Սփյուռքի ձայնը

Անկախ պետականությունը ցեղասպանության չկրկնման երաշխիքն է․ «Սփյուռքի ձայնը»

Սփյուռքում և Հայաստանում ազգային գիտակցության ձևավորումը միայն կարող է անկախության պահպանման գրավական դառնալ, ասում է պոլսահայ լրագրող, «Ակօս» շաբաթաթերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը՝ անդրադառնալով Հայաստանի Առաջին Հանրապետությանը և նրա անկմանը:

1918 թվականի մայիսի 28-ին Հայասատանն առաջին անգամ անկախություն ստացավ. հազարամյակների երազանք, որն իրականացվեց ազգային ու գաղափարական միտք ունեցող մարդկանց շնորհիվ: Այդ անկախությունը կարճ տևեց, մոտ երկու տարի, որի անկման պատճառները շատ էին. անհանդուրժողականություն, աշխարհաքաղաքական գործընթացներ ու ներքին իրադրություններ:

Հայաստանի Երրորդ Հանրապետությունն, որն այսօր բազմաթիվ լուրջ ու ճակատագրական խնդիրների առջև է կանգնած, ինչպիսի քաղաքականություն վարի՝ առաջինի ճակատագրին չարժանանալու համար: Անկախության գաղափարի, ձեռքբերումների ու կորուստների մասին Պոլսի «Ակոս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը նշում է. «Պետականության պահպանման կարևոր պայմաններից մեկը ազգային ու պետականության գաղափար ունենալն է թե՛ Սփյուռքում, թե՛ Հայաստանում»:

Էստուկյանի նախնիները, որոնք Պոլիս են տեղափոխել 20-ական թվականներին, Հայաստանի անկախացման մասին խոսել են անվստահությամբ: Ինքը՝ Բագրատ Էստուկյանը Հայաստան առաջին անգամ եկել է Խորհրդային Հայաստանի ժամանակաշրջանում, նշում է, որ առաջին հանրապետությունը երկար կյանք չունեցավ գերտերությունների ու նաև սեփական ժողովրդի վարած քաղաքականության պատճառով:

«Այսօր ունենք երրորդ հանրապետությունը, որն իր հետ բերեց ժողովրդավարությանը հատուկ, բայց հաճախ վնասակար երևույթներ: Խորհրդային Հայաստան այցելության ժամանակ տեսա ռուսական մեքենաներ, բայց ոչ մի քաղցած հայի, երրորդ հանրապետությունում վերջին սերնդի մեքենաների առատություն է, բայց քաղցածների թիվը մեծ է: Նման բևեռացումը չվերացնելու և ազգային ու պետական դիրքորոշում և մտածողություն չունենալու հետևանքով, առաջին հանրապետության ճակատագիրը կարող է կրկնվել»,- ցավով նշում է պոլսահայ լրագրողը:

Ու որպեսզի հաջողենք, Էստուկյանը կարևոր է համարում անկախ պետություն ունենալու համար սեփական ուժերի հանդեպ վստահությունը և հավատը: «Լինելով փոքրաթիվ պետություն՝ հնարավոր է համոզել ու դիրքորոշում ստեղծել գերտերությունների շրջանում՝ ի պաշտպանություն անկախության ու ինքնորոշման»,- ասում է նա։

«Ակօսի» խմբագիրը նաև ավեացնում է. եթե Հայաստանի առաջին հանրապետությունը հռչակվեր ոչ թե 1918-ին, այլ 1913-թ․-ին կամ 14-թ-ին, 1915-թ․-ի ցեղասպանությունը չէր լինի:
Մանրամասներ զրույցի ընթացքում։

Ցուցադրել ավելի
Back to top button