ԿարևորՀասարակություն

Կյանքը՝ տանիքի տակ, բայց անտուն․ ինչպես են ապրում անօթևանների կացարանում

Ինչպե՞ս են մարդիկ դառնում անօթևան ու մնում առանց տանիք։ Այս հարցի պատասխանը մարդկային տարբեր պատմություններն են՝ տարբեր ճակատագրերի մասին։ «Ռադիոլուր»-ի թղթակիցը եղել է անօթևանների կացարանում և զրուցել մարդկանց հետ, որոնց գլխին կա տանիք, բայց որոնք երազում են տուն ունենալու մասին։ Նրանց ժամանակավոր կեցության հարցերը հոգում է «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամը։

Գարեգին Կալաջյանը սերիալներում երկրորդական դերեր է խաղում․ բանվոր ու առաքիչ, լրագրող, խոհարար, գող՝ գաղութում, ու  պարզապես անցորդ․

«Մոտ 30 փոքրիկ էպիզոդ ֆիլմերում եմ խաղում։ Խաղացել եմ Սիրո գործակցի մեջ, Poker.am, քաղաքի լավագույն ֆիլմերի մեջ եմ խաղացել։ Նռան հատիկի վերջին սերիայում եմ խաղացել»։

Հեռուստադիտողը ֆիլմերում նրան երևի չի էլ նկատում, բայց բոլոր դերերը Գարեգինը խաղում է մեծ պատասխանատվությամբ։ Պատահում է՝ հաճախ ինքն իրեն է մարմնավորում։

Իրինա Ապերյանը երազում է ֆիլմ նկարել։ Մասնագիտությամբ նա լեզվաբան է, բայց նաև սցենարներ է գրում։ Դրանք, սակայն, էկրանին չեն հայտնվում։ Ասում է՝ ամենաերկար ստեղծագործությունը իմ կյանքի  նովելն է։

«Ճակատագիր ասվածը շատ ճիշտ բան է։ Այս նովելը, որ ես գրում եմ, իրոք իմ կյանքն եմ ներկայացրել։ Իմ մայրը, որը ինձ թողել է, ներկայացրել եմ անձամբ իրեն։ Ինքն է ինձ լույս աշխարհ բերել, դա ավելի շատ իր կյանքն է։ Հետո իմն է գալիս։ Մտածեցի ստեղծագործությունս կոչեմ իմ կյանքը։ Բայց հետո որոշեցի մի հատ ճակատագրական անուն դնեմ։ Մի օր արթնացա ու արտասանեցի Մայա։ Հասկացա, որ իմ հեռուստանովելը կցանկանայի կոչել Մայա։  Իսկ  Մայան հենց իմ իսկական մայրն է։ Մինչև հիմա նայում եմ հեռուստանովելներ երազանքով, որ մի օր էլ իմ հեռուստանովելը կտեսնեմ էկրանին։ Ինչու երբ ես կարողանում եմ այսպես ստեղծագործել, այս ամենը չգիտեմ աղբամանը նետեմ, թե մի օր իրոք իրականություն կդառնա, իմ բաղձալի երազանքը»։

Իրինան ծնել է Բաքվում։ Հազիվ 3 օրական՝ նրան որդեգրել են։ Ծնողները տավուշեցի են եղել։ Հայրը Տավուշի մարզում Արմենպրեսի սեփական  թղթակիցն էր,  մայրը՝ ուսուցչուհի։  Ունի ծնողներից փոխանցված գրելու ձիրք, բայց չունի ընթերցողներ։

Իրինային և Գարեգինին կարելի է հանդիպել անօթևանների կացարանում։ էկրանից և երևակայական աշխարհից այն կողմ՝ իրականությունն է՝ հոգսառատ և անորոշ։

Իրինան առանց տանիք է մնացել որդու կուտակած պարտքերի պատճառով․

«Պատճառը բոլորովին էլ այն չէ, որ թմրամոլ կամ խաղամոլ է եղել, պարզապես սկսնակ վարորդ է եղել, օտար մարդկանց մեքենաները օրվա հացը վաստակելու համար անփույթ է վարել, ծախսեր են առաջացել,  արդյունքում կուտակվել են մեծ պարտքեր, ստիպված ենք եղել վաճառել ամբողջ եկամուտը։ 04։30..05։30 հայտնվեցինք բաց երկնքի տակ։ Ոստիկանության աշխատողները նկատեցին, որ ես քաղաքում եմ ամբողջ օրը, մոտեցան հարցրեցին ինչու չեք ցանկանում տուն գնալ, ես էլ պատասխանեցի՝ պիտի լինի, որ գնամ»։

Գարեգինն անօթևանների կացարանում մենակ չէ։ Մոր հետ են այստեղ ապաստան գտել։ Անօթևան են արդեն 25 տարի։

«Փոքրիկ բնակարան ենք ունեցել, վաճառել ենք, մի մասը տվել ենք եղբորս, մեզ քիչ մնաց, չկարողացանք տուն գնել։ 04։46  97 թվականից մինչև հիմա չենք կարողացել բնակարան գնել։ Բնակվում եմ Հանս Քրիստիան Կոֆոեդ, մայրիկիս հետ միասին։ Բախտի բերմամբ կամ պատահմամբ՝ այսպես է ստացվել, որ դերասան մարդ, հիմա ապրում է այնտեղ»։  

Անօթևանների կացարանը շատերի համար է տանիք դարձել։

«Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամը կացարանն ստեղծել է ընդամենը 100 անօթևանի համար, բայց հազարավոր  բնակիչների է ընդունել  ու ճանապարհել։ Շավարշ Խաչատրյանը դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի տնօրեն է։   Նա բազմաթիվ պատմություններ է լսել այն մասին, թե ինչպես են մարդիկ կորցրել տունն ու հայտնվել փողոցում․

«Մարդիկ կան, որ գնում են Ռուսաստան, տները վաճառում են, դեպորտ են անում, գալիս են, էլ տուն չունեն։ Մարդիկ կան, որ սոցիալական խնդիրներ են ունենում, տնից են հանում, երեխան ծնողին, ծնողը՝ երեխային։ Նաև ազատազրկվածներ են լինում, ունենք արտասահմանից շատ մարդիկ, Գվինեայից սևամորթ մի երիտասարդ ունենք»։

Կացարանի բնակիչները այստեղ են եկել տարբեր ճանապարհներով․ կան, որ հարևաններն են ահազանգել, կան, որ իրենք են որոշել գալ։ Շատերին էլ հիմնադրամի շրջիկ մեքենաներն են հայտնաբերել․

«Անօթևանների կացարանում չեն կարող բնակվել այն քաղաքացիները, որոնք հոգեկան առողջության խնդիրներ ունեն, տուբերկուլյոզ, մաշկային հիվանդություններ  կամ արբեցող են։ Աշխատանքը բավականին բարդ է։ 100 տարբեր մարդիկ, տարբեր ընտանիքներից, տարբեր բնավորությամբ»։

Կացարանը մինչև օրս շուրջ 1300 շահառու է ունեցել։  Այստեղ, թեկուզ ժամանակավոր, բայց մեծ ընտանիքի նման են ապրում։ Ցանկացողները կարող են  սովորել վարսահարդարում, խոհարարություն, կար ու ձև։ Պայմանները, գուցե, գերժամանակակից չեն, բայց  բնակիչները գոհ են, որ ունեն զբաղվելու ու մասնագիտական հմտություններ ձեռք բերելու հնարավորություն։

Անօթևանների կացարանը առաջիկայում վերանորոգվելու, փոխվելու է։  Բարերարների աջակցությամբ շենքը կբարեկարգվի, թեպետ հայտնի է՝ լավագույն պայմաններն անգամ չեն կարող փոխարինել ընտանեկան ջերմությանը։

Դա լավ գիտի նաև հիմնադրամի թիմը, դրա համար էլ կացարանում երեք ամիս անցկացրած բնակիչներին փորձում են  հաշտեցնել ընտանիքների հետ։

Երբեմն ստացվում է։

Ցուցադրել ավելի
Back to top button