Մոռացված ֆիլմերի ստվերները

Վրեժից ծնված ֆիլմը․ «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Վրեժն ուտեստ է, որ պետք է սառը մատուցվի։ Կինոռեժիսոր Դմիտրի Կեսայանցը շատ լավ գիտեր այս մասին ու ավելի քան մեկ տասնամյակ անց խորհրդային կինոչինովնիկներից վրեժ լուծեց «Մեր պապերի քայլերգը» ֆիլմով։ 60-ականների ձնհալի տարիներին դաժան կինոմկրատով անցած «Ավդոյի- մեքենան» դիպլոմային աշխատանքին վերադառնալով բրեժնևյան դարաշրջանում` արդեն փորձով հարուստ տաղանդավոր կինոռեժիսորը գիտեր ինչպես հաղթահարել խորհրդային գրաքննության խութերը։

Կինոռեժիսոր՝ Դմիտրի Կեսայանց

Դմիտրի Կեսայանցը հայ կինոյում խիստ անհատական ձեռագրով ռեժիսորներից է: «Տերն ու ծառան», «Ավդոյի- մեքենան», «Զինվորն ու փիղը», «Անիծվածները» և այլ ճանաչված ու, ցավոք, այդպես էլ բավականաչափ չհանրայնացված ֆիլմերի ռեժիսորի ուղին հարթ չի եղել։ Նրա կուրսային աշխատանքը՝ կարճամետրաժ «Տերն ու ծառան» ֆիլմը, համաշխարհային կինոյի դասական նմուշ է:  Հաջորդող՝  «Ավդոյի-մեքենան» կատակերգությունը միտումնավոր ու չարամտորեն մկրատվել է:  Բայց, ինչպես իրավացիորեն նշում է կինոգետ Սիրանույշ Գալստյանը, կարելի է խանգարել տաղանդավոր մարդուն, բայց անհնար է  խլել նրանից  տաղանդը։

«Ավդոյի-մեքենան» ֆիլմը ճակատագրական դարձավ Կեսայանցի համար։ Ֆիլմում մի  տեսարան կա, որտեղ  ինքնաեռները փշրվում էին իբրև «բուրժուական անցյալի մնացուկ» ջարդ ու խուրդ էին արվում. այ այդպես էլ փշրվեց Դմիտրի Կեսայանցի ստեղծագործական կարիերան»,- պատմում է կինոգետը։

Կինոգետ՝ Սիրանույշ Գալստյան

«Ավդոյի-մեքենան » ֆիլմի առաջին  լիամետրաժ տարբերակի նկարահանումների ընթացքում «Հայֆիլմի», Կեսայանցի բնորոշմամբ, նոմենկլատուրային հայրենասերները դավադրություն կազմակերպեցին կինոնկարի դեմ։ Գաղափարական ճնշման միջոցով` լիամետրաժից կարճամետրաժի վերածված,  բզկտված «Ավդոյի –մեքենան» տարիներ անց վերածնվում է «Մեր պապերի քայլերգը» կամ «Ավտոմեքենան տանիքին» կատակերգության։ 

«Մեր պապերի քայլերգը» ֆիլմը  կարծես ընդհատված թռիչքի շարունակությունն  էր։ Համարյա նույն սյուժեն էր ավտոմեքենայի՝ «երկաթե նժույգի» մուտքը 20-ականների Երևան։   

«Մեր պապերի քայլերգը», ինչպես և «Ավդոյի- մեքենան», նկարահանվել են արձակագիր Վալտեր Արամյանի պատմվածքների հիման վրա։ «Մեր պապերի քայլերգը» ֆիլմը պատմում է, թե խորհրդային կարգերի հաստատման առաջին տարիներին ինչ վախ ու խուճապ են ապրում Հայկավանի բնակիչները, երբ ավան էր մտնելու տրանսպորտի նոր տեսակը՝ ավտոմեքենան։  

«Հնի և նորի, անցյալի և ներկայի պայքարի արդյունքում հայտնված պրոգրեսի կերպարը՝  «երկաթե նժույգը»` ավտոմեքենան, կառապանների գործունեության ավարտն է գուժում, ինչն էլ առաջացնում է վերջիններիս դժգոհությունը։ «Շատ պարզ մի գաղափար ներկայացված վառ ու տիպիկ կերպարների միջոցով»,- ասում է Սիրանույշ Գալստյանը։

Կեսայանցի «Մեր պապերի քայլերգը» ֆիլմի նկարահանման  աշխատանքները կատարվում էին 1980 թվականին՝ Երևանի կենտրոնում՝ Պուշկինի փողոցում և Ավանի Սուրբ Կաթողիկե խոնարհված եկեղեցում։ 20-ականների Երևանի ճշգրիտ պատկերը ստեղծվել էր նկարիչ-դեկորատոր Մելանյա Մաքսապետյանի էսքիզներով ու  դեկորացիաներով։  

Կինոգետ Սիրանույշ Գալստյանը ընդգծում է, որ Դմիտրի Կեսայանցին ամբողջության մեջ հաջողվեց վերստեղծել տվյալ ժամանակահատվածի պատկերը, որը ամենադժվարն էր կինոյում, իսկ «Դիմային դա տրվում էր իր տաղանդի ու մեծ աշխատանքի  շնորհիվ»։

«Մեր պապերի քայլերգը» ֆիլմում մարմնավաճառ Վարսոյի կերպարը կերտել է դերասանուհի Թամար Հովհաննիսյանը։  Ե՛վ թատրոնի բեմում, և՛ տարբեր կինոնկարներում գեղեցիկ կանանց  դերեր մարմնավորած  Թամար Հովհաննիսյանը կերպավորման լայն հնարավորությունների դերասանուհի է: Չնայած այն հանգամանքին, որ դերասանուհին հավանել էր Կեսայանցի կողմից իրեն փոխանցված սցենարը, բայց  բնավ էլ չէր պատրաստվում այդ ֆիլմում նկարահանվել։ Կեսայանցի երկար պնդումներից հետո Թամար Հովհաննիսյանը մի պայման դրեց կինոռեժիսորի առջև, եթե նա կարողանար համոզիչ պատճառաբանություն բերեր, թե ինչու հենց ինքը պիտի մարմնավորի այդ կերպարը` կհամաձայնի։

«Սցենարը ընթերցելուց հետո հետաքրքրվեցի ու պարզեցի, որ Վարսոն իրական կերպար էր։ 20-ականների Երևանը փոքրիկ ավան էր, ինչպես ֆիլմում է ներկայացվում։ Ամեն ինչից մեկ հատ էր։ Մի հատ միլիցիոներ, մի հատ կոմերիտուհի, մի հատ հացթուխ, մի հատ էլ մարմնավաճառ։ Իրականում նրա անունը Մաքո էր, որը սցենարում Վարսո էր դարձել»,- հիշում է Թամար Հովհաննիսյանը։

Դերասանուհի՝ Թամար Հովհաննիսյան

Անվանի դերասանուհին ասում է, որ Կեսայանցն անչափ խստապահանջ էր և՛ իր, և՛ գործընկերների հանդեպ, բայց և խոստովանում է՝ Դիմայի հետ աշխատելը և՛ դժվար էր, և՛ հաճելի։

Ֆիլմի սցենարում մի տեսարան կար, որի նկարահանումը այդպես էլ չէր հաջողվել, որովհետև երևանցիների չափից ավելի հետաքրքրասիրությունը անհնար էր դարձրել նկարահանումը։ Կեսայանցը ուզում էր նկարահանել Վարսոյին լողացնելու կտորը։ Բամբասկոտ կանայք հարձակվում են Վարսոյի վրա, ծեծում են, հետո որոշում են ամուսնացնել Փանոսի հետ, գալիս են և ուզում են լողացնել։

«Երեկոյան գնացինք նկարահանման, բայց հավաքվեց մի մեծ բազմություն, որոնք չգիտես ինչպես էին իմացել, որ այդտեղ մերկ կնոջ մասնակցությամբ տեսարան էր նկարահանվելու», -վերհիշում է Թամար Հովհաննիսյանը։ Կեսայանցը տեսնելով մեծ բազմությունը, հասկանալով, որ դժվար է լինելու նկարահանումը, որոշում է հրաժարվել այդ կադրից։

Էքսցենտրիկ  ձեռագրով նկարահանված  «Մեր պապերի քայլերգը» թեև չկրկնեց նախորդի՝ «Ավդոյի-մեքենան» ֆիլմի ճակատագիրը` չհանդիպեց գրաքննիչների ու չինովնիկների դիմադրությանը, սակայն էկրան բարձրանալուց հետո, ինչպես նշում է Թամար Հովհաննիսյանը, երջանիկ ճակատագիր նույնպես չունեցավ։  

Եթե չլիներ «Ավդոյի –մեքենան»  ֆիլմի ցավալի պատմությունը, չէր ստեղծվի նաև «Մեր պապերի քայլերգը» ֆիլմը։ Հաճույքով դիտվող, անկրկնելի հումորային տեսարաններով և գրոտեսկային կերպարներով լի այս կինոնկարը, որի գոյության մասին գրեթե չեն հիշում, անհնար է շրջանցել, երբ խոսվում է հայ կինոյի պատմության մասին:

Ցուցադրել ավելի
Back to top button