի շատ լսել ու օգտագործել։ «Երկուսն էլ միջազգային տերմիններն են,- ասում է քարտեզագիր, գեոդեզիստ Շահեն Շահինյանն ու բացատրում,- «դելիմիտացիա»-ն սահմանազատումն է։

Գործընթացի այս փուլում երկու կողմերը ընտրում են քարտեզներ, դրանց վրա գծում են կողմերի համար ընդունելի գիծը, տալիս են շրջադարձային կոորդինատները, տալիս են գծի նկարագրությունը»։ Մասնագետն ասում է, որ միայն գիծը բավարար չէ, պետք է նկարագրվի, օրինակ, այս գիծն անցնում է Իշխանասարի հարավային լանջով կամ հատվածով, գնում է դեպի հյուսիս-արևելք։

Երբ ավարտվում է այս փուլը, համաձայնեցվում է կողմերի հետ, ապա աշխատանքը տեղափոխվում է դաշտային պայմաններ։ Սա արդեն «դեմարկացիա»-ն է՝ սահմանանշումը, երբ հատուկ սահմանային նշաններով սահմանը կահավորվում է։ Այստեղ նույնպես երկու կողմերի ներկայությունն ու համաձայնության գալը պարտադիր է։ Համաձայն լինելուց հետո է միայն տեղադրվում են սահմանանիշերը և ճանաչվում են։

Գործընթացը պետք է այնքան ժամանակ ընթանա, մինչև կողմերը համաձայնության գան։ Սահմանազատման գործընթացը քմահաճույք չէ՝ ասում է մասնագետը։ Այն ընթանում է հստակ կանոններով ու հստակ փաստաթղթի շուրջ։ Եթե «հայտնվել է» փաստաթուղթը, կողմերը այն ընդունել են, ապա բանակցություններն սկսվում են այդ փաստաթղթի շուրջ։ Շահեն Շահինյանը անտրամաբանական է համարում բանակցությունները սկսել մի փաստաթղթով, հետո, ի շահ պետության, առաջ քաշել մեկ այլ փաստաթուղթ։

Այս պահին հստակ չէ, թե ո՞ր թվականի քարտեզներով են հայկական ու ադրբեջանական կողմերը բանակցում, կցկտուր տեղեկությունները 1970-ականների քարտեզների մասին են։ Խնդիրը լուծված է համարվում կողմերի համաձայնության դեպքում միայն։ Մասնագետները փաստում են՝ ըստ էության առաջին անգամ Հայաստանի սահմանը զատվել է 1929 թվականին, հետագայում՝ 1963 թ․-ին և 1973-75թթ․-ին վերահաստատվել։

Ինչպես հայկական տարածքում հայտնվեցին Ադրբեջանի վարչական շրջանի մաս կազմող բնակավայրերը՝ անկլավները, որոնց վերադարձի հարցը, ըստ էության, օրակարգում է։ Պարզվում է սա Խորհրդային Միության՝ առանց սահմանների ապրելու ցանկությունն էր, այն ժամանակ այսպես կոչված «եղբայրական» հանրապետությունում հույս ունեին անկլավների միջոցով կապերը սերտացնել։

Սակայն ինչպես Խորհրդային Միության փլուզումից հետո «կղզյակները» հայտնվեցին շրջափակման մեջ, Շահեն Շահինյանը հարցին ամբողջական է անդրադառնում։ Որպես քարտեզագրող դժվարանում է ասել, թե ադրբեջանական որ ութ գյուղի մասին է խոսքը, քանի որ նույն խորհրդային քարտեզներում Ադրբեջանը Հայաստանում ունի երեք անկլավ՝ երկուսը Տավուշում՝ Բարխուդարլուն և Սոֆուլուն, մեկը՝ Արարատում, Տիգրանաշենը։

Հատուկ ընդգծում է՝ Ադրբեջանում՝ գերության մեջ գտնվող Արծվաշենի մասին։ «Տիգրանաշենն ունի ռազմավարական նշանակություն, քանի որ այստեղով է անցնում հյուսիսը հարավի հետ կապող Մ2 միջպետական ճանապարհը։

Ըստ էության՝ դրան համարժեք այլընտրանք չունենք դեպի Սյունիք ու Վայոց Ձոր։ Ունենք լեռնային ճանապարհներ, որոնք ձմռանը փակ են, ամռանը բաց են, սակայն հիմնականն այդ ճանապարհն է»,- ասում է քարտեզագիրը։ Նրա կարծիքով՝ Տիգրանաշենի հարցը պետք է լինի բանակցությունների առարկա, պետք է հասկանալ՝ արդյոք հնարավո՞ր է այն փոխանակել այլ տարածքով։

Քարտեզագիրն արձանագրում ու հատուկ ընդգծում է Արծվաշենի վերադարձի հարցը, որը տարածքով մի քանի անգամ ավելի մեծ է, քան՝ ադրբեջանական անկլավներն են։ Եթե Հայաստանից  հեռացել  են մի քանի ադրբեջանական գյուղերի բնակիչներ, ընդ որում՝ նրանք  փոխանակել են իրենց տները,  ապա Ադրբեջանից արտաքսվել են կես միլիոն հայեր՝ ասում է Շահեն Շահինյանը։

Back to top button